
Համայնքի բնակիչներն Աղվերանի անտառներում մարմարի հանքի շահագործմանը դեմ չեն, շահագործողը խոստանում է ծառեր չհատել
Արզականի բնակիչները երեկ կայացած հանրային երկրորդ լսումներին համաձայնություն են տվել Աղվերանի անտառներում մարմարի հանքի շահագործմանը: Այս մասին մեզ հայտնեց Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Աղվերանի մարմարի հանքավայրի հարավ-արևելյան տեղամասում հանքարդյունաբական աշխատանքներ է նախատեսում «Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ն: Ընկերությունն արդեն Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել հանքավայրի շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտը։ Հանրային երկրորդ քննարկումն է ավարտվել:
Նույն հանքավայրի կենտրոնական տեղամասը խորհրդային տարիներին շահագործել է «Հայմարմար» կոմբինատի Նուռնուսի քարամշակման գործարանը։ Տեղամասը 1983թ․-ին կոնսերվացվել է։ Սակայն պաշարներ են մնացել։ Ըստ ընկերության ներկայացրած նախագծի՝ այդ պաշարները կազմում են 1277 հազար քմ։
Հայցվող՝ հարավ-արևելյան տեղամասը հարում է կենտրոնական տեղամասին։ 2011թ․ հարավ-արևելյան տեղամասի պաշարները հաստատվել են և կազմել են 78,2 հազար քմ։ Նախագծվող տարածքը գտնվում է անտառային հողերում։ Այն, համաձայն նախագծի, շուրջ 0,54 հա մակերեսով տարածքի վրա է։
Սակայն հանքավայրը շահագործող ընկերության սեփականատեր Էդգար Պետրոսյանը պնդում է, որ իր նախատեսած տեղամասում ծառեր չկան, և ինքը որևէ կերպ չի վնասելու շրջակա միջավայրը:
Էդգար Պետրոսյանի հետ այցելեցինք Աղվերանի անտառների այն հատվածը, որտեղ, եթե բոլոր թույլտվությունները տրամադրվեն, պետք է մարմար արդյունահանվի: Այնտեղ ծանր տեխնիկա կար, որը, ըստ սեփականատիրոջ, մնացել է 2011 թվականի երկրաբանական ուսումնասիրություններից ի վեր:
Էդգար Պետրոսյանը վստահեցնում է, որ այդ տարածքում որևէ վնասակար կամ շրջակա միջավայրն աղտոտող գործունեություն չի իրականացվելու, որևէ ծառ չի հատվելու:
Թե քանի տարով է ցանկանում մարմար արդյունահանել տարածքից, Էդգար Պետրոսյանը դժվարանում է ասել, պատճառաբանում է, որ «Հայանտառ»-ի թույլտվությունից է կախված:
Բացի դրանից, իր աշխատանքի հետ է կապված: «Կարող է տարեկան, ասենք, 500 խմ եմ վաճառում, պահանջարկն էդքան է, 100 տարի կարող է տևի արդյունահանումը, եթե 1000 խմ հանեմ` 10 տարի»,- նշեց Էդգար Պետրոսյանը:
Նա արդեն տեղյակ էր, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր դրական եզրակացությունը տվել է տարածքի շահագործման համար:
Տեսանկարահանումը՝ Սարո Բաղդասարյանի
Լուսանկարները՝ Տիրայր Մուրադյանի
Մեկնաբանել