
Պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021թ, դեկտեմբերի 31-ը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 3 պատգամավորներ` Մերի Գալստյանը, Վարազդատ Կարապետյանը և ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ և փոփոխություննեեր կատարելու նախագիծ են ներկայացրել:
Պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նախքան վերոնշյալ ժամկետի ավարտը լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության, ռազմավարությունից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխությունների և դրանով պայմանավորված ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման նպատակով: Սրանով «Ընդերքի մասին» օրենսգրքի 80-րդ հոդվածում ավելանալու է 11-րդ կետ:
Պատգամավորները փոփոխության հիմնավորման մեջ նշել են, որ «Ընդերքի մասին» գործող օրենսգրքում խաթարված է իրավակարգավորման տրամաբանական համակարգվածությունը: Օրենսգիրքն իրենից պետք է ներկայացնի իրավահարաբերությունների հաջորդական և տրամաբանական իրավական կարգավորման համակարգ, մինչդեռ օրենսգրքի ներկայիս խմբագրությունն ընդամենը իրավական նորմերի համախումբ է:
«Գործող օրենսգիրքը չի նպաստում ընդերքօգտագործման ոլորտի իրավական կարգավորման կատարելագործմանը, ընդերքօգտագործման ոլորտում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման եւ ոլորտի կանխատեսելիության ապահովմանը: Օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ օրենսդրական բացեր, դրանով ընդլայնվել է վարչական մարմինների հայեցողության շրջանակները, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոլորտում կոռուպցիայի առկայության համար»,- նշում են նախագծի հեղինակները:
Նրանք ավելացնում են, որ վերոնշյալ և նմանատիպ այլ գործոնների արդյունքում հարցականի տակ է դրվում պետության ռազմավարական ռեսուրսի՝ ընդերքի սպառման և օգտագործման՝ պետության եւ քաղաքացու համար օգտավետության և արդյունավետության հարցը:
Վերոնշյալ գործիքների բացակայությունը խաթարում է Սահմանադրության 12-րդ հոդվածի 1-ին ենթակետը. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջև»:
Վերը նշված պատճառներով, ըստ պատգամավորների, ներկայումս օրակարգային խնդիր է ընդերքօգտագործման ոլորտի զարգացման նոր ռազմավարության հաստատումը, որով կնախանշվեն այս ոլորտի օրենսդրական բարեփոխումների իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծման նոր և համակարգված ուղենիշները, ինչպես նաև պետության կողմից իր ռազմավարական ռեսուրսի օգտագործման եւ կառավարման հիմնական ուղղություններն ու սկզբունքները՝ համահունչ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի, ՀՀ ներպետական օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակի:
«Միեւնույն ժամանակ, նշված նպատակների իրագործումն աշխատատար երկարատև գործընթաց է, մինչդեռ ներկայիս անկատար օրենսդրական կարգավորումների և սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների պայմաններում շարունակում են տրվել ընդերքօգտագործման նոր թույլտվություններ, որոնք առաջացնում են նորանոր էկոլոգիական, իրավական, տնտեսական, անվտանգային և այլ խնդիրներ: Հետևաբար, սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է, առաջին հերթին, սահմանել որոշակի մորատորիում՝ նոր ընդերքօգտագործման թույլտվությունների ժամանակավոր արգելքի տեսքով: Նշված մորատորիումը հնարավորություն կտա առավել կառուցողական եւ հանգիստ պայմաններում ձեռնամուխ լինել վերը նշված օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացմանը՝ այդ ընթացքում չառաջացնելով նոր թույլտվությունների հետ կապված լրացուցիչ խնդիրներ»,- նշված է փոփոխությունների հիմնավորման մեջ:
Առաջարկվող հաջորդ փոփոխությունը միտված է օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը: Օրենսգրքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի ներկայիս խմբագրության համաձայն ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները:
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ մի քանի սահմանափակ թվով դեպքերի: Այս երկու իրավանորմերը հնարավորություն են տալիս անբարեխիղճ տնտեսվարողներին արհեստականորեն երկարաձգել ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման գործընթացը, քանի որ դրա համար անհրաժեշտ է ընդամենը հայց ներկայացնել դատարան, որից հետո օրենքի ուժով տեղի է ունենում ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին վարչական ակտի գործողության կասեցում եւ դատավարության ողջ ընթացքում, որը միջինում տեւում է 2-3 տարի, ընդերքօգտագործողը կարող է շարունակել ընդերքօգտագործման աշխատանքների իրականացումը: Մինչդեռ, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում շատ հաճախ առկա է լինում օպերատիվ միջամտության անհրաժեշտություն, քանի որ այս ոլորտի պարագայում որոշ դեպքերում գործ ունենք էկոլոգիական ռիսկերի, մարդկանց կյանքի եւ առողջության համար անդառնալի հետեւանքների առաջացման հնարավորություն ունեցող գործունեության հետ: Այս կապակցությամբ օրենսդրական այս փաթեթով առաջարկվում է լրացում և փոփոխություն կատարել նաեւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում:
Օրինագծի անցումային դրույթներով պայմաններ են ստեղծվում օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում մետաղական ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման գործընթացին հստակություն և հրապարակայնություն հաղորդելու համար: Ըստ հանրամատչելի աղբյուրների՝ ներկայումս, օրինակ, տրամադրված է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման շուրջ երեք տասնյակ թույլտվություն: Մինչդեռ, կրկին ըստ հանրամատչելի աղբյուրներում առկա տեղեկատվության, նման թույլտվություն ունեցող ընկերությունների մոտ 1/3-ն է իրականացնում փաստացի գործունեություն, իսկ մյուսները, եթե փաստացի գործունեություն չեն իրականացնում, ապա օրենսդրությունը դրա հետ կապում է կոնկրետ իրավական հետեւանքներ ի դեմս ՇՄԱԳ փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու և ընդերքօգտագործողին գրավոր զգուշացում տալու եւ այնուհետեւ ընդերքօգագործման իրավունքը դադարեցնելու: Նման պայմաններում անցումային դրույթներում առաջարկվող կարգավորումները միտված են այս գործընթացը հանրության համար տեսանելի եւ ընկալելի դարձնելուն:
Մեկնաբանել