
Պայքար «կարմիր գծերի» համար. վարորդներն ընդդեմ առևտրի շարժական տաղավարների
Երեւան քաղաքում ավտոմեքենաների կայանման կարմիր գծերում տեղերի սակավությունը լուրջ գլխացավանք է վարորդների համար: «Համապատասխան գումարը վճարում ես, բայց ժամերով տեղ ես փնտրում»,- ասում է վարորդ Միքայել Սարգսյանը:
Վերջին ամիսներին այդ խնդիրն է´լ ավելի է բարդացել կարմիր գծերի վրա տեղակայված առեւտրի շարժական ավտոբուս-սրճարանների կամ տաղավարների պատճառով, որոնց թիվը մեծ է հատկապես փոքր կենտրոնում: «Շաբաթներով կանգնում, առեւտուր են անում, իսկ մենք ամեն անգամ գործից ուշանում ենք տեղ չլինելու պատճառով»,- բողոքում է Արթուր Ավագյանը:
Վարորդները նշում են, որ նման ավտոբուսները, տաղավարները, որտեղ սուրճ եւ արագ սնունդ են վաճառում, գնալով շատանում են եւ խանգարում երթեւեկությանը: «Սկզբում նորմալ էր ամեն բան, մենք էլ ենք օգտվել էդ ավտոբուսներից։ Բայց դրանց պատճառով միշտ խցանման մեջ եմ ընկնում: Էս հարցով դիմել ենք «Վարորդի ընկեր» կազմակերպությանը»,- ասում է վարորդ Արսեն Մովսիսյանը:
Մեզ հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ հենց այս հարցով բազմաթիվ բողոքներ են ստանում: «Մենք փորձել ենք քայլեր ձեռնարկել՝ մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան: Քաղաքապետարանը փորձել է սահմանազատել, ազատել կարմիր գծերը, բայց օրենքով դեռեւս ոչ մի բան չեն կարողանում անել»,- ասում է Տ. Քեյանը:
Տաղավարներից մեկի պատասխանատուն, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ կայանման համապատասխան գումարը վճարել է ու խնդիր չի տեսնում. «Մենք օրենքին հակառակ որևէ բան չենք արել: Օրենքը չի արգելում նման տաղավարների գործունեությունը»։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը նշեց, որ օրենքը չի արգելում նման ավտոբուս-տաղավարների կայանումը կամ գործունեությունը, որքան էլ, իր խոսքով, դա զարմանալի է: «Ներկա պահին մենք նախաձեռնել ենք օրենսդրական բարեփոխումների փաթեթ։ Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով»,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Տարոն Գեւորգյանի խոսքով` կան կազմակերպություններ, որոնք վճարում են համապատասխան գումարն ու իրենց տեղերը հետո վաճառում են, օրենքով դա ևս չի արգելվում:
Տ. Գևորգյանը, սակայն, դժվարացավ կոնկրետ ժամկետ նշել, թե երբ օրենսդրական փոփոխությունը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը:
Էլենիտա Սարգսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
3-րդ կուրս
Մեկնաբանել