HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տնտեսական աճը չի հանգեցնում տնտեսության որակական փոփոխությունների»

Հարցազրույց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի պրոռեկտոր էդվարդ Սանդոյանի հետ

- Ձեր գնահատմամբ, հաջո՞ղ ընթացք ունեն, արդյոք, Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, ճի՞շտ են ընտրված դրանց ուղղությունները:

- Մեզանում դեռեւս լիարժեք գիտակցված չեն այն մարտահրավերները, որոնք ձեւավորվում են աշխարհում եւ Հայաստանի շուրջը տեղի ունեցող տնտեսական գործընթացներով: Գիտակցված չէ Հայաստանի տեղն այդ գործընթացներում' երկրի տնտեսական մրցունակության ապահովման տեսանկյունից: Եվ, ամենակարեւորը, գիտակցված չէ, թե ի՞նչ ենք արել եւ ի՞նչ ենք անելու տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման առումով, ո՞րն է այդտեղ մեր ռազմավարությունը:

Նշված ուղղություններով գործընթացները մեզանում տարերային բնույթ են կրում, ինչի պատճառով հետագայում էլ առաջանալու են այնպիսի հարցեր, որոնց պատասխանների մեջ մենք միշտ կխճճվենք:

Կառավարման տեսությունը հուշում է, որ մենք պետք է ընտրենք նպատակ, ձգտենք հասնել դրան, որից հետո մշտական մոնիտորինգ իրականացնենք' հասկանալու համար, թե ճի՞շտ ուղղությամբ ենք գնում, գործընթացի ո՞ր տարրերն է անհրաժեշտ բարելավել կամ վերանայել: Մենք չունենք մշակված, քննարկված եւ վավերացումով ձեւակերպված նման համակարգ: Մեր ունեցած ռազմավարական փաստաթղթերն Աղքատության հաղթահարման ռազմավարական ու ՀՀ կառավարության ծախսերի միջնաժամկետ ծրագրերն են, որոնք ընդունված են ձեւի համար, քանի որ տնտեսական գործընթացները շրջանցում են այդ փաստաթղթերով նախանշված գերակայությունները կամ ուղենիշները:

Ո՞րն է նման իրավիճակի պատճառը: Բանն այն է, որ ինչպես անցումային տնտեսություն ունեցող շատ երկրներում, Հայաստանում եւս վերացել են նախկինում գոյություն ունեցող ինստիտուտները, սակայն շուկայական տնտեսությանը բնորոշ ինստիտուտներ չեն ստեղծվել: Շատ ինստիտուտներ ընդհանրապես չեն ստեղծվել, շատերը ձեւական բնույթ են կրում, ինչի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը մնում է խիստ անարդյունավետ: Ցավոք, տնտեսության ինստիտուցիոնալ զարգացմանը, տնտեսական քաղաքականությամբ զբաղվող կառույցներում կադրային ռեսուրսների կենտրոնացմանը չի նպաստում նաեւ քաղաքական դաշտը:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկայիս մակրոտնտեսական իրավիճակը եւ գործարար միջավայրը, ի՞նչ մարտահրավերներ են պարունակում դրանք:

- Տնտեսական աճի, սղաճի ցուցանիշները տնտեսական կայունության պայմաններում, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի, օտարերկրյա ներդրումների ծավալների, գործազրկության նվազման, աղքատության, արտաքին պարտքի, բյուջետային բալանսավորվածության ցուցանիշները, կարծես, իդեալական են, մանավանդ եթե համեմատենք անցումային տնտեսությամբ այլ երկրների ցուցանիշների հետ: Այս ամենը պետք է որ հիմքեր տա ենթադրելու, որ մոտ ապագայում եւս մենք չենք ունենա ետընթացի ձեւով մեծ անակնկալներ: Սակայն այնքան էլ այդպես չէ, քանի որ նախ՝ Հայաստանը շարունակում է մնալ աղքատ երկիր, կա հսկայական բեւեռացում աղքատ եւ հարուստ խավերի եկամուտների միջեւ (æինի գործակիցը), եւ այն շարունակում է մեծանալ. այստեղ մենք ունենք ամենավատ ցուցանիշներից մեկը անցումային տնտեսությամբ երկրներից շատերի համեմատ: Ասել է թե' տնտեսական աճը չի բերում տնտեսության որակական փոփոխությունների:

Բացի տնտեսական մրցակցության խնդիրներից, Հայաստանն ունի նաեւ քաղաքական մրցակցության խնդիրներ, որոնց դիտարկման ժամանակ չի կարելի ֆետիշացնել ադրբեջանական նավթի գործոնը, քանի որ Ադրբեջանը շատ ավելի կոռումպացված տնտեսություն ունի եւ շատ ավելի վատ աշխատող' կոռումպացված ինստիտուցիոնալ համակարգեր: Միաժամանակ նշեմ, որ Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատ վերջին տարիներին Հայաստանում տեղի են ունեցել շատ ավելի դրական տնտեսական ինստիտուցիոնալ զարգացումներ:

Ադրբեջանը տնտեսական զարգացման համար օգտագործում է իր նավթային ռեսուրսները, իսկ Վրաստանը' իր խողովակաշարային եւ տրանսպորտային տարանցման ենթակառուցվածքների ռեսուրսները: Ըստ էության, շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար ռեսուրս է տնտեսապես ակտիվ Սփյուռքի առկայությունը: Եվ եթե մենք կարողանանք ստեղծել տնտեսության զարգացման այնպիսի մոդել, որով կհաջողենք լիարժեք օգտագործել Սփյուռքի գործոնը, ապա Հայաստանը կլինի շատ ավելի հզոր եւ տարածաշրջանի երկրների համեմատ մրցունակ: Բացի այդ, Հայաստանը պետք է ետ չմնա գլոբալացման նոր պայմաններում աշխատանքի բաժանման գործընթացներից, որտեղ առաջնային դեր են խաղում նոր պահանջարկ ծնող, բարձր տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման վրա հիմնված նոր արտադրությունները: Այս առումով մեզ չի կարող բավարարել տնտեսական զարգացման որակը, քանի որ, եթե վերլուծենք վերջին տարիների ներմուծման եւ արտահանման կառուցվածքը եւ դինամիկան, կտեսնենք, որ Հայաստանում նոր տնտեսություն գոյություն չունի: Այսօր անհրաժեշտ է դնել նոր տնտեսության հիմքերը, որոնք հետագայում արդյունքներ կտան: Մասնավորապես, իննովացիոն գործունեության զարգացմանը պետք է վերաբերվել շատ լուրջ' առայժմ գոնե ներգրավվելով միջազգային ծրագրերում, որպեսզի պահպանենք ոլորտի գիտական-կադրային ռեսուրսները: Նոր տնտեսության ստեղծման պահանջներին չի կարող բավարարել նաեւ ներկայիս կրթական համակարգը, որտեղ իրականացված բարեփոխումները չեն հանգեցրել համակարգի արդիականացման: Այդ պատճառով կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է չունենալ ոչ միայն տեղում նոր տեխնոլոգիաներ մշակող, այլեւ արտերկրից Հայաստան ներկրված նոր տեխնոլոգիաները սպասարկող կադրեր:

Խոսելով գործարար միջավայրի մասին' պետք է ասեմ, որ Հայաստանը չկարողացավ արագ իրականացնել տնտեսության շուկայական ինստիտուտների եւ «գրված օրենքների» անվերապահ կատարման (contract inforcement) համակարգի ձեւավորումը, ինչպես դա արվեց մերձբալթյան երկրներում: Հայաստանում առաջացան տնտեսական ոչ ֆորմալ ինստիտուտներ, քանի որ այստեղ ոչ ֆորմալ դաշտում գործելու դեպքում գործարարի տրանզակցիոն ծախքերը փոքր են:

Ներկայումս տեղի է ունենում ոչ ֆորմալ ինստիտուտների ֆորմալացում, այսինքն' օրենսդրության մեջ ներմուծվում են այնպիսի տարրեր, որոնք ամրապնդում են ոչ ֆորմալ հարաբերությունները: Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում դրանց ամրապնդման պատճառով ներկայումս տեղի է ունենում ոչ թե հողօգտագործման ռեսուրսների կոոպերացիա, այլ հողի սեփականության կոնցենտրացիա, ինչը տանում է նեոֆեոդալիզմի: Դա ավելի վտանգավոր է, քան արդյունաբերության մոնոպոլացումը, քանի որ գյուղացիները զրկվում են հողից, իսկ դա է՛լ ավելի է խորացնում գործազրկությունը, եկամուտների բեւեռացումը եւ սոցիալական լարվածությունը:

Պետության կողմից մրցակցային դաշտ ապահովելու դեպքում, դոլարի նկատմամբ դրամի շարունակական արժեւորման պայմաններում ներմուծվող ապրանքների գները պետք է էժանանային, սակայն դա տեղի չի ունենում: Այս պարագայում խիստ հոռետեսության տրվելու կարիք չկա, քանի որ տնտեսության մոնոպոլացման եւ օլիգարխացման գործընթացներ տեղի են ունեցել բոլոր այն երկրներում, որտեղ չեն հասցրել իրականացնել արագ եւ արդյունավետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ:

- 2004թ.-ի համեմատ դոլարը դրամի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 20%-ով: Ձեր գնահատմամբ, ի՞նչ դրական եւ բացասական ազդեցություն է թողնում սա Հայաստանի տնտեսության վրա:

- ՀՀ բանկային համակարգում ավանդադրված ընդհանուր ժամկետային խնայողությունների (դեպոզիտների) 65%- ը եւ բնակչության ավանդադրված խնայողությունների 85%- ը դոլարային է, եւ բնական է, որ այդ ավանդատուները տուժել են: Միայն վերջին երկու տարիներին է, որ բնակչության դոլարային դեպոզիտների ցուցանիշը 87%-ից հասել է 85% : Տուժեցին նաեւ արտահանող բիզնեսները, ինչպես նաեւ՝ արտերկրից մասնավոր տրանսֆերտներ ստացողները, որոնց բաժինը բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ կազմում է 40-60% , իսկ ստացած ընդհանուր գումարները 2005թ.-ին' 1 միլիարդ դոլարից ավելի: Մյուս կողմից, դրամի արժեւորումը Հայաստանից հեռու է պահում այն օտարերկրյա ներդրողներին, որոնք կցանկանային երկրում հիմնել արտահանմանը միտված արտադրություններ:

Այնուամենայնիվ, ես չէի ցանկանա շատ խորանալ դրամի արժեւորման սոցիալական կամ տնտեսական հետեւանքների մեջ առանց դրա պատճառների մասին խոսելու: Գտնում եմ, որ արժեւորումը, որտեղ իր դերն է ունեցել արտերկրից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների մեծ ծավալը, փոխանակման կետերի գործունեության, սպեկուլյատիվ գործարքների կամ գոնե սպասումների արդյունք է: Հայաստանում կա մեծ ծավալի ստվերային տնտեսություն, չի բացառվում, որ երկիր են մտնում նաեւ արտերկրի ոչ օրինական ճանապարհով ստացված արտարժութային միջոցներ, որոնց փոխարժեքը ձեւավորվում է ոչ թե արտարժույթի շուկայում, այլ փողոցում: Այդ իսկ պատճառով, արտարժույթի փոխանակման գործառնությունները պետք է տեղափոխվեն բանկային համակարգ, պետք է բանկերին թույլ տրվի բացել գործառնական գրասենյակներ եւ կետեր, որոնք կզբաղվեն արտարժույթի փոխանակմամբ: Այդպես է աշխարհի երկրների մեծ մասում, եւ դա է արտարժույթի շուկան թափանցիկ դարձնելու միակ ճանապարհը:

- Ֆինանսական շուկայի բոլոր հատվածների կարգավորման գործառույթը փոխանցվեց ՀՀ Կենտրոնական բանկին, ԿԲ-ն անցավ գնաճի նպատակադրման քաղաքականությանը. ի՞նչ դրական բան կա այս փոփոխությունների արդյունքում:

- Կենտրոնական բանկը վաղուց՝ դեռ հինգ-վեց տարի առաջ, պետք է անցներ գնաճի նպատակադրման քաղաքականությանը: ԿԲ-ի կողմից դեռ 1994-ից վարվող դրամական բազայի նպատակադրման քաղաքականությունը սաղմնավորվող ֆինանսական շուկայի պայմաններում կայունություն պահպանելու միակ տարբերակն էր' ներքաշման, ինտերվենցիաների, լոմբարդային եւ ռեպո գործարքների միջոցով: Երբ արդեն 1999-ից հիմնականում ձեւավորվել էր բանկային համակարգը, կարգավորվել էր սղաճն այնպես, որ սկսեցին արձանագրվել դեֆլյացիայի երեւույթներ, հենց այդ ժամանակ ԿԲ-ն պետք է փորձեր կուտակել բարձր իրացվելի, ոչ ռիսկային արժեթղթեր' իրականացնելով Ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված քաղաքականություն: Այն ժամանակ շրջանառվող միակ արժեթղթերը պետական պարտատոմսերն էին, որոնց բավարար քանակության դեպքում ԿԲ-ն երկրորդային շուկայից կարող էր ձեռք բերել անհրաժեշտ ծավալի պարտատոմսեր, որոնք կարող էր կիրառել բաց շուկայական գործառնություններ իրականացնելու եւ դրանցով փոխարժեքի վրա ազդելու համար: Գնաճի նպատակադրման քաղաքականությանն անցում կատարելու պահին նա արդեն պետք է իր պորտֆելում ունենար բավարար ծավալի պարտատոմսեր եւ կառավարության հետ միասին ձեւավորեր կապիտալի շուկա' խթանելով բորսայի, կապիտալի շուկայի մասնակիցների եւ ըստ ժամկետայնության տարբեր գործիքների ձեւավորումը: Միաժամանակ պետք է ստեղծվեին «երկար փողերի արտադրության» ֆունկցիոնալ' ոչ պետական կենսաթոշակային ապահովության, հիփոթեքային վարկավորման, ապահովագրական ինստիտուտներ, որոնց միջոցով քաղաքացիները գումարներ կուղղեին իրենց երկարաժամկետ ապագայի կարիքները բավարարելու նպատակին: Իսկ այժմ, հենց շուկա են մտնում սպասվածից ավելի մեծ գումարով միջոցներ, դրանք միանգամից հայտնվում են սպառողական շուկայում' առաջացնելով գնաճային սպասումներ եւ ռիսկեր: Այնինչ, դրանց մի մասը կարող էր մտնել հետաձգված պահանջարկի դաշտ:

Այնպես որ, այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ Հայաստանի տնտեսությունը սկսելու է արագ աճել, նույնքան պարզ էր, որ դրամական շուկայում տատանումների ռիսկերը մեծանալու են եւ բացասաբար անդրադառնալու տնտեսության, հատկապես արտահանման վրա: Մինչդեռ այսօր ԿԲ-ն չունի համապատասխան գործիքներ, որպեսզի համահարթեցնի, մասնավորապես, փոխարժեքի տատանումների ազդեցությունները:

Ինչ վերաբերում է ֆինանսական շուկայի ինստիտուցիոնալ մասնակիցների գործունեության կոնսոլիդացված կարգավորման եւ վերահսկողության ինստիտուտի փոխանցմանը ԿԲ-ին, ապա դա անհրաժեշտ քայլ էր, քանի որ ֆինանսական գործունեության տարբեր տեսակներով զբաղվողները ներթափանցում են միմյանց շուկաներ, ինչը դժվարացնում է ռիսկերի տարանջատումը: Շատ երկրներում են գործում կարգավորման եւ վերահսկողության նման ինստիտուտներ, եւ այդպիսի երկրների թիվը տարեցտարի մեծանում է, սակայն բոլոր երկրներում այդ կարգավորող կառույցները գործում են կառավարություններից եւ կենտրոնական բանկերից անկախ:

Երբ ֆինանսական շուկայում առաջանան խնդիրներ, ՀՀ ԿԲ-ն ստիպված կլինի զբաղվել դրանցով' թողնելով իր հիմնական՝ դրամավարկային քաղաքականության խնդիրները: Սակայն ԿԲ-ին նաեւ ֆինանսական շուկայի կարգավորողի եւ վերահսկողի գործառույթ վերապահելն այընտրանք չուներ, քանի որ Հայաստանում իրապես շուկայական գաղափարախոսությամբ առաջնորդվող միակ ինստիտուտը ԿԲ-ն է: Եթե այնտեղ գիտակցում են, որ ֆինանսական շուկայի կարգավորման ենթակառույցը զարգացման անհրաժեշտ մակարդակի հասնելուց հետո պետք է առանձնանա, ուրեմն կարելի է հանգիստ լինել:

Հարցազրույցը՝ Ս. Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter