
«Ֆեյսբուք»-ում անկախ մարմին կստեղծվի օգտատերերի բողոքներն ուսումնասիրելու համար
Փորձագետների խումբը կուսումնասիրի «Ֆեյսբուք»-ում նյութերի անտեղի հեռացման մասին օգտատերերի բողոքոները: Ստեղծվող անկախ մարմնի որոշումները պարտադիր կլինեն կատարման համար, չնայած հեռացված նյութերը կարող են չվերականգնվել, եթե դա խախտի օրենքը: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով «Ֆեյսբուք»-ի տարածած հաղորդագրությանը:
Սոցցանցը նախատեսում է այդ մարմնում ներգրավել 40 փորձագետի: Խմբի առաջին անդամների անունները հայտնի կդառնան մինչև 2019թ. ավարտը: Յուրաքանչյուր բողոք կուսումնասիրի 5 փորձագետից բաղկացած խումբը: Փորձագիտական խմբի որոշումները պետք է պարտադիր կատարվեն և ուժի մեջ մտնեն հնարավորինս սեղմ ժամկետում:
«Ֆեյսբուք»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նմանատիպ մարմին ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր 2018-ի տարեվերջին: Սպասվում է, որ այն իր գործունեությունը կսկսի 2020 թվականի սկզբում:
«Ֆեյսբուք»-ն իր գործունեության 15 տարիների ընթացքում բազմիցս դարձել է քննադատությունների կամ իշխանությունների հետաքրքրության օբյեկտ: Սոցցանցի շուրջ ծագած ամենամեծ սկանդալներից մեկը տեղի ունեցավ 2018թ. մարտին, երբ հայտնի դարձավ տասնյակ միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի մասին: Cambridge Analytica ընկերությունը անօրինական կերպով հավաքել էր օգտատերերի անձնական տվյալները և փոխանցել երրորդ անձանց՝ քաղաքական նախասիրությունների վերլուծություն կատարելու համար: Cambridge Analytica-ի մշակած ալգորիթմը թույլ էր տալիս քաղաքական գովազդներ ուղարկել օգտատերերին՝ 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում նրանց ձայների վրա ազդեցություն ունենալու մտադրությամբ։
Երկու շաբաթ առաջ էլ հայտնի դարձավ սոցցանցի 420 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարների տվյալների բազայի ստեղծման մասին:
Մեկնաբանել