
Բջջային հավելվածով երթևեկության կանոնների խախտման մասին հաղորդում տալու նախագիծը վիճաբանության առիթ դարձավ խորհրդարանում
Յոթերորդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանում քննարկվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած նախագիծը:
Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանի կարծիքով՝ «թավշյա հեղափոխությունից» հետո քաղաքացիները ավելի քան երբևէ պատրաստ են համագործակցել իրավապահ մարմինների հետ և ըստ նրա՝ այս նախագիծն էլ առաջացել է բազմաթիվ քաղաքացիների ցանկությամբ:
«Այս նախագծով հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանություն: Տեսանյութը արձանագրած քաղաքացու տվյալները գաղտի են լինելու: Տեսանյութը ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարություն չունի»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորի խոսքով՝ նախագծում շեշտը դրվել է խախտումը օնլայն ռեժիմով փոխանցելու վրա, քանի որ այդ եղանակով փոխանցելու դեպքում վարչական մարմինը մի շարք հարցերի հստակ պատասխան կարող է տալ, օրինակ՝ իրավախախտման տեղը և ժամանակը:
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման փաստերը փոխանցելու համար կստեղծվի բջջային հավելված, որի համար ըստ Սիսակ Գաբրիելյանի՝ նախատեսված է 30-50 միլիոն դրամ՝ կախված հավելվածի ֆունկցիոնալությունից: Պատգամավորը շեշտեց, որ նախագիծը միայն պատժող գործառույթ չի ունենալու, քանի որ վթար նկարահանելու դեպքում GPS-ի միջոցով միանգամից հայտնի կդառնա դեպքի վայրը, ինչն էլ հնարավորություն կտա շտապ օգնության կամ փրկարար ծառայության մեքենաներին արագորեն մոտենալ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանը, ի տարբերություն նախագծի վերաբերյալ հնչած դրական կարծիքների, բացասական արտահայտվեց նախագծի մասին:
«Հետաքրքիր է, թե ինչի ենք մենք ընկել վարորդների հետևից: Մի հատ բալային համակարգ, խախտում արեց բալ ենք հանում, բացի բալ հանելը տուգանում ենք, հիմա էլ ասում ենք վերցրեք հեռախոսներն ու ընկեք վարորդների հետևից»,- նշեց ԲՀԿ պատգամավորը:
Արթուր Գևորգյանը Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեց՝ օրինակ՝ եթե վարորդը մեքենան մոտ մեկ ժամ կայանել է հետիոտնային անցման վրա, և տարբեր ժամերի տարբեր քաղաքացիներ տեսանկարահանեցին և ուղարկեցին օպերատիվ կառավարման կենտրոն, ապա դրանք ինչպես են տարանջատվելու միմյանցից: Արձագանքելով ԲՀԿ պատգամավորի հարցին՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց.
«Ոստիկանությունում աշխատում են պրոֆեսիոնալ մարդիկ և հնարավոր չէ նույն խախտման համար երկու ակտավորում լինի: Այնտեղ աշխատում են օրենքը կարդացած մարդիկ և հասկանում են, որ մեկ խախտման համար տուգանում են մեկ անգամ»- ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Նախագծին դեմ արտահայտվեցին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Արթուր Դալլաքյանը: Վերջինիս ելույթի ժամանակ դահլիճից արձագանք լսվեց, իսկ ելույթի ավարտից հետո նաև կարճ ծափահարություն, ինչը վրդովվեցրեց Դալլաքյանին և վիճաբանություն սկսվեց: Ի վերջո Բաբկեն Թունյանի ուղեկցությամբ Արթուր Դալլաքյանը լքեց նիստերի դահլիճը:
Ելույթ ունեցավ նաև նախագծի համահեղինակ Արմեն Փամբուխչյանը. «Ես համահեղինակ եմ այս նախագծի նրա համար, որովհետև պատգամավոր լինելով՝ պետք է տեսնեմ, թե որն է օրինական, որն է ի նպաստ օրենքի, ինչը օգուտ կտա երկրին, այլ ոչ թե նստեմ մտածեմ, թե որոշ մշակույթ կրող մարդկանց դա դուր կգա, թե չէ: Կարծում եմ՝ եթե ես սկսեմ մտածել, որ իմ այս կամ այն արարքը գործ տալու մշակույթի մեջ է տեղավորվում, ապա ես միաժամանակ պետք է սկսեմ չընդունել ոչ ոստիկանությունը, ոչ այլ իրավապահ մարմիններին: Այդ պահից կդադարեմ լինել Ազգային ժողովի պատգամավոր: Այս նախագիծը նրա մասին էր, որ քաղաքացին նույնպես ունենա մասնակցություն և իր փոքր լուման ներդնի, որպեսզի Հայաստանում հաստատվի օրինականություն»,- ասաց Փամբուխչյանը:
Իր եզրափակիչ ելույթի վերջում էլ Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներին, ասաց հետևյալը. «Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին նախագիծն արժանացել էր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մեկնաբանել