
Oրինականության դաշտից խուսափելու, կոսմետիկ լուծումների և PR-ի մասին
Մաշտոցի պուրակի «ապաբուծիկավորման» համար պայքարող քաղաքացիներն արդյունավետ չեն համարում իրենց երեկվա հանդիպումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Մոտ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են միայն առանձին, հատույթային լուծումներ, սակայն ամբողջական խնդրի իրավական, բնապահպանական և քաղաքաշինական կողմին, ցավոք, բավարար անդրադարձ չի կատարվել: Հանդիպման մասնակից բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը նշում է, որ քաղաքապետը առաջարկել է իր հետ չխոսել օրենքից, այլ օրենքից խոսելու համար դիմել դատարան: Փոխարենը փորձ է արվել քաղաքացիներին համոզել, թե Մաշտոցի պուրակի կառուցապատման ծրագիրը երկամյա ծրագիր է, իսկ դրանից հետո ունենալու ենք կանաչ Երևան:
Երկխոսությամբ հարցի էությունից շեղելու միտումը հստակ է, սակայն, ի հեճուկս այդ ամենի` բնապահպանները համառորեն վերադառնում են հարցի էությանը:
«Թող տանեն ուրիշ տեղ դնեն: Ինչու՞ այգում»,- հարցնում է Եղիան` ցույց տալով երկաթբետոնե կրպակները և առաջարկում տեղափոխել դրանք այգուն հարակից գետնանցում, Նոր Նորքք կամ էլ Կենտրոն՝ Հյուսիսային պողոտա:
Հանդիպման այլ մասնակիցներ էլ վկայում են, որ պաշտոնյաների կողմից ոչ ճիշտ է ընկալվել քաղաքացիական պահանջատիրության դերն ու նշանակությունը: Եվ սա, հավանաբար, հենց այն պատճառով, որ քաղաքային իշխանությունները չեն ուզում իրավական դաշտում խոսել քաղաքացու հետ, այլ նրան հրամցնում են գծագրեր, գունազարդված նկարներ, որոնցով փառաբանվում է այս կամ այն նախագծի հմայքը:
Սրանով կարծես հոգեվերլուծության են ենթարկում հանրության ներկայացուցիչներին` նրանց ցույց տալով գույնզգույն գրաֆիկական պատկերներ և հարցնելով. «Իսկ դուք ի՞նչ եք տեսնում այստեղ»: Բայց չէ՞ որ հարց է ծագելու, թե, ի վերջո, ո՞վ է հիվանդը:
Իսկ եթե ավելի խորքային վերլուծություն կատարենք, ապա ստացվում է, որ քաղաքային իշխանությունները զբաղված են կոսմետիկ լուծումներով և PR-ով: Շպարի հաստ շերտ՝ կոպիտ դեմքի վրա, և քսված ամեն շերտից հետո գովասանքի երանգ պարունակող մի արձանագրություն` («для галочки») պաշտոնական հաղորդագրության տեսքով: Քաղաքացիները հաճախ ստիպված են լինում այդ հաղորդագրությունների կեղծ փայլի ներքո թաքցված իրականությունը վեր հանել առանձին հոդվածերի, մամլո ասուլիսների և հրապարակումների միջոցով:
Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր ավելին են պահանջում, քան այդ կոսմետիկ լուծումներն ու PR-ը: Եվ իրավասու են պահանջելու, քանի որ նրանք են այսօր քաղաքացիական գիտակցության իրական կրողները` նրանք, ովքեր այսօրվա սաստիկ ցրտի պայմաններում էլ պաշտպանում են հանրային այգին և օրինականությունը, և ում չի շփոթեցնում ոչ մի սադրանք, ոչ մի խաբեություն:
«Մեր քաղաքը» ՀՔՆ
Մեկնաբանել