
4 անչափահաս երեխա մեծանում է մեծ փողոցի փոքր տնակում (վիդեո)
Թբիլիսյան խճուղու գլխավոր փողոցից Կարախանյանների վագոն-տնակը նույնիսկ մայթը չի բաժանում: Վերջին օրերին տեղացած առատ ձյունը տնակի դուռը դժվարացնում է բացել: Թբիլիսյան խճուղու վագոն-տնակ 26 պայմանական հասցե տրված այս տնակում 4 անչափահաս երեխա է մեծանում: Ներսում դիմավորում է 3-ամյա Հովսեփը` ոտաբոբիկ, 5-ամյա Էռնեստը, իսկ փայտե արկղերի վրա, որը ծառայում է որպես բազմոց, 3-ամսեկան Էրիկն է պառկած: Ավագը` 12-ամյա Գալուստը դպրոցում է:
Երեք մասի է բաժանած վագոն-տնակը, մի մասը ծառայում է որպես ննջասենյակ, մեջտեղում խոհանոց-լոգարան-զուգարան հատվածն է, իսկ երրորդ մասը կարելի է հյուրասենյակ համարել. Այս բաժանումն, իհարկե, պայմանական է, տնակն ավելի շատ խցի է նման, որտեղ շարժվելու գրեթե տեղ չկա:
![]() |
![]() |
Գոհարը հագցնում է Հովսեփին | Էրիկն ու Հովսեփը |
Երեխաների մորը` Գոհարին հարցնում եմ` փոքրիկները հաճա՞խ են հիվանդանում, ասում է` չէ, առողջ են, սովորել են: Վագոն-տնակի «հյուրասենյակը» համեմատաբար տաք է, փայտե վառարանի կողքին էլեկտրական ջեռուցիչն է, որը միշտ միացրած է: Երկար տարիներ լույսից զուրկ ապրելուց հետո էլեկտրիկները Կարախանյաններին դիմացի լուսաֆոռից հոսանք են միացրել: «Էլեկտրականը համարյա չի տաքացնում,-ասում է Գոհարը,- ցախ-մախ ենք վառում, դա էլ ուր որ է կվերջանա: Պատահում է սվետաֆորը փչանում է, մենք լույս չենք ունենում»:
![]() |
Լոգարանը |
Տնակում իրերն էլ իրենց տեղը չունեն: Հագուստի համար պահարաններ չկան, հեռուստացուցի հենակետը կիսաթաց հատակն է: Ննջարանի նմանվող սենյակին փայտե վառարանի ջերմությունը չի հասնում, այս սենյակը խմորեղեն թխելու համար նախատեսված հին ջեռոցն է տաքացնում: Լոգարան-խոհանոց հատվածն ամբողջությամբ թաց է ու ցուրտ, պատուհանին ապակի չկա, իսկ երեխաները հաճախ ոտաբոբիկ անցուդարձ են անում այդտեղից:
Վագոն-տնակում, բացի 4 մանկահասակ երեխաներից, նրանց ծնողներից` Գոհար Սարգսյանից ու Արմեն Կարախանյանից, ապրում է նաև Արմենի եղբայրը, իսկ երբ հոգեբուժարանից նրա քույրն էլ է դուրս գրվում, գալիս է այստեղ: Ընտանիքը հիմնականում գոյատևում է նպաստի և օգնությունների միջոցով: Արմենը նախկինում մետաղների գործով է գումար վաստակել, բայց հիմա առողջության հետ խնդիրներ ունի, չի աշխատում: «Ամուսինս էն վախտվանից պղինձ-այլյումինի գործ է արել, դրանով ենք յոլա գնացել, հիմա էլ իրա պոշկեքը ցավում են, վզի հետևում էլ ողնաշարի վրա ուռած է, ֆիզիկական գործ չի կարա անի»,-պատմում է Գոհարը:
Սննդի հարցում Կարախանյաններին թաղապետարանն է երբեմն օգնել: Երեխաներին հագուստ հատկացնում են տարբեր կազմակերպություններ: Տնակը փոքր-ինչ վերանորոգելու հարցում Եկեղեցին է աջակցել:
![]() |
![]() |
Վագոն-տնակը` փողոցի կողքին | Տնակի «ննջասենյակը» |
Կարախանյանները երկար տարի է` ապրում են վագոն-տնակում: Գոհարը պատմում է, որ նույնիսկ իր հարս գալուց առաջ սկեսրայրն ու սկեսուրը` ամուսնու, տեգոր, տալի և վերջինիս երկու դստեր հետ նույն տնակում են ապրել: Բայց այն ժամանակ վագոն-տնակը այլ տեղում է եղել` ավելի ներքև և փողոցից բավականին հեռու: Հետո տարածքը վաճառվել է, և իրենց ստիպել են վագոն-տնակը տեղափոխել: Իրենք էլ, ուրիշ տեղ չգտնելով, տնակը տեղափոխել են Թբիլիսյան խճուղու այս հատված:
![]() |
![]() |
Գոհարը կերակրում է իր կրտսեր որդուն | 12-ամյա Գալուստը |
Նախանցյալ տարի ավագ երեխան` Գալուստը, տան մոտ խաղալիս վրաերթի է ենթարկվել, ներքին արյունահոսություն է ունեցել, և երեխայի կյանքը փրկելու համար բժիշկները հեռացրել են նրա երիկամն ու փայծաղը: Ժամը 15:00-ի էր մոտենում, բայց Գալուստը դպրոցից դեռ տուն չէր հասել: Գալուստը Քանաքեռի 117-րդ դպրոցում է սովորում, որը բավականին հեռու է, և նա երբեմն ստիպված ոտքով է տունդարձի ճանապարհը կտրում:
Չնայած Գալուստը երկու օրգանից է զրկվել, բայց նա հաշմանդամության թոշակ չի ստանում: Գոհարը պատմում է, որ մի անգամ դիմել է երեխայի թոշակի հարցով, բայց Արաբկիրի մանկական պոլիկլինիկայում էպիկրիզը թարմացնելու համար ասել են` պետք է վճարում կատարել, ինքն էլ գումար չի ունեցել:
Երեխաներին փողոցի վտանգից ազատելու և բնակելի տուն տրամադրելու խնդրանքով Գոհարը դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ բնակելի ֆոնդ չունեն, որպեսզի հատկացնեն նրան: Գոհարն արդեն հույս չունի, որ երբևէ կտեղափոխվեն վագոն-տնակից, և նրա 4 զավակները` Գալուստը, Էռնեստը, Հովսեփն ու Էրիկը պետք է մեծանան փողոցի կողքին:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել