
Առաջարկվում է կովկասյան ընձառյուծի արգելված որսի տուգանքը 3 մլն դրամից դարձնել 100 մլն դրամ
Խորհրդարանն այսօրվա արտահերթ նիստում քննարկեց Կառավարության ներկայացրած` Քրեական օրենսգրքում և «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով ապօրինի ծառահատումների և ապօրինի որսի համար պատասխանատվության չափն առաջարկվում է մեծացնել։ Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Ապօրինի անտառահատումների հետ կապված պատժաչափերը էականորեն խստացվել են և ներմուծվել են նոր կարգավորումներ, ծառերը, թփերը առանց թույլտվության տեղափոխելու հոդվածը, համայնքապատկան անտառների հետ կապված իրավահարաբերություններ։ Նույն արարքը երկրորդ անգամ կրկնելուց հետո վարչական տույժից բացի՝ քրեական պատասխանատվության ենթարկելը»,- ասաց նախարարը։
Գրիգորյանի խոսքով՝ ծանրացուցիչ հանգամանքներ են դիտարկվում էկոլոգիական աղետի դեպքում կատարված հանցանքները, կազմակերպված խմբի կողմից իրականացված անտառահատումները, ինչպես նաև շահույթ ստանալու նպատակով անտառահատումները։
«Այս փոփոխություններն ուղղված են օրենսդրական սողանցքները փակելուն և ապօրինի անտառահատումների համար համարժեք պատիժ նշանակելուն»,-ասաց Գրիգորյանը։
Նախարարի խոսքով՝ առաջարկվում է նաև բարձրացնել Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի արգելված որսի համար բնությանը հասցված վնասի փոխհատուցման չափը։ Գործող օրենքով այն 3 մլն դրամ է, առաջարկվում է դարձնել 100 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Կառավարությունը 2019 թվականը հռչակել էր կովկասյան ընձառյուծի տարի։
Քրեական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել հետևյալ հոդվածը. «Անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»:
Մեկնաբանել