
«Ինձ մի մոռացիր, Ռուսաստան». խախտելով փախուստի 100-ամյա լռությունը
«Ինձ մի մոռացիր, Ռուսաստան. մեկ դար աքսոր». սա պոլսահայ լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուի նոր գրքի վերնագիրն է: Նա ընթերցողին է փոխանցում ցավի, տառապանքի ճանապարհի այն պատմությունը, որ տարիներով լուռ կրել են մարդիկ, ովքեր 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանից փախել են Թուրքիա ու այնտեղ հաստատվել: Նրանցից ոմանք հետագայում վախից փոխել են իրական անուն-ազգանունները՝ թաքցնելով իրենց պատմությունն ու «սպիտակ էմիգրանտ» լինելը: «Սպիտակ էմիգրացիա» անունը պատմությունը տվել է 1917-1923 թթ. Ռուսաստանում բռնկված քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրից սկսված արտագաղթի մեծ ալիքին:
Վերջիհանն ասում է, որ հետհեղափոխական Ռուսաստանից Թուրքիա է փախել մոտ 200 հազար մարդ: Նրանք ազնվականներ էին, պալատականներ, Նիկոլայ 2-րդ ցարի զինվորների առաջին և երկրորդ սերունդները: Թուրքիան տարանցիկ երկիր էր նրանց համար, ովքեր գումար ունեին և արդյունքում կարողացել են այլ երկիր հեռանալ, իսկ գումար չունեցողները մնացել են Թուրքիայում՝ հուսալով, որ շուտով իրավիճակը կփոխվի, և դարձյալ կվերադառնան Ռուսաստան:
Պոլսահայ լրագրողն ասում է, որ Թուրքիա ժամանածների շարքում հայտնի անուններ կային, ինչպես օրինակ, Տատյանա Տոլստոյը, որն օգնել է ազնվական խավի ներկայացուցիչներին Նանսենի անձնագիր ստանալ:
Վերջիհանը պատմում է, որ «Հյուրիեթ» օրաթերթում աշխատելիս է պատահաբար հանդիպել դեռ կենդանի ծպտյալներին, մինչդեռ Թուրքիայում չեն իմացել, որ նրանք դեռ ապրում են այդտեղ: «Այդ ժամանակ նրանք 10-ն էին, բայց չէին ցանկանում պատմել իրենց պատմությունները, որովհետև ծանր կացության մեջ էին և՛ նյութապես, և՛ ապրելակերպով, խնդիրներ ունեին: Տարիների ընթացքում կամաց-կամաց նրանց վստահությունը շահելով՝ սկսեցի ժողովել պատմությունները»,- ասում է գրքի հեղինակը: Այդ մարդկանց թվում, ըստ Վերջիհանի, կան նաև հայկական արմատներ ունեցող անձինք, ինչպես օրինակ, Քազիմիր Փամիրը, որի մայրը ցարական Ռուսաստանի տարիներին Երևանում և Կարսում հանքեր ուներ: Հեղինակն ասում է, որ Քազիմիրը մորից շատ լավ հայերեն խոսել է սովորել:
«Ինձ համար կարևորը պատմությունն է՝ ոչ թե մեծահարուստ մարդկանց պատմությունը պատմել, այլ ցույց տալ, որ այսպիսի կյանքեր էլ եղան պատմության մեջ: Այսինքն՝ որևէ իմաստ չունի մեծ գումարներ ունենալը, պալատների մեջ ապրելը, մարդկային պատմություններն էին կարևոր ինձ համար»,- ասում է Վերջիհան Զիֆլիօղլուն՝ հավելելով, որ կարողացել է զրուցել գաղթը վերապրածներից 5 հոգու հետ: Ըստ հեղինակի՝ նրանք իրեն պատմել են, որ Ռուսաստանում մնալու դեպքում կենդանի չէին մնա, ինչն էլ ստիպել է հեռանալ երկրից: Հեռացածների մեծ մասը, սակայն, հարազատներ է կորցրել հայրենիքում:
Վերջիհանը պատմում է, մասնավորապես, ազգությամբ ռուս-թաթար Ռոքսանա Օմարովայի մասին, ում պապիկին բոլշևիկները սպանել են: Ռոքսանան երկիրը լքել է 7 տարեկանում, սկզբում հանգրվանել Չինաստանում, ապա՝ Ճապոնիայում, կրկին վերադարձել Չինաստան, իսկ վերջնականգառը դարձել է Թուրքիան: Այստեղ թուրքական անձնագիր է ստացել՝ դառնալով Ռուքիե Օմարի: Տարիներ անց Ռոքսանան որդու հետ եղել է Ռուսաստանում, սակայն ասել է, թե այդ երկիրն իրենց Ռուսաստանը չէ:
Գրքի առաջին մասում հեղինակը ներկայացրել է գաղթի պատմությունը գրելու շարժառիթը, երկրորդ մասում՝ ներկայացրել «սպիտակ էմիգրանտներին», նրանց ով լինելը, Պոլիս հասնելն ու կյանքը Թուրքիայում, մարդկային պատմությունները: Ըստ Վերջիհանի՝ գրքում անդրադարձ կա նաև ցարական բանակի այն զինվորականների մասին, ովքեր Կարսում հաստատվել էին դեռ Նիկոլայ 2-րդի օրոք, սակայն այդպես էլ քաղաքից չեն հեռացել: Հեղինակն ասում է, որ այս զինվորականների սերունդներից վերջին ընտանիքը Կարսից հեռացել է 1997-ին:
Պոլսահայ լրագրողը գրքի վրա աշխատել է 7 տարի: Գաղթը վերապրածների հետ հարցազրույցները նա սկսել է 4 տարի առաջ: Եղել է նաև Ռուսաստանում, այցելել այն հասցեները, որոնք փոխանցել են ականատեսները, արխիվային նյութեր փնտրել Էրմիտաժում:
«Թուրքիայի հրատարակչատներում մի քիչ դժվարություններ կային, ոմանք մարքսիստ են, լենինիստ, հեղաշրջումն են պաշտպանում, իրենց չի հետաքրքրում արիստոկրատների պատմությունը»,- նկատում է Վերջիհանը: Գիրքն այս շաբաթ հրատարակվելու է շուրջ 1000 օրինակով, առայժմ լինելու է թուրքերեն, սակայն հեղինակը մտադրություն ունի թարգմանել ռուսերեն և անգլերեն: Վերջինիս փոխանցմամբ՝ ականատեսները ևս սպասում են գրքին, պարբերաբար հետաքրքրվում դրա հրատարակմամբ: Միջազգային մամուլը նույնպես արդեն սկսել է հետաքրքվել գրքով:
Գրքի վերնագիրն, ըստ Վերջիհանի, պատահական չի ընտրվել: Պատմում է, որ զրուցակիցները երբեմն հուզվում էին, նրանցից մեկը խոսակցության ժամանակ ասել է. «Ինձ մի մոռացիր, Ռուսաստան»: Հեղինակը նկատում է, որ նրանց մեջ մարդիկ կային, ովքեր չեն թաքցրել կարոտը, կային և այնպիսիք, ովքեր չեն խոսել այդ մասին, բայց աչքերում նկատելի է եղել կարոտը:
Վերջիհան Զիֆլիյանը (Զիֆլիօղլու) ծնվել է Ստամբուլում: Այսօր էլ ապրում է այդ քաղաքում: Ավելի քան 20 տարի զբաղվում է լրագրությամբ: 4 գրքի հեղինակ է: Լույս են տեսել «Without dreams» («Անանուն երազ», 1997), «The Riddle» («Հանելուկ», 2007), «Story of Armenians in Purgatory: We do not curry favor with either Jesus or The Prophet Mohammed» («Հայերի պատմությունը քավարանում», 2015, ըստ հեղինակի, մեծ հետաքրքրություն էր առաջացրել թուրք ընթերցողների շրջանում՝ առաջին անգամ պատմելով իսլամացած հայերի մասին, ովքեր, չիմանալով իրենց հայկական ինքնության մասին, միացել էին Քրդական աշխատավորական կուսակցությանը), «The eye» («Աչք», 2016):
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել