HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի հանքավայրը կաշխատի պոչամբարի պատվարի ամրացումից և պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո

««Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցված չէ»: Այսպես է արձագանքել«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն` պատասխանելով մեր հարցերին, թե ինչու են դադարեցվել Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մասշտաբային պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2022թ. մարտի 14-ից դադարեցվում է Թեղուտի լեռնահանքային համալիրի հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը:

Վլադիմիր Նալիվայկոն այնուհետև «Հետքին» պարզաբանել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի լեռնահարստացման կոմբինատը նախագծային փաստաթղթերի համապատասխան իրականացնում է պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքներ: Ներկա պահին ավարտված է պոչամբարի պատվարի կայունության ամրացման աշխատանքների առաջին փուլը, և սկսվել են երկրորդ փուլի աշխատանքները:

Ընդհանուր առմամբ իրականացվել է պոչամբարի պատվարի` 1 մլն տոննա ծավալով բեռնում` բացահանքից բերված ժայռային ապարներով: Այս աշխատանքների շարունակման համար անհրաժեշտ է հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքի դադարեցում:

«Այս պահին անհրաժեշտ է կատարել պոչամբարից ստացվող ջրի հավաքիչի խողովակաշարի ուժեղացման ամրանային և բետոնային աշխատանքներ, ինչը հնարավոր չէ իրականացնել առանց հարստացուցիչ ֆաբրիկայում հանքաքարի վերամշակման աշխատանքների դադարեցման: Բետոնային խառնուրդի ամրությունը պետք է դառնա առնվազն 50 %, որից հետո կարելի է հեռացնել կաղապարամածը և անցնել հավաքիչի հակադարձ լցմանը և պոչամբարի պատվարի ամրացման հետագա աշխատանքներին»,- մանրամասնել է գլխավոր տնօրեն Նալիվայկոն:

Ընկերությունը նախատեսում էր դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը և իրականացնել նշված աշխատանքը 2022թ. մայիս-հունիս ամիսներին, սակայն աշխարհում քաղաքական-տնտեսական նոր իրավիճակի պատճառով խախտվել է արտադրանքի ապրանքների` սպառողներին մատակարարման լոգիստիկ շղթան, այդ պատճառով այն, ըստ տնօրենի, պետք է վերակառուցել:

Ստեղծված հանգամանքներից ելնելով` «Թեղուտ» ՓԲԸ-ն որոշել է դադարեցնել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը, ճշգրտել է պոչամբարի պատվարի ամրացման և վերանորոգման-վերականգնողական աշխատանքների իրականացման իր ծրագիրը` որոշելով նշված աշխատանքներն իրականացնել ընթացիկ տարվա մարտին:

Մեր հարցադրմանը, թե քանի աշխատակից կգտնվի հարկադիր պարապուրդի մեջ, տնօրենը հստակ թիվ չի նշել. 

«Վերանորոգման-վերականգնողական աշխատանքներում և ԼՀԿ պահպանության մեջ չներգրավված անձնակազմը կհամարվի ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեջ գտնվող` ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան հարկադրված պարապուրւդում գտնվելու ժամանակահատվածի վճարմամբ»:

Հանքաքարի արյդունահանումն ու վերամշակումը նախատեսվում է վերսկսել պատրաստի արտադրանքի մատակարարման նոր շղթաների կառուցումից հետո:

Ընկերության տնօրենից հետաքրքրվել էինք, թե Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներն ինչպես են ազդել կամ ազդում ընկերության գործունեության վրա, և որ ոլորտում է խնդիրներ առաջացել` հումքի արտահանում, պատվիրատուների հետ աշխատանք, թե բանկային փոխանցումներ:

Գլխավոր տնօրենը հայտնել է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն օգտվում է մի քանի բանկերի ծառայություններից, այդ պատճառով ընկերությունը ֆինանսական գործառնությունների իրականացման հետ կապված դժվարություններ չունի:

Հիշեցնենք, որ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկների նկատմամբ և սառեցրել է նաև ռուսաստանյան «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ի հաշիվները: Իսկ տվյալ բանկը ընկերության խոշոր բաժնետերն է: 

Նշենք, որ, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, «ՎՏԲ բանկ» ՓԲԸ-ն (Ռուսաստան) «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնեմասում 49,95 % մասնակցություն ունի: «Թեղուտ» ՓԲԸ-ի 25,05 % բաժնեմաս ունի Նորիկ Պետրոսյանը, ևս 25 %` ՌԴ քաղաքացի Պավել Կորիչնևը: Համաձայն նույն հայտարարագրի` նշված 49.95 տոկոսը Մոսբիրժայում է շրջանառվում:

Լուսանկարները` Լարիսա Փարեմուզյայնի, «Հետքի» արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter