HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Կիրանց-Ոսկեպար ճանապարհին (լուսանկարներ)

Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում են փակ պահել քաղաքացիները։ Չնայած վերջին օրերին տեղի ունեցած բախումներին՝ բողոքի ակցիայի վայր դարձած այդ ճանապարհահատվածում այսօր համեմատաբար հանգիստ էր։ Փողոցի վրա դրված վրանների կողքով անցնելիս լսվում են քննարկումներ՝ երկրում ստեղծված իրավիճակի, իշխանության վարած քաղաքականության և հնարավոր ելքեր գտնելու մասին։

Ակցիային մասնակցում են Հանրապետության տարբեր վայրերից ժամանած քաղաքացիներ, տեղի բնակիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևորականներ:

«Լենա տատիկին տեսա՞ք»,- ակցիայի մասնակիցները հարցնում են մեզ՝ ուղեկցելով կապույտ մեծ վրան։ Վրանի խորքում նստած է 96-ամյա Լենա տատիկը։ Համագյուղացիներն ասում են՝ իրենց պայքարի սիմվոլն է դարձել նա, շուրջ մեկ շաբաթ է՝ ամենօրյա ռեժիմով միանում է բողոքի ցույցին։

- Կիրանցու՞մ եք ծնվել։

- Չէ, Նոյեմբերյանում ծնվել եմ, 18 տարեկանում եկել Կիրանց՝ հարս։ Արդեն 96 տարեկան եմ։

Ասում է՝ ունի 2 որդի ու մատների վրա հաշվում, թե քանի թոռներ ու ծոռներ․ բոլորն ապրում են Կիրանցում։ Ջերմ մթնոլորտ է տիրում վրանում և վրանից դուրս, որտեղ արդեն ժամանել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նրա ներկայությունը ոգևորություն է առաջացնում ակցիայի մասնակիցների շրջանում։

«Մենք խոսում ենք, ապրում ու պայքարում ենք ճշմարտությունը հաստատելու համար։ Ելքն էլ ճշմարտության հաղթանակն է»,- մեզ հետ զրույցում ասում է թեմի առաջնորդը։

Այնուհետև Կիրանց են ժամանում զոհված զինծառայողների ծնողները՝ հայտնելով, որ նրանք՝ ի դեմս իրենց հիմնադրած «Որդիների կանչ» ՀԿ-ի, միանում են այս պայքարին։ Բագրատ Սրբազանն էլ ուղերձ է հղում զոհվածների ծնողներին։

Մեկնարկում է քայլերթը։ Ակցիայի մասնակիցները, հայրենասիրական երգեր երգելով, շարժվում են քիչ հեռու գտնվող գյուղի նորակառույց եկեղեցի, ապա վերադառնում բողոքի ակցիայի վայր։ Օրը երեկոյանում է, երկրում ստեղծված իրավիճակի և ապագայի շուրջ ծավալվող խոսակցություններն ու քննարկումները չեն դադարում։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Հաաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովի նիստից հետո պաշտոնական Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում և հետո նաև Հանրապետության տարբեր հատվածներում սկսվեցին բողոքի ցույցեր։ Քաղաքացիների մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter