HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պատմություն մի հողակտորի մասին, որ պիտի հետո կոչվեր ԱրևՕդ 

«Աշխարհք հող ու ջրից անուշ բան չկա: Մարդու ուժ հողի մեջ է: Քանի չեն խլե ոտաց տակեն, մարդ անպարտ է, խլեցին՝ գերի է... »: 

( Մ. Գալշոյան, «Ձորի Միրո») 

«Մի քանի տարի առաջ Գյումրիում բնակարան էի փնտրում՝ գնելու նպատակով: Տարիքով ինձանից բավական մեծ մի անձնավորություն խորհուրդ տվեց հող գնել գյուղում, ասաց՝ կգա մի պահ, երբ քաղաքի փոշին, աղմուկը, անգամ գիշերային ակտիվ կյանքն էլ չի գրավի քեզ, կուզենաս բնությանն ավելի մոտիկ լինել: Ասաց՝  հողի վրա ամուր կանգնելու, սեփական հող ունենալու զգացողությունն ուրիշ է: Եվ ես որոշեցի Գյումրիից ոչ շատ հեռու գյուղերից մեկում փոքր, բայց իմ սեփական տարածքն ունենալ»,-այսպիսին է սկիզբն այն պատմության, որ գյումրեցի Տիգրան Մինասյանի համար շրջադարձային եղավ՝ նրան հողատեր դարձնելով Ցողամարգ գյուղում:

-Բայց մի տեսակ շատ քարքարոտ չէ՞ գնածդ հողը,-շուրջս նայելուց հետո դիմում եմ զրուցակցիս:

-Գուցե, բայց դե իմն է, իմ սեփականը, հիմա ինձ էլ սա բաժին հասավ, չեմ բողոքում, մանավանդ, որ գյուղի բնակիչ չեմ, արտոնություններ չունեմ,-Տիգրանն ուսերն է թոթվում,-ես հենց Ցողամարգում էի ուզում հող գնել և ուրախ եմ, որ ստացվեց: Մի հետաքրքիր բան ասեմ, չզարմանաք՝  ինձ համար գարունը Ցողամարգից է սկսում, գիտե՞ք ինչ թավիշ կանաչ է աճում այստեղ: Ես ուրիշ ոչ մի տեղ նման գույներ չեմ տեսել:

Ցողամարգը Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի բնակավայրերից մեկն է: Գյումրիից հեռու է մոտ 20 կմ: Բնակչության թվով մեծ գյուղերի ցանկում չես գտնի՝  մոտ 600 բնակիչ ունի: Տեղաբնակների նախնիները Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի (Սվազի) նահանգից են: Ցողամարգում ապրում են լեռնեցիների սերունդներ՝ նրանց նման պարզ, անմիջական ու ջերմ: 

-Եվ ինչպե՞ս ընդունեցին քեզ՝ քաղաքաբնակիդ,-հարցնում եմ Տիգրանին:

- Ես հասկանում եմ, որ երբ օտար մեկը հայտնվում է սեփականություն գնելու մտադրությամբ, ձևավորվում է որոշակի վերաբերմունք: Հայաստանում կա էդ զգուշավորությունը մարդկանց նկատմամբ, վախ, որ հանկարծ համայնքն օտար միջամտությունից չտուժի, իր անձը չտուժի և այլն: Ես այդ պրոբլեմը չեմ ունեցել: Իմ պարագայում երևի երկու հանգամանք դերակատարություն ունեցավ, նախ, որ գրեթե անօգտագործելի, գուղից դուրս տարածք էր գնածս, մյուսն էլ, որ էս գյուղի փեսա եմ,-Տիգրանը ծիծաղում է:  

Մեծ ծրագրեր ունի Տիգրանը, բայց պիտի սկսեր փոքրից՝ ընդամենը 42 քմ տարածքի կառուցապատումից: Արև, մաքուր օդ, բնություն, լռություն, ներդաշնակություն՝ սա պիտի զգար ամեն ոք, ով առաջին անգամ էր ոտք դնելու այս տարածք: Առաջին երկու բառերի միաձուլումից ծնվեց կառուցվելիք հյուրատան անունը՝ «ԱրևՕդ»: 

«Սկիզբը շատ դժվար էր: Նախ պիտի լանդշաֆտին համապատասխան ձև ու բովանդակություն ստանար հյուրատունը: Որոշեցինք հյուղակի տեսք տալ, օգտագործել փայտ, իսկ գունային առումով առավել շեշտել դեղինը,-պատմում է Տիգրանը,-այստեղ ինչ տեսնում եք՝ հիմնականում ձեռքի աշխատանք է: Ունեինք դժվարություն տեղում աշխատանքները ծավալելու, որովհետև ոչ էլեկտրականություն կար, ոչ որևէ այլ հարմարություն, ինչ պետք էր, պատրաստվում էր այլ վայրում, հետո տեղափոխում, հավաքում էինք»:

Ցողամարգ գյուղում «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աջակցությամբ 2021թ.-ին երկու ընտանիք ջերմոցային տնտեսություն էր կառուցել և հիմնել չրերի արտադրություն: Նույն ՀԿ-ի աջակցությամբ գյուղի բնակիչներից Նիկոլյանները հիմնել էին կարի արտադրամաս և սեփական տան մի հատվածը վերածել գյուղական հյուրատան: Տիգրանն ասում է, որ տեղեկացված է գյուղում առկա ներուժին և մտադիր է համագործակցել տեղական արտադրողի հետ: 

«Այս տարի «ԱրևՕդ»-ն ընդունել է իր առաջին հյուրերին: Այսինքն՝ մենք նոր-նոր ենք ճանաչելի դառնում: Իհարկե, մտքեր կան ընդլայնվելու: Ուզում եմ ևս մեկ փոքրիկ տնակ կառուցել և խոհանոց, որտեղ կմատուցվեն գյուղական ուտեստներ: Բնականաբար, ինչ հնարավոր է, գնելու ենք գյուղից: Եթե պարզենք, որ Ցողամարգում ձի պահող կա, անպայման կհամագործակցեմ՝ հյուրերիս համար ձիով զբոսանք ապահովելու նպատակով: Եթե հաց թխող կա, հացն իրենից կառնեմ, նույնը վերաբերում է բանջարաբոստանային կոււլտուրաներին: Հրաշալի է, որ ջերմոց կա, ինչու՞ առևտուրը Գյումրիից անենք: Մեծ սիրով կհամագործակցեմ նաև գյուղում առկա հյուրատան հետ, որն, իմ տեղեկություններով, կարող է ավելի շատ մարդկանց ընդունել, քան մենք: Մտածում եմ՝ հետագայում, մեր հասույթների հաշվին, գյուղում սոցիալական ծրագիր իրականացնելու մասին: Մենք բաց ենք ցանկացած համագործակցության համար»,-ասում է Տիգրանը:

Ըստ զրուցակցիս, մարզի հյուսիսը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու նպատակով տարբեր առաջարկներով հանդես եկողները պետք է համագործակցեն ՝ ստեղծվի որոշակի ցանց, չկղզիանան ու չամփոփվեն իրենք իրենց մեջ, մեկը մյուսի ստեղծածը «չխեղդի»: «Եթե ամեն մի, այսպես կոչված՝ կորած-մոլորած, անհրապույր, տեսնելու բան չունեցող գյուղում թեկուզ մեկ անհատ մեկ հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես գա, մենք զգալի զարգացում կարող ենք ապահովել մարզի համար,-նկատում է զրուցակիցս ու ժպտում,-դրա համար շատ բան պետք չէ՝ սկզբի համար մի փոքրիկ հողակտոր ձեռք բերել սեփական երկրում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter