HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

«Սա չակնկալիքների շարժում է, որի դիմաց ստանալու ենք հայրենիք և երկիր». Բագրատ Սրբազան

Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անունից հանդես եկավ հայտարարությամբ։ Նա ներկայացրեց ստեղծված իրավիճակը և դրա դեմ պայքարելու քայլերը։

«Ամսի 9-ին մեր ժողովուրդը, Աստծո կամոք, կհասնի Երևան և իր հստակ պահանջները կդնի»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանի խոսքով` ժողովրդի հորդորներին, խնդրանքներին, պահանջներին և ըմբոստությանը ականջալուր լինելու փոխարեն իշխանությունը բռնի ուժ կիրառեց։

«Հետևաբար, այս բոլորն ի մտի ունենալով և ուղղակի ականատես լինելով և առնչվելով այս իրականության հետ՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա Երևան և պատասխաններ պահանջի։ Եվ պահանջ ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի»,- ասաց Սրբազանը։

Նա նաև մտահոգություն հայտնեց, որ այս գործընթացը չորս գյուղով չի սահմանափակվի։ «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքին, որը վերջ չունի և սահման չունի, հավանաբար հաջորդելու են արդեն, այսպես կոչված, անկլավների խնդիրը, հաջորդելու են արդեն Տավուշից դուրս՝ Տիգրանաշենի խնդիրները, Սյունիքի խնդիրները և այլն։ Այսինքն՝ հյուսիսից հարավ մենք չափազանց մեծ արյունաքամության գործընթացի մեջ ենք գտնվում։ Եվ այս գործընթացը պետք է դադարեցվի։ Սա մեր պահանջն է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը հայտնեց, որ շարժումն առաջնորդելու են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Գառնիկ Դանիելյանի կարծիքով` իշխանությունը փորձ է անում այս գործընթացը ներկայացնել որպես տեղային խնդիր։ «Իշխանությունը փորձում էր սա ներկայացնել որպես չորս գյուղի հարց, և այս շարժման առաջին հաղթանակը այն էր, որ շարժումը դուրս է եկել այդ սահմաններից»,- ասաց Դանիելյանը։

Իսկ Սուրեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ տեղի ունեցող գործընթացը կասեցնելու համար անհրաժեշտ է շարժումը դարձնել համաժողովրդական։ «Ժամանակը ցույց տվեց, որ այն, ինչ այստեղ գեներացվեց, անհրաժեշտ էր չափազանց, բայց ոչ բավարար։ Հետևաբար այս պահանջը պիտի ստանա շատ ավելի զանգվածային բնույթ և պիտի վերածվի համահայկականի, համազգայինի»,- ասաց Պետրոսյանը։

Այս հայտարարություններից հետո` 16։30-ին, շարժման անդամները սկսեցին իրենց երթը դեպի Երևան։ Երթի սկզբում Բագրատ Սրբազանը հայտարարեց երթուղին, որով շարժվելու են։

«Այստեղից շարժվում ենք Երևան։ Ճանապարհին` Սևքարի մոտից, մեքենաներով կտեղափոխվենք Ենոքավան։ Ենոքավանից կգնանք, Իջևանի գինու գործարանը կանցնենք և երեկոյան կբարձրանանք Հաղարծնի վանք։ Առավոտյան այնտեղ պատարագի կմասնակցենք, ապա կշարժվենք դեպի Դիլիջան, հետո Սևան և այդպես շարունակ»,- ասաց Սրբազանը։

Ինչպես սկսվեց շարժումը

Ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները հայտարարեցին, որ սահմանազատման աշխատանքները սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ հայտարարության՝ պետք է տեղի ունենար սահմանի ճշտում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի հատվածներում։ Սա հարուցեց տեղի բնակիչների դժգոհությունը։ Նրանք ապրիլի 19-ի երեկոյան փակեցին Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Ճանապարհը փակ մնաց մինչև մայիսի 2-ը, երբ Ոստիկանությունը վաղ առավոտյան ձերբակալեց շարժաման տասնյակ անդամների։ Դրանից հետո Կիրանցում սահմանվեց հատուկ ռեժիմ և միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս մտնել գյուղ։ Միայն մայիսի 3-ի երեկոյան այս արգելքը վերացվեց։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter