HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմ լուսաբանողները մի քիչ արկածախնդիր մարդիկ են». Էդիկ Բաղդասարյան

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որը լուսաբանել է Արցախյան առաջին (1992-1994թթ.), 2016-ի ապրիլյան քառօրյա եւ 2020-ի 44-օրյա պատերազմները, խոսում է պատերազմի լուսաբանման իր փորձի մասին։

Արցախյան երեք պատերազմ եք լուսաբանել՝ չհաշված բազմաթիվ բախումներ Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներում։ Կարո՞ղ եք ասել, որ գիտեք՝ ինչպես լուսաբանել պատերազմ։

Մոտավորապես գիտեմ՝ ինչպես լուսաբանել, բայց պատերազմները փոխվել են, այդ 3 պատերազմների միջեւ բավականին երկար ժամանակ է անցել՝ մոտ 25 տարի՝ առաջին պատերազմից մինչև 2016-ը։ Առաջին պատերազմում լրիվ ուրիշ իրավիճակ էր, ուրիշ զենքեր, ուրիշ սերունդ, դեռեւս չկազմավորված բանակ: Երկրորդում արդեն զենքերն էլ էին փոխվել, կանոնավոր բանակ ունեինք, այսինքն՝ մարտական գործողությունների որակն էլ էր փոխվել, ուրիշ զենքեր էին օգտագործում, երրորդում ավելի կատարելագործված զենքերով էին։ Երկրորդի ժամանակ կային անօդաչուներ, բայց այդքան շատ չէին, երրորդ պատերազմի ժամանակ անօդաչուները շատ մեծ դերակատարություն ունեին։ Իրականում մեր լուսաբանումն էլ դարձավ զենքերից կախված, այսինքն՝ ինչքան զենքերը կատարելագործվում էին, այնքան լուսաբանումը մի կողմից հեշտանում, մյուս կողմից՝ դժվարանում էր։ Այդ ամենին գումարենք, որ արդեն պատերազմի դաշտից ինֆորմացիան վերահսկվող էր դառնում, պետությունն ինքն է դարձել ինֆորմացիայի հիմնական աղբյուրը:  Հեշտանում էր այն իմաստով, որ, օրինակ, առաջին պատերազմի ժամանակ բջջային հեռախոս չկար, դու պետք է նյութդ ձեռագիր գրեիր, այն հասցնեիր Երեւան, այն ժամանակ նույնիսկ կապ չկար, հեռախոսով չէիր կարող Արցախից (Լեռնային Ղարաբաղ) ինչ-որ բան թելադրել, այսինքն՝ դու պիտի գնայիր մարտի դաշտ, օրեր հետո գայիր, ինքդ տեքստը գրեիր։ Առաջին պատերազմում նաև տեղաշարժվել չէինք կարողանում, որովհետև բենզին չկար, մեքենա չկար, պատահական հանդիպած զինվորականներին պիտի խնդրեիր, որ տանեին առաջնագիծ։ Իսկ այս պատերազմի ժամանակ դու արդեն կարողանում էիր քո մեքենայով շարժվել, հասնել նույնիսկ առաջնագիծ։ Ճիշտ է՝ վտանգն ավելի էր մեծանում, բայց գոնե շարժունակ էինք, ու կային հեռախոսներ, որոնցով կարող ես ինֆորմացիա փոխանցել։ Այն ժամանակ տեխնիկապես ավելի վատ վիճակում էինք՝ կամերա հազվագյուտ կար, իսկ այս փուլում արդեն հեռախոսով կարող էիր նկարել։ Տեխնոլոգիաները զարգացել են՝ գրիչին հիմա հեռախոսն է փոխարինել, կարող ես ձայնագրել մարդկանց, եթե ինտերնետ կա, արագ փոխանցես։ Տխուր է, բայց իրականությունն այն է, որ մարդկությունը պատերազմին թեւանցուկ արած բերել է, հասցրել մեզ ու առաջ է գնում: 

Պատերազմ լուսաբանելու սկզբունքները ինչպե՞ս են փոխվել տարիների ընթացքում, եւ ո՞ր սկզբունքներն են փոխվել:

Առաջին պատերազմում դեռ կազմավորված չէր բանակը, այսինքն՝ շատ ջոկատներ կային, եւ ինքդ կարող էիր նրանց հետ շարժվել, այդ ժամանակ թույլտվություն վերցնելու կարիք չկար, որ պետությունը քեզ թույլ տար, մի ջոկատի կպնում, գնում էիր, եթե քեզ վստահում էին։ Մյուս պատերազմներում արդեն պետք է գերատեսչություններից թույլտվություն ստանայիր ինչ-որ տեղ հասնելու, ինչ-որ մեկից հարցազրույց վերցնելու համար, այդ առումով և՛ լավ է, և՛ վատ։ Լավ է այն առումով, որ դու արդեն պետություն ունես, բանակ կա կանոնավոր, վատ է այն իմաստով, որ, օրինակ, Հայաստանի սահմանամերձ շրջաններից մեկում պատերազմի ժամանակ այդ ուղղությամբ դու չէիր կարող գնալ, փակել էին ամբողջ Տավուշի մի հատված և ճանապարհին ոստիկանական անցակետ էին դրել։ Դու պետք է խնդրեիր Պաշտպանության նախարարությանը, մի անգամ մի հինգ ժամ սպասեցինք, մինչև կարողացանք անցնել։ Իրենք, իհարկե, ասում են՝ ձեր անվտանգության համար ենք անում, բայց լրատվամիջոցն ինքն է որոշում ստանձնել այդ ռիսկերը։ Պետք չէ, որ մեզ համար իրենք որոշում կայացնեն, մանավանդ որ մի քանի լրատվամիջոցի թողնում էին, իրենց ցանկալի լրատվամիջոցներից մարդկանց էին տանում։

Ի՞նչ է պետք իմանալ պատերազմ լուսաբանելու համար, ի՞նչ գիտելիք ու հմտություն, ի՞նչ անհատական հատկանիշներ։ Տարրական բաներ, որ խիստ անհրաժեշտ են։

Սովորաբար պատերազմ լուսաբանողներին կարելի է մի քիչ արկածախնդիր մարդ համարել։ Իրականում, կոպիտ չհնչի, բայց դու նաև պետք է սիրես պատերազմ լուսաբանելը, վտանգը պետք է քեզ դրական լիցքեր տա, դու լավ ես զգում, որ այդ վտանգավոր տեղում ես և այդտեղից կարող ես նյութ անել։ Լրագրողը նաև էներգիա է ստանում դրանից, այդ դժվարության մեջ աշխատելն է իրեն ուժ տալիս, որ ինքը, այդ վտանգը գիտակցելով, դրա մեջ է հայտնվել։

Պատերազմի ժամանակ նախ պիտի մտածես այն զինվորների անվտանգության մասին, որոնց նկարում ես, այսինքն՝ ինչ տեսնում ես, չպետք է նկարես։ Այնպիսի կադրեր չհրապարակես, որ հետո հակառակորդն օգտագործի՝ դիրքերը, դասավորությունը, քանի մարդ կա, որտեղ ինչ զենք է տեղադրված։ Առաջինը դա պետք է հաշվի առնես, որ հանկարծ քո նկարահանումը պատճառ չդառնա նոր զոհերի կամ բեկումնային բան չդառնա մարտի ընթացքում, այսինքն՝ ցույց չտաս, թե որտեղ է քողարկված ձեր տանկը, որտեղ է գտնվում ստորաբաժանումը, դա միշտ պետք է հաշվի առնել։ Մենք արդեն գիտենք՝ ինչպես գրել, ինչպես նկարահանել, եւ  եթե կադրերում ինչ-որ կողմնորոշիչ բան է հայտնվում, փակում  ենք այդ հատվածները, դեմքերը, տեղանքը, որ կոորդինատները հակառակորդը չկարողանար որոշել։ Չնայած հիմա այնքան զարգացած են տեխնոլոգիաները, որ մեր գլխավերևում անընդհատ հետախուզական անօդաչու էր նկարում և կարիք չկա, որ ինքը քո նկարածից ստանա այդ ինֆորմացիան, ամբողջ պատկերն ինքն արդեն ունի։

Տեղանքում կողմնորոշվելը առաջին պայմանն է, որ կրակի տակ չընկնես կամ չհայտնվես հակառակորդի տարածքում, գերի չընկնես կամ զոհվես։ Տարածքի մասին պիտի պատկերացում ունենաս՝ որտեղ է անտառը, գետը, կամուրջը և աշխարհագրական տարրական գիտելիքներ ունենաս՝ հյուսիս, հարավ և այլն։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում տարբեր բարդ տեղերում, դրանցից ամեն մեկն առանձնահատուկ է, ասենք՝ հարավում երբեմն անծայրածիր դաշտավայրեր էին, պետք է իմանաս՝ դա որտեղ է եւ այլն։ Զինվորների, սպաների՝ տեղանքում չկողմնորոշվելու պատճառով 44-օրյա պատերազմում մեծաթիվ զոհեր ենք ունեցել:

Ինչպե՞ս պետք է շփվել զինվորական անձնակազմի հետ պատերազմի ժամանակ։ Սովորաբար նրանք, մեղմ ասած, հակված չեն խոսել լրագրողների հետ, թույլ տալ նրանց մուտքը առաջնագիծ կամ փակ տարածքներ։

Եթե մարտական գործողություն է, չպետք է ավելորդ հարցեր տաս, պիտի դիտողի դերում լինես և նկարագրես, թե ինչ է տեղի ունենում գործողության ընթացքում։ Իրականում, ինչ-որ մի փուլի բոլորն էլ ուզում են խոսել, պիտի կարողանաս խոսեցնել մարդկանց, դա ինձ հաջողվում էր անել։ Այդ պահին չպիտի ռազմական գործողության վերաբերյալ հարցեր տաս։ Լրագրողից է կախված, թե ինչ է ուզում լուսաբանել՝ ռազմական գործողության ընթա՞ցքը, թե՞ գործողությանը մասնակից մի զինվորի մասին է ուզում գրել: Եթե ռազմական գործողությունների մասին ես գրում, պիտի անպայման հրամանատարական կազմի հետ խոսես, որովհետև զինվորը չի կարող իմանալ ամեն մանրամասն։ Պետք է իմանալ, որ ինչ-որ ինֆորմացիայի տիրապետողը որոշակի աստիճան ունեցող մարդն է, այսինքն՝ հրամանատարական կազմից պետք է միշտ տեղեկանալ ռազմական գործողությունների մասին։ Ու եթե դու տեղում ես, նրանք սովորաբար չեն կարողանում ոչինչ թաքցնել կամ ուրիշ ձեւով ներկայացանել:

Լրագրողը պետք է անկա՞խ աշխատի, թե՞ տեղաշարժվի զորքի հետ։

Ես կողմնակից եմ, որ լրագրողն անկախ աշխատի, եթե սկսում ես զորքի հետ աշխատել, պիտի, մոտավորապես, իրենց հրամաններին ենթարկվես։ Բայց ինչ-որ մի փուլում պետք է շփվել հրամանատարության հետ։

Վնասելու մասին։ Մինչեւ ո՞ւր կարող է լրագրողը սահմանափակել սեփական իրավունքները հանուն չվնասելու սկզբունքի: Ներքին խմբագրին արթնացնել, չտրվել արագ հաղորդելու գայթակղությանը։

Այդ սահմանն, իրականում, շատ դժվար է որոշել, հետո կարող ես ասել՝ ինչու սրա մասին չգրեցի, բայց այդ պահին շատ դժվար է կողմնորոշվել, որովհետև կարող է քո մի ռեպորտաժից, տեքստից ինչ-որ խուճապ սկսվի, ինչ-որ ցնցումներ լինեն, ասենք՝ նահանջող ստորաբաժանում ես տեսնում, եթե սկսես լուսաբանել, այդ պահին ցույց տալ, թե ոնց են խուճապի մատնված լքում դիրքերը, կարող է այդ խուճապը համատարած դարձնես։ Միշտ պետք է գնահատես, թե քո խոսքը ոնց կարող է ազդել ընդհանրապես իրադարձությունների վրա, զորքի բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այդպիսի դեպքեր էլ են եղել, մենք շատ տեղերում ենք  նահանջող ստորաբաժանումներ տեսել, բայց այդ ժամանակ չենք գրել։ Հիմա, երբ հետաքննություններ ենք անում, թե ինչպես հանձնվեցին Արցախի բնակավայրերը, ոնց թողեցին տարբեր դիրքեր, որոշ բաներ գրում ենք։ Հիմա կարող ենք գրել, կարող ենք խոսել։ Կադրեր ունենք, երբ ինչ-որ ստորաբաժանում, դիրքերը թողած, փախչում է կամ ստորաբաժանումը, զենքերը թողած, դուրս է եկել դիրքերից։ Հիմա, որ մտածում եմ, ճիշտ ենք արել, որ այդ ժամանակ չենք գրել, դա կարող էր ավելի շատ զոհերի հանգեցնել։

Ուղիղ եթերները պատերազմի ժամանակ ընդունելի՞ են, ո՞ր դեպքերում։

Դեմ եմ պատերազմից լայվ մտնելուն: Լայվերը սխալ են նախ, որովհետև որտեղից որ լայվ ես մտնում, հենց այդ կետը արդեն կոորդինատ է, որը դու տալիս ես հակառակորդին։ Այսինքն՝ ինքդ քո գտնվելու տեղը բացահայտում ես: Մյուս կողմից՝ չգիտես, թե ինչ կարող է լինել այդ պահին եւ կադրում ինչ պատկերներ կարող են հայտնվել, ասենք, հրթիռակոծվելու պահին:  

Լրագրողի անվտանգությունը։ Հայաստանում լրագրողները գրեթե ընթացիկ պատրաստություն չեն անցնում այս թեմայով, չունեն կյանքի, առողջության ապահովագրություն։ Ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը, ինչպե՞ս է ձեզ դա հաջողվել։

Ապահովագրություն չկա, միշտ դու ես որոշում՝ գնու՞մ ես լուսաբանման, թե՞ ոչ, քեզ ոչ ոք չի կարող պարտադրել։ Ես խմբագիր եմ, ես չեմ կարող իմ որևէ լրագրողի պարտադրել, որ գնա։ Երբևէ այդպիսի հարց չի եղել, գնում ենք, բայց եթե չցանկանան, ես չեմ կարող պարտադրել, երբեք պարտադրանքով որևէ մեկին տեղ չեմ ուղարկել։ Պատերազմն ինքնին վտանգ է։ Կարող է առաջնագծում չլինես, բայց թիկունքում մի տեղ քեզ վրա ռումբ ընկնի։ Միշտ պետք է հաշվի առնել, որ պատերազմի լուսաբանումը վտանգավոր է, միշտ կարող է ինչ-որ մի բան պատահել։

2016-ից հետո տարբեր սեմինարներ են կազմակերպվել լրագրողների համար։ Տարբեր կազմակերպություններ պատրաստել են լրագրողներին, զրահաբաճկոններ են բաժանել։ Սեփական անվտանգության մասին առանձնապես չեմ մտածել։ Վերջին ռազմական գործողությունների (2020-ի արցախյան պատերազմի) ժամանակ զրահաբաճկոն ու սաղավարտ դնում էինք։ Նախկինում ուղղակի չունեինք, որ կրեինք։ Ապահովության գոնե ինչ-որ զգացում կար դրանցով։ Նվազագույն բանը, որ պետք է անել՝ դրանք կրելն է, հեռախոսով լայվ չմտնելը, հեռախոսներն անջատած պետք է լինեն։

Ֆիզիկականից զատ կա հոգեբանական անվտանգությունը՝ ինչպե՞ս չկորցնել ինքնատիրապետումը՝ աշխատել կարողանալու համար։

Սկզբից կարող է դա անսովոր լինել, բայց հետո սովորում ես պայթյունների ձայներին, այդ ամենին դանդաղ սովորում ես: Միշտ անհագստանում եմ առաջնագծում գտնվող մեր լրագրողների համար, այդ պատճառով գերադասում եմ ինքս լինել այնտեղ կամ իրենց հետ լինել: Լրագրողներ կան, որոնց վրա իսկապես ազդել է պատերազմը, մարդիկ կան, որոնք չեն դիմացել այդ դաժան իրականությունը տեսնելուն: Պատերազմի դաշտում դու կարող ես տեսնել դիակներ, մասնատված մարմիններ, այդ պատկերները քո միջից այլեւս դուրս չեն գա ու ցանկացած պահի կհիշեցնեն պատերազմի մասին:  

Ռմբակոծությունների ժամանակ ինչպե՞ս վարվել՝ մնալ նկարե՞լ, թե՞ գնալ ապաստարան։

Արցախյան վերջին պատերազմում մի պահ կար, որ սկսեցին անընդհատ կրակել, երբ դիրքերի մոտ էինք։ Ես հասկացա, թե ինչով են խփում, երբ ականանետը սկսեց աշխատել, միանգամից պառկեցի, որովհետև հազարավոր բեկորներ են գալիս, որ գոնե շփման մակերեսը քիչ լինի, այսինքն` կանգնած ժամանակ ավելի հավանական է, որ քեզ կպնի, քան պառկած ժամանակ։ Երկար լուսաբանելով՝ սկսում ես տարբերել, թե ինչով են կրակում, զենքի տեսակն ես հասկանում, նույնիսկ՝ որտեղից է գալիս, ուղղությունն ես կարողանում հասկանալ։ Միշտ ուզում ես մնալ, տեսնել, նկարել։ Կարող է ենթագիտակցորեն հասկանում ես, որ պիտի գնաս ապաստարան, բայց մյուս կողմն ավելի ուժեղ է․ սպասում ես՝ սա էլ նկարեմ, նոր։ Մասնագիտության գայթակղությունը հաղթում է, որ քո աչքերով տեսնես՝ ինչ է կատարվում,  լավ կադր նկարի օպերատորը: Ասենք՝ տանկը, ֆագոտչիկը  կրակում է, ուզում ես տեսնել՝ կպա՞վ թիրախին, թե ոչ, գուցե օպերատորը կարողանա էդ պահը ֆիքսել: 

Նույնպիսի երկընտրանքի իրավիճակ է լրագրող, թե քաղաքացի լինելը՝ վիրավորներին օգնելու պարագայում։ Կպատմե՞ք Ձեր այդ փորձի մասին։

Այդ պարագայում իրականում միշտ երկմտանք է՝ ինչ անել։ Մարդկային կյանքը փրկելը միշտ ավելի առաջնային է։ Այդ պահերին դու ուզում ես օգնել, ոչ թե մասնագիտական պարտքդ կատարել։ Օպերատորների համար լավ կադր է վիրավորին, նրան ռազմի դաշտից դուրս բերելը նկարելը, բայց այդ վիրավորին արագ չօգնելը կարող է ճակատագրական լինել, հանգեցնել մահվան։ Եղել է դեպք, երբ մեր մեքենայով երկու հոգու, որոնցից մեկն արյունահոսում էր, տեղափոխել ենք։ Իրեն ինչքան շուտ հասցնեինք, կարող է թևը փրկվեր, եթե մնար, կարող էր ուղղակի արյունաքամ լինել։ Ճնշակապի տեղը փոխում էինք, բայց, միևնույն է, արյունահոսում էր։ Այսինքն՝ այդ դեպքում համեմատելու չէ, դու մտածում ես՝ այս մարդուն փրկեցինք, թեկուզ կադր չես նկարել վիրավոր սողալու պահից։ 

Երբեմն էթիկայի կանոնները, մասնագիտությունդ ստիպված մի կողմ ես դնում, երբ մյուս նժարին մարդու կյաքն է: Ես մի քանի անգամ այդ իրավաիճակում եղել եմ եւ ինձ համար այդ որոշումը վաղուց կայացրել եմ:

Աշխատանքը պետական, պաշտոնական աղբյուրների հետ պատերազմի ժամանակ։ Համագործակցություն պե՞տք է, ինչպե՞ս։ Պաշտոնական և վստահելի բառերը համադրելի՞ են։

Շատ քիչ պետք է վստահել։ Որպես կանոն, պատերազմի ժամանակ բոլոր կողմերը սկսում են սուտ խոսել։ Երբեմն այդ սուտը շատ-շատ մեծ է լինում ու դու, տեղում լինելով, տեսնում ես պաշտոնական հաղորդագրությունների անհեթեթությունները։ Օրինակ՝ տեսնում ես, որ բավականին շատ զոհեր ունենք կամ ինչ-որ տարածքներ արդեն տվել ենք, բայց քարոզչությամբ լսում ես, որ մենք առաջ ենք շարժվել, ջարդել ենք թշնամուն, խոցել ենք ինչ-որ բաներ։ Ես փաստերի վրա գիտեմ, թե ինչքան սուտ է եղել պետական մարմինների քարոզչությունը, մանավանդ՝ վերջին պատերազմում, ստի ամենօրյա մեծ ալիքներ էին, ու նույնիսկ դրա դեմ ինչ-որ բան խոսելն արդեն վտանգավոր էր, որովհետև կարող էին քեզ «քրքրել»: 

Այնուամենայնիվ, «Հետքն» էլ է պաշտոնական լուրեր հրապարակել։

Պաշտոնական լուրերը բոլորս հայտնել ենք, որովհետև այդ ժամանակ սեփական լուրերը շատ քիչ էին, և դու չգիտեիր՝ եթե քո սեփական ճշմարիտ լուրը տաս, ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Ուղղակի կարող էին քեզ հետագայում զրկել լուսաբանման հնարավորությունից, կարող է այդ տարածքից գային, հանեին։

Ինչպե՞ս խուսափել քարոզչություն անելուց պատերազմի ժամանակ։

2020-ի պատերազմի ժամանակ, իրականում, բոլոր լրատվամիջոցները դարձան քարոզչության զոհ, չնայած մենք փորձ ունեինք 2016 թ․-ի ապրիլյանից, այն ժամանակ էլ ոչ ճիշտ ինֆորմացիա էր հաղորդվում, բայց այն ժամանակ այդքան շատ չէր։ Գուցե պատերազմը կարճ էր, դրանից էր, որ սուտը այդքան չէին զգացել ուրիշները։ 44-օրյայի դեպքում ստերի տևողությունն էր երկար, դրա համար ակնառու էր։ Պետությունը՝ այդ քարոզչությունն իրականացնողները, առանձնապես վատ չզգացին, ներողություն չխնդրեցին իրենց ստերի համար։ Պետությունն ընդհանրապես այդ ամոթը չկրեց, որ այդքան խաբում էր՝ տարբեր ձևերով օգտագործելով մարդկանց հույզերը։ Մենք՝ որպես լրատվամիջոց, անընդհատ այդ մեղքի զգացումն ունեինք, բայց պետական մարմիններից որևէ մեկը վատ չզգաց, ինչքան որ մենք ինքներս մեզ դատափետում էինք, թե ինչու այդ ժամանակ չգրեցինք։ Դժվար է որոշում կայացնել պատերազմի ժամանակ՝  պաշտոնական ինֆորմացիան տա՞լ, թե չտալ։ Չտալ չես կարող, որովհետև ինչ-որ բան պիտի հաղորդես ռազմական գործողությունների ընթացքի մասին, բայց միշտ կասկածում ես։ Կասկածը միշտ կա, ու պատերազմի ժամանակ բարձրանում է կասկածելու աստիճանը։ Սկսում ես կասկածել ամեն ինչին։

Շատ եք խոսել սեփական երկրում պատերազմ լուսաբանելու դժվարության մասին։ Ո՞րն է ամենամեծ խոչընդոտը։

Ամենամեծ խոչընդոտն այն է, որ առաջնագծում քո հարազատներն են, ազգականները, ընկերները, ռմբակոծվում են քո հարազատների տները, ցանկացած պահի նրանք կարող են զոհվել, կամ ամեն օր քո ծանոթներից մեկը զոհվում է, ամեն օր ինչ-որ մեկի զոհվելու կամ վիրավորվելու մասին ես իմանում: Դա արդեն դժվար է լուսաբանել, քեզ կորցնում ես։ Լուսաբանելու ժամանակ մտածում ես՝ գուցե դառնաս զինվոր, մասնակցես գործողություններին ու փակես լուսաբանելու էջը, այդպես ավելի հեշտ կլինի։

Լրագրողներն իրենց նյութերում հաճախ չափազանց շատ են հերոսացնում պատերազմի մասնակիցներին։ Ինչպե՞ս դրանից զերծ մնալ։

Պատերազմի մասին եթե շատ խոսող եմ տեսնում, հեռու եմ փախչում, որովհետև պատերազմի մասնակիցներից շատ քչերն են ուզում խոսել։ Ես ընկերներ կամ ծանոթներ ունեմ, որոնք մասնակցել են անգամ արցախյան առաջին պատերազմին, բայց չեն ուզում խոսել, դրվագների մասին պատմել, որովհետև իրենք այդ ողբերգության միջով անցել են, իրենք ամեն մի պատերազմում հարազատ, ընկեր են կորցրել, իրենց զինվորին են կորցրել, և իրենց աչքի առաջ միշտ ավելի շատ այդ կորուստն է, քան հերոսական մասը, այսինքն՝ իրենք իրենց մեջ նաև զոհերի համար մեղքի զգացողությունն են կրում, դրա համար չեն ուզում խոսել։ Չեն ուզում իրենք հերոսանան, երբ իրենց ընկերները չկան։ 

Մարդիկ կան, որ զոհվել են, բայց ինքնաձիգով ընդհանրապես չեն կրակել, ասենք՝ տարել են դաշտ, դեռ մարտի մեջ չմտած՝ միանգամից զոհվել են։ Չգիտեմ՝ ինչու են գրում՝ հերոսացան, ռազմական ինչ-որ հերոսություններ են վերագրում, մի տեսակ անարդար ես համարում, որ իրականում հարյուրավոր, գուցե հազարավոր մարդիկ ռազմական գործողությունների են մասնակցել, զոհվել են կամ վիրավորվել, իրենց մասին երբեք չես գրում՝ հերոս, բայց, ասենք, ռազմական գործողության չմասնակցածի մասին գրում ես՝ հերոս։ Նույնն էլ գերիների մասին, չգիտեմ ինչու՝ անընդհատ ասում են՝ հերոս, ու չես հասկանում՝ տրամաբանությունը որն է։ 

Ինչպե՞ս պետք է գրել գերիների մասին։

Նայած, թե ինչ հանգամանքներում են գերի ընկել։ Ընդհանուր առմամբ, դրա մեջ որևէ հերոսական բան չկա, հատկապես, եթե զենքը վայր են դրել, հանձնվել են։ Շատ դեպքեր են եղել, որ շրջափակման մեջ են եղել ու հանձնվելու մասին առաջարկներ են արվել, բայց չեն հանձնվել, զոհվել են: Այս վերջին՝ 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ Շուշիի Խաչի մոտի դիրքում երկու կին ծառայող կար: Ադրբեջանցիները հողին են հավասարեցրել մեր դիրքերը: Այնտեղ գտնվողները խրամատներից դուրս էին եկել տարբեր ուղղություններով: Երբ հրետակոծությունը դադարել էր, եւ հետեւակն էր արդեն գրոհել, տեսել էին՝ կանայք իրենց հետ չեն: Հետո փնտրել են նրանց ու գտել մի խրամատի մեջ, ձեռքներին նռնակներ՝ ձգանը հանած: Սրա մասին մարդիկ չգիտեն, իսկ գերիների մասին բոլորը գիտեն ու նրանց հերոսացնում են երբեմն: 

2016-ի քառօրյայից հետո «Կինոաշխարհին» ասել եք. «Երբեք պատմություն չի գրվում այն մասին, թե ինչպես են հրամանատարի սխալի պատճառով շատ մարդիկ զոհվում: Իսկ նման դեպքեր եղել են»: 2020-ի պատերազմից հետո գրվեցին ու դեռ գրվում են այդ պատմությունները։ Ինչո՞վ է դա կարևոր։

Պետք է իմանանք, թե ինչի պատճառով եղավ այս կամ այն դեպքը։ Եղել են դեպքեր, երբ մի ամբողջ գումարտակ կամ մի ամբողջ դասակ զոհվել է, բայց չգիտենք՝ոնց են զոհվել։ Այնտեղ ծանոթներ կային, որոնք 2016թ․ պատերազմի մասնակիցներ էին, նրանք լավ կռվողների համբավ ունեին, նշանակում է՝ այդ գումարտակը մարտի մեջ է մտել:  Մենք չգիտենք՝ մարտական գործողություննե՞ր են եղել, ո՞նց են զոհվել, ո՞նց են միանգամից հայտնվել հակառակորդի շրջափակման մեջ։ Հիմա դատական գործեր կան, օրինակ՝ Հադրութի դիվիզիոնի հետ կապված, հրամանատարը զինվորներին թողել է, լավ կլինի ճշմարտությունն իմանալ։ Պետք է ճիշտը գրել, մարդիկ պետք է իմանան, թե ոնց է եղել յուրաքանչյուր բնագծի, բնակավայրի կորուստը: Յուրաքանչյուր ծնող պետք է իմանա՝ ինչպես է զոհվել իր որդին: Այսօր բազմաթիվ անհետ կորածների հարազատներ ԴՆԹ-ով հաստատված մասունքները չեն վերցնում: Պատճառը գիտե՞ք որն է, որովհետեւ նրանց չեն ներկայացրել, թե ինչպես են զոհվել իրենց զինվորները:

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ լրագրողներին, որոնք առաջին անգամ են գնում պատերազմ լուսաբանելու: 

Գոնե ինչ-որ ուղեցույցներ կարդալ, թե ոնց պետք է լուսաբանել, ինչ-որ գիտելիքներ ձեռք բերել՝ տեղանքում կողմնորոշվելու, ինֆորմացիայի բազմաթիվ աղբյուրներ ունենալ։ Մեզ համար հեշտ էր, որովհետև ունեինք այդ աղբյուրները, առաջնագծի տարբեր հատվածներից միանգամից կարողանում էինք իմանալ՝ որտեղ է ավելի լարված, որտեղ է մարտական գործողություն ընթանում։ Այդ աղբյուրները քո ընկերներն են, հարազատները, դրա համար եմ ասում, որ քո պատերազմը լրիվ ուրիշ է։ Ինչ-որ բաներ կարողանում էինք նաև Երևանից իմանալ, գիտեինք, թե Երևանում ով կարող է այդ ինֆորմացիային տիրապետել։ Եթե երկար ժամանակ լուսաբանել ես, նաև հմտություններ ունես, թե որ ինֆորմացիան որտեղից արագ ճշտես, ինչ-որ մարդիկ կան, որոնց մասին ժամանակին գրել ես, հիմա իրենք քեզ գիտեն և վստահում են։ Գիտեն, որ կարող են ինչ-որ բաներ ասել, որ ճշմարտությունն իմանաս, թեկուզ ոչ հրապարակման համար, բայց իմանաս, ասենք, հյուսիսում ինչ է կատարվում, հարավում՝ ինչ։ Արդեն ասել եմ, որ ավելի լավ է ինքնուրույն շարժվես, քան կցված լինես զորքերին։ Մի քանի անգամ դեպք է եղել, որ մենք հարավից նույն օրում գնացել ենք հյուսիս, մոտ 300 կիլոմետր, որպեսզի իմանանք՝ ինչ է կատարվում։ Ընդ որում՝ երբեմն ինչ-որ զինվորականներ էին ինձ հարցնում, թե ինչ է կատարվում՝ դուք գնացել եք, կարող եք ասել։ Երբեմն իրենք էլ չգիտեին՝ ինչ է կատարվում, որովհետև սուտը շատ էր, չէին կողմնորոշվում։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի (2016, 2020 թթ.)

Գլխավորը լուսանկարը՝ Արցախի հարավային առաջնագծում

Այս նյութը պատրաստվել է իբրեւ Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի ուղեցույցի գործնական դեպքի ուսումնասիրություն՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter