HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմական հանցագործությունները հետաքննելու լրագրողական ուղեցույց. ի՞նչն է օրինական պատերազմում

Պատերազմի սարսափն ու ավերածությունները կարող են ստիպել մարդուն հավատալ, որ հակամարտությունների ժամանակ որեւէ օրենք չի գործում, եւ որ բռնությունը կանոնակարգելու ցանկացած փորձ, հավանաբար, անիմաստ է: Այդուհանդերձ, հենց այն, որ նման համատեքստում որոշակի արարքներ համեմատության մեջ մեզ ավելի շատ են սարսափեցնում, վկայում է մեր այն համոզմունքի մասին, որ պատերազմը պետք է ունենա սահմաններ: Սա նկատվել է դարեր շարունակ, թեեւ գուցե ոչ միշտ է եղել համընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սահմանները:

Ժամանակակից միջազգային իրավունքի համաձայն՝ «պատերազմական հանցագործություն» եզրը վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի այն կոնկրետ լուրջ խախտումներին, որոնք հանգեցնում են անհատական քրեական պատասխանատվության:

Պատերազմի ժամանակակից օրենքները սկիզբ են առել 19-րդ դարում, երբ պետությունները ստորագրել են առաջին միջազգային կոնվենցիաները՝ համաձայնելով մարտադաշտերում պաշտպանելու քաղաքացիական անձանց, հիվանդներին եւ վիրավորներին: Դրանց հետեւեցին բազմաթիվ միջազգային պայմանագրեր, այդ թվում՝ 1949 թվականի Ժնեւի չորս կոնվենցիաները, որոնք դարձել են աշխարհի մակարդակով պատերազմի օրենքներին առնչվող ամենալայն ճանաչում ունեցող տեքստերը: Այս չորս փաստաթղթերը պատրաստվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: Այդ պատերազմը հզոր խթան եղավ, որպեսզի պետությունները գրավոր ներկայացնեն եւ պարտավորվեն հարգել պատերազմի հանրաճանաչ կանոններն ու սովորույթները:

«Պատերազմական հանցագործություն» հասկացությունն ի հայտ եկավ հիշյալ պայմանագրերին զուգահեռ՝ որպես մի եզր, որով կբնութագրվեին պատերազմի այս օրենքների ամենալուրջ խախտումները: Դատարաններում նման պատերազմական հանցագործությունների միջազգային հետապնդումը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգի եւ Տոկիոյի տրիբունալներից, շարունակվել 1990-ականներին՝ նախկին Հարավսլավիայում եւ Ռուանդայում ՄԱԿ-ի ստեղծած միջազգային տրիբունալներով:

Սակայն պատերազմի օրենքները կարող են նշանակություն ունենալ նաեւ դատարաններից դուրս: Դրանք կարող են կարեւոր լինել բռնությունից տուժած անձանց համար, որոնք, հնարավոր է, ցանկություն ունենան ճանաչվելու անարդարության զոհեր, նույնիսկ եթե չեն կարող դիմել դատարան: Դրանք կարող են նաեւ նշանակություն ունենալ հակամարտություններում ներգրավված զինվորների համար, որոնք ցանկանում են իմանալ, որ իրենք կռվում են արդար գործի համար՝ արդար ձեւով:

Ժամանակակից միջազգային իրավունքի համաձայն՝ «պատերազմական հանցագործություն» եզրը վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի այն կոնկրետ լուրջ խախտումներին, որոնք հանգեցնում են անհատական քրեական պատասխանատվության: Պատերազմում, այնուամենայնիվ, օրենքների ոչ բոլոր խախտումներն են պատերազմական հանցագործություններ, եւ ոչ բոլոր քաղաքացիական մահերն են պատերազմական հանցագործություններ կամ նույնիսկ խախտումներ: Ավելին, պատերազմի կիրառելի օրենքները եւ հասանելի իրավակիրառ մեխանիզմները (ներառյալ միջազգային դատարանները) կախված են նրանից, թե կոնկրետ պետությունը որ պայմանագրերն է ստորագրել:

Այս գլխում ընդհանուր անդրադարձ է արվում զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների շրջանակին եւ ներկայացվում է, թե որ գործողությունները կարող են օրինաչափ լինել, իսկ որոնք՝ ոչ:

Թեեւ «պատերազմական հանցագործություն» եզրի տարածված ընկալումը գուցե շեղվել է իրավական համատեքստից, ամեն դեպքում հարկ է հասկանալ դրա ճշգրիտ իրավական նշանակությունը, ինչպես նաեւ պատերազմում ընդհանրապես կիրառվող օրենքները՝ ապահովելու լուսաբանման հավաստիությունը ու գուցեեւ նպաստելու պատերազմական հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարին: Կարեւոր է նաեւ գիտակցել, որ պատերազմի՝ լուրջ հետեւանքների հանգեցնող որոշ գործողություններ, ինչպիսիք են քաղաքացիական անձանց մահը կամ լուրջ վնասվածքները, ոչ միշտ են համարվում պատերազմական հանցագործություններ: Այս գործողությունների լուսաբանումը այն գիտակցմամբ, որ օրենքի որեւէ խախտում չի եղել, միեւնույն է, կարող է կարեւոր լինել՝ պետություններին քաղաքական պատասխանատվության ենթարկելու համար՝ նվազեցնելու զինված հակամարտությունների ժամանակ քաղաքացիական անձանց կրած վնասը:

Այս գլխում ընդհանուր անդրադարձ է արվում զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների շրջանակին եւ ներկայացվում է, թե որ գործողությունները կարող են օրինաչափ լինել, իսկ որոնք՝ ոչ: Այն սպառիչ չէ, եւ այս ուղեցույցի հետագա մասերում կարելի է գտնել լրացուցիչ ռեսուրսներ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հեղինակավոր աղբյուր է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի կանոնների մեկնաբանման համար եւ տրամադրում է ռեսուրսներ, որոնք օգտակար են զինված հակամարտությունների իրադարձությունները լուսաբանող լրագրողների համար:

A-radio-station-broadcaster-reads-a-list-of-names-of-missing-children-twice-a-day-provided-by-the-ICRC-in-the-hopes-of-reuniting-families-in-Minova-DR-Congo-771x510.jpg (56 KB)
Մինովա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, հունվարի 29, 2009թ. Մի ռադիոկայան օրական երկու անգամ ձայնասփռում է անհետ կորած երեխաների անունների ցանկը, որը տրամադրել է ԿԽՄԿ-ն՝ ընտանիքները վերամիավորելու հույսով: Սրա շնորհիվ բազմաթիվ ընտանիքներ գտել են իրենց հարազատներին: Լուսանկարը՝ Ռոն Հավիվի, VII

Կիրառվող օրենքներ

Զինված հակամարտությունների պարագայում հիմնականում կիրառվում են հետեւյալ օրենքները՝

  • Միջազգային մարդասիրական իրավունք (հայտնի նաեւ իբրեւ պատերազմի օրենքներ կամ զինված հակամարտությունների օրենքներ), որը կանոնակարգում է հակամարտության կողմ հանդիսացող պետությունների եւ ոչ պետական զինված խմբերի գործողությունները: Այս իրավունքը հիմնականում վերաբերում է պետությունների (կամ զինված խմբերի) եւ ոչ թե անհատների պատասխանատվությանը:
  • Միջազգային քրեական իրավունք, որը կանոնակարգում է միջազգային հանցագործություններ (ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ) իրագործած առանձին դերակատարների պատասխանատվությունը զինված հակամարտության ժամանակ եւ դրանից դուրս։ Չնայած գոյություն ունեցող կապին, միջազգային մարդասիրական իրավունքը եւ միջազգային քրեական իրավունքը միջազգային իրավունքի առանձին բաղկացուցիչներ են: 
  • Մարդու իրավունքների միջազգային իրավունք, որը կանոնակարգում է պետությունների (իսկ որոշ դեպքերում՝ ոչ պետական սուբյեկտների) պարտավորությունը իրենց տարածքում եւ/կամ իրավազորության ներքո գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ, թեեւ դրա կիրառումը զինված հակամարտությունների ժամանակ երբեմն կարող է տարբեր լինել:
  • Պետության ներքին օրենքները:
  • Պետության կողմից վավերացված այլ միջազգային օրենքներ եւ համաձայնագրեր, թեեւ դրանց կիրառումը զինված հակամարտությունների ժամանակ կարող է տարբեր լինել:

Միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է միայն այն իրավիճակներին, որոնք կոնկրետ իրավական չափանիշների հիման վրա սահմանվում են իբրեւ զինված հակամարտություններ:

Միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է միայն այն իրավիճակներին, որոնք կոնկրետ իրավական չափանիշների հիման վրա սահմանվում են իբրեւ զինված հակամարտություններ:

Պատերազմի գործողություններին առավել առնչվող իրավական նորմերի ամբողջությունը միջազգային մարդասիրական իրավունքն է: Այն կիրառվում է միայն զինված հակամարտությունների ժամանակ՝ սահմանելով, օրինակ, թե ով չի կարող թիրախավորվել (տարբերակման սկզբունքը տե՛ս ստորեւ), ինչ միջոցներ ու մեթոդներ է կարելի օգտագործել ռազմական գործողություններ իրականանցնելիս (օրինակ՝ որոնք են արգելված զինատեսակները), ինչպես նաեւ, թե ինչպես է պետք վերաբերվել հակամարտող կողմերի ձեռքում գտնվող անձանց` ներառյալ կալանքի տակ գտնվողներին, ինչպես նաեւ ռազմական գործողություններին այլեւս չմասնակցող անձանց:

Զինված հակամարտությունների տեսակները

Միջազգային մարդասիրական իրավունքը վերաբերում է միայն այն իրավիճակներին, որոնք կոնկրետ իրավական չափանիշների հիման վրա սահմանվում են իբրեւ զինված հակամարտություններ:

Գոյություն ունի զինված հակամարտությունների երկու տեսակ՝

  • միջազգային զինված հակամարտություններ (հաճախ հապավվում է իբրեւ «ՄԶՀ», անգլ.՝ International armed conflicts, IAC) պետությունների միջեւ,
  • ոչ միջազգային զինված հակամարտություններ («ՈՄԶՀ», անգլ.՝ Non-international armed conflicts, NIAC) ոչ պետական զինված խմբերի եւ պետության կամ երկու կամ ավելի ոչ պետական զինված խմբերի միջեւ (երբեմն անվանվում են նաեւ քաղաքացիական պատերազմներ, ներպետական կամ ներքին հակամարտություններ):

Այս բաժանումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ կիրառելի իրավական շրջանակը տարբերվում է, չնայած նրան, որ հիմնական կանոնները մնում են նույնը: Տարբերությունը պայմանավորված է նրանով, թե ով է ներգրավված սուբյեկտը։ Որոշ հակամարտություններ հիշյալ երկու տեսակներն էլ ներառում են. նման դեպքում դրանք պետք է դասակարգվեն առանձին: Զինված օկուպացիայի իրավիճակները, երբ որեւէ պետություն օկուպացնում է մեկ այլ պետության մի մասը կամ ամբողջ տարածքը, համարվում են միջազգային զինված հակամարտություններ, եւ պայմանագրերում ու սովորույթներում առկա են այդ իրավիճակները կարգավորող հատուկ կանոններ: Զինված հակամարտության գոյությունը (ինչպես եւ դրա հետ կապված միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների կիրառելիությունը) միշտ չէ, որ ի սկզբանե պարզ է (հատկապես ՈՄԶՀ-ների դեպքում), սակայն որոշ կառույցներ քարտեզագրում են հակամարտությունների հնարավոր գոյությունն ամբողջ աշխարհում:

Տերմինաբանություն. ինչո՞վ է «զինված հակամարտությունը» տարբերվում «պատերազմից»

Միջազգային մարդասիրական իրավունքը կիրառելի է ցանկացած «զինված հակամարտության» սկսվելուն պես։ Սա իրավական եզր է, որը թեպետ առանձնանում է, բայց չի բացառում կապն այլ քաղաքական եզրերի հետ, ինչպիսին «պատերազմն» է: «Պատերազմի» բռնկումը կարող է օգտագործվել քաղաքական իմաստով (օրինակ՝ «քաղաքացիական պատերազմ», «պատերազմ թմրանյութերի դեմ» կամ «պատերազմ ահաբեկչության դեմ»)` ներառելով կամ չներառելով զինված հակամարտությունը, ինչն էլ որոշիչ է միջազգային մարդասիրական իրավունքի կիրառելիության համար։ Գոյություն ունեն իրավական չափանիշներ՝ որոշելու՝ արդյո՞ք տեղի ունի զինված հակամարտություն, թե՞ ոչ.

  • Միջազգային զինված հակամարտությունը սկսվում է ինքնիշխան պետությունների միջեւ զինված ուժի կիրառմամբ (տեսականորեն անգամ մեկ սահմանային կրակոցը կարող է համապատասխանել այդ սահմանմանը):
  • Ոչ միջազգային զինված հակամարտության գոյությունը կախված է ռազմական գործողությունների տեւողությունից եւ ինտենսիվությունից, ինչպես նաեւ՝ ներգրավված զինված խմբ(եր)ի կազմակերպական կառուցվածքից:

Ոչ բոլոր օրենքներն են տարածվում բոլոր պետությունների վրա

Միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունները ենթարկվում են միայն այն օրենքներին, որոնք ընդունել են՝ սովորաբար պայմանագրերի վավերացման (ստորագրելով եւ կիրառելով ներքին օրենսդրության մեջ) միջոցով կամ Միջազգային սովորութային իրավունքի ուժով: ՄԱԿ-ի պայմանագրերի շտեմարանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) տվյալների բազան եւ այլ առցանց ռեսուրսներ պարունակում են ցուցակներ եւ տեղեկություններ այն մասին, թե որ պետությունները որ պայմանագրերն են վավերացրել:

Զինված հակամարտության կողմերի համար պարտադիր ուժ ունեն՝ 

Զինված հակամարտություն սկսելու օրինաչափությունը կարգավորվում է միջազգային իրավունքի առանձին կանոններով (պետությունների միջեւ ուժի կիրառման մասին օրենքներ): Սակայն հակամարտության սկսվելու ձեւն ու պատճառը չեն ազդում դրանց ժամանակ կիրառվող կանոնների վրա: Եթե հակիրճ, ապա գործում է միեւնույն միջազգային մարդասիրական իրավունքը՝անկախ նրանից՝զինված հակամարտությունն ապօրինաբա՞ր է սկսվել, թե՞ ոչ։

International-Criminal-Court-771x507.jpg (82 KB)
Միջազգային քրեական դատարանը Հաագայում (Նիդերլանդներ)

Պատերազմի կանոնները

Գոյություն ունեն մանրամասն կանոններ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն ռազմական գործողությունների անցկացումը կանոնակարգելու, ինչպես նաեւ՝ ռազմական գործողություններին չմասնակցող կամ այլեւս չմասնակցող անձանց (օրինակ՝ կալանքի տակ գտնվողներին, հիվանդներին եւ վիրավորներին) պաշտպանելու համար: Ստորեւ բերված կանոնները, թեպետ ոչ սպառիչ, միջազգային մարդասիրական իրավունքի որոշ հիմնական սկզբունքների եւ պաշտպանության տեսակների ցուցիչներ են:

Ռազմական գործողությունների վարումը

Ռազմական գործողություններ վարելու համար կիրառելի երկու հիմնարար կանոններն են տարբերակման սկզբունքը եւ համաչափության սկզբունքը:

1. Տարբերակում

Տարբերակման սկզբունքը պահանջում է, որ զինված հակամարտության կողմերը միշտ տարբերեն քաղաքացիական անձանց ռազմական գործողություններին մասնակցող անձանցից (այդ թվում՝ կոմբատանտներից), ինչպես նաեւ՝ քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները ռազմական օբյեկտներից: Միայն ռազմական օբյեկտները եւ ռազմական գործողություններին մասնակցող անձինք կարող են հարձակման օրինական թիրախ դառնալ:

Ո՞վ կարող է դառնալ թիրախ. անձերի առումով օրինական թիրախներ են միայն կոմբատանտները (մարտիկները) եւ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցողները։ Այնուամենայնիվ, քաղաքացիական անձանց զոհվելու կամ վիրավորվելու դեպքերը պարտադիր չէ, որ ապօրինի հարձակման հետեւանք լինեն, եթե թիրախավորման բոլոր կանոնները պահպանված լինեն: 

Ի՞նչը կարող է թիրախավորվել. ռազմական թիրախ է այն ամենը, ինչն իր տեղակայմամբ, նշանակությամբ կամ կիրառմամբ նպաստում է ռազմական գործողության արդյունավետությանը, եւ որի մասնակի կամ ամբողջական ոչնչացումը որոշակի ռազմական առավելություն կապահովի տվյալ պահին ստեղծված հանգամանքներում: Այն օբյեկտները, որոնք բնույթով քաղաքացիական են (օրինակ՝ քաղաքացիական շենքերը, կամուրջները, ճանապարհները), հանգամանքներից ելնելով, կարող են դառնալ ռազմական թիրախ, օրինակ՝ եթե դրանք օգտագործվում են զինտեխնիկա տեղակայելու կամ փոխադրելու համար: Այդուհանդերձ, հակամարտող երկու կողմերն էլ պարտավոր են խուսափել որոշակի քաղաքացիական օբյեկտների, հատկապես բժշկական հաստատությունների՝ ռազմական նպատակներով օգտագործումից (պաշտպանված տարբերանշանների եւ ուխտադրժության մասին՝ տե՛ս ստորեւ):

Bosnian-and-Croatian-prisoners-of-war-at-the-prison-camp-in-Manjaca-Bosnia.jpg (135 KB)
Օգոստոսի 22, 1992թ., Բոսնիա. բոսնիացի եւ խորվաթ ռազմագերիները Մանյաչայի ռազմագերիների ճամբարում: Բոսնիական հակամարտության բոլոր կողմերն ունեին ռազմագերիների ճամբարներ, որտեղ բազմաթիվ մարդիկ են սպանվել: Հետագայում մի քանի հրամանատարներ մեղադրվել են ռազմական հանցագործությունների համար: Լուսանկարը՝ Ռոն Հավիվի, VII

Անձի կամ օբյեկտի՝ ռազմական թե քաղաքացիական լինելու վերաբերյալ որեւէ կասկածի առկայության դեպքում ընդունված է համարել, որ անձը կամ օբյեկտը քաղաքացիական է. նրա վրա հարձակումն արգելվում է:

Ըստ միջազգային մարդասիրական իրավունքի ՝ «կոմբատանտ» եզրն ունի հատուկ իրավական սահմանում. այդպես են անվանում պետության զինված ուժերի բոլոր անդամներին (բացառությամբ բժշկական եւ կրոնական անձնակազմի): Կոմբատանտները համարվում են ռազմական թիրախներ, եւ հետեւաբար նրանց թիրախավորումն օրինաչափ է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք դադարել են մասնակցել ռազմական գործողություններին, այսինքն՝  (միջազգայնորեն ընդունված եզրն օգտագործելով) «hors de combat» են (օրինակ՝ վիրավոր են, հիվանդ կամ հանձնվել են) եւ հակառակորդի կողմից գերեվարվելու դեպքում ունեն ռազմագերու կարգավիճակի իրավունք:

Ըստ միջազգային մարդասիրական իրավունքի՝ ցանկացած անձ, որը մարտական գործողությունների մասնակից չէ, իրավաբանորեն համարվում է «քաղաքացիական անձ»: Այնուամենայնիվ, քաղաքացիական անձինք կարող են կորցնել հարձակումներից իրենց իրավական պաշտպանվածությունը, եթե անմիջական մասնակցություն ունենան ռազմական գործողություններին, թեեւ այդ պաշտպանվածության կորստի պահի եւ տեւողության վերաբերյալ մանրամասները երբեմն վիճարկվում են: Ռազմական գործողություններին մասնակցող կազմակերպված ոչ պետական զինված խմբերի անդամների համար հարձակումներից իրենց պաշտպանվածությունը կարող է կորսված համարվել այդ զինված խմբին նրանց անդամակցության ընթացքում: Այս զինված խմբերի անդամներին նշելու համար երբեմն օգտագործվում են «մարտիկ» կամ «շարունակական մարտական գործառույթ իրականացնող անձ» եզրերը:

Ինչպիսին էլ որ լինեն նրանց գործողությունները, եւ՛ կոմբատանտները, եւ՛ քաղաքացիական անձինք երբեք չեն կարող կորցնել միջազգային իրավունքով իրենց տրված ողջ պաշտպանվածությունը, օրինակ՝ մարդասիրական վերաբերմունքի իրավունքը:

2. Համաչափություն

Համաչափության սկզբունքը սահմանում է, որ հարձակումն օրինաչափ չէ, եթե նրա՝ քաղաքացիական անձանց պատճառելիք վնասը էականորեն մեծ է, քան հարձակումից ակնկալվող ուղղակի ռազմական առավելությունը: Օրինակ՝ դատարկ ռազմական բեռնատարի պես նվազագույն կարեւորություն ունեցող օբյեկտի ռմբակոծումը բանուկ շուկայում, որը կհանգեցնի բազմաթիվ զոհերի խաղաղ բնակիչների շրջանում, հավանաբար չի հանձնի համաչափության սկզբուքի քննությունը:

Մյուս կողմից, հարձակումը, որը քաղաքացիական անձանց վիրավորման կամ մահվան պատճառ է դառնում կամ վնաս է հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքներին, կարող է օրինաչափ լինել, եթե ակնկալվող ռազմական առավելությունն ավելի մեծ է, քան քաղաքացիական վնասի չափը (որը երբեմն անվանում են «կողմնակի վնաս» (անգլ.՝ collateral damage) կամ «պատահական վնաս» (անգլ.՝ incidental harm): Այսպիսով, քաղաքացիական անձանց մահվան ոչ բոլոր դեպքերն են հանդիսանում պատերազմական հանցագործություններ կամ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում: Համաչափության սկզբունքը կախված է նրանից, թե ինչ է հայտնի եղել որոշման կայացման եւ հարձակման ժամանակ, եւ չի գնահատվում պոստ ֆակտում ակներեւ դարձած ապացույցներով: Ավելին, այն հիմնված է մարդասիրության եւ ռազմական անհրաժեշտության հավասարակշռության վրա, որի համար ճշգրիտ հաշվարկ չկա։ Սա կարող է հատկապես դժվարացնել այս սկզբունքը պահպանելու գնահատումը:

Հարձակման նախազգուշական միջոցները

Միջազգային մարդասիրական իրավունքով հարձակման օրինաչափ լինել-չլինելու հանգամանքը (այսինքն՝ պահպանվո՞ւմ են, արդյոք, տարբերակման եւ համաչափության սկզբունքները) պահանջում է ռազմական գործողություններ պլանավորողներից եւ իրականացնողներից հնարավոր նախազգուշական միջոցներ ձեռնարկել հարձակման ժամանակ: Սա ենթադրում է ռազմական գործողությունների ժամանակ խաղաղ բնակիչներին խնայելու մշտական ուշադրություն, թիրախի՝ ռազմական, այլ ոչ թե քաղաքացիական լինելու փաստի ստուգում, հարձակման չեղարկում կամ կասեցում, եթե կիրառվող ուժն անկանոն կամ անհամաչափ է եւ, անհրաժեշտության դեպքում, հարձակման ժամանակ նախազգուշացումների տրամադրում:

Նախազգուշական միջոցներ ձեռնարկելու պարտավորությունը վերաբերում է նաեւ քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական օբյեկտների՝ հարձակման հետեւանքներից պաշտպանությանը, օրինակ՝ խիտ բնակեցված տարածքներում չտեղակայելով զինտեխնիկա կամ անձնակազմ: 

Սպառազինություններ

Միջազգային մարդասիրական իրավունքը կանոնակարգում է նաեւ պատերազմ վարելու միջոցներն ու մեթոդները, ներառյալ այն զինատեսակները, որոնք կարելի է կամ չի կարելի կիրառել: Սրա մեջ մտնում են այն զենքերը, որոնք իրենց բնույթով անկանոն են կրակում (այսինքն՝ հնարավորություն չեն ստեղծում տարբերակելու օրինական եւ անօրինական թիրախները), եւ նրանք, որոնք կարող են ավելորդ վնաս կամ անհարկի տառապանք պատճառել: Որոշ զինատեսակներ արգելված են կամ կարգավորվում են նաեւ որոշակի պայմանագրերով (օրինակ՝ կենսաբանական եւ քիմիական զենքերը, ականները, էքսպանսիվ փամփուշտները):

shutterstock_2301029013-771x578.jpg (111 KB)
Կամբոջայում մոտ երեք տասնամյակ տեւած քաղաքացիական պատերազմից հետո մոտ 4-6 մլն չպայթած ականներ են մնացել, եւ երկրում ամեն տարի դեռեւս տասնյակ զոհեր են գրանցվում դրանց պայթյունից:

Միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված պաշտպանության այլ միջոցներ 

Միջազգային մարդասիրական իրավունքը պաշտպանում է նաեւ նրանց, ովքեր չեն մասնակցում կամ այլեւս չեն մասնակցում ռազմական գործողություններին: Պաշտպանության տեսակներից մի քանիսը թվարկված են այստեղ:

  • Անազատության մեջ գտնվողների հետ վարվելակերպ

Յուրաքանչյուր անձ, որը չի մասնակցում կամ այլեւս չի մասնակցում ռազմական գործողություններին, պետք է մարդկային վերաբերմունքի արժանանա բոլոր դեպքերում, ինչը ենթադրում է նաեւ պաշտպանություն խոշտանգումներից կամ անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքից: Զինված հակամարտություններին առնչվող պատճառներով ազատությունից զրկված քաղաքացիական անձինք միջազգային զինված հակամարտություններում ունեն հատուկ դատական երաշխիքների իրավունք: Ռազմագերիները (այս կարգավիճակը գոյություն ունի միայն միջազգային զինված հակամարտություններում) ունեն հատուկ պաշտպանության իրավունք, որը նկարագրված է 1949 թվականի Ժնեւի երրորդ կոնվենցիայում, ներառյալ՝ դատական երաշխիքների իրավունքը, թշնամական տերության ուժերում ծառայելուց պաշտպանությունը եւ նրանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությանն առնչվող կանոնները:

  • Օկուպացիա

Միջազգային մարդասիրական իրավունքում գոյություն ունեն ժամանակավոր բնույթ կրող օկուպացիան կանոնակարգող հատուկ կանոններ: Այս կանոնների շարքում են տարածքների կառավարման վերաբերյալ մանրամասն պահանջները, ինչպես նաեւ բռնի տեղահանման եւ կոլեկտիվ պատիժների արգելքները: Ավելին, օկուպացիոն պետություններն, ամենայն հավանականությամբ, կունենան Մարդու իրավունքների միջազգային իրավունքով սահմանված պարտավորություններ իրենց վերահսկողության տակ գտնվողների նկատմամբ:

  • Պաշտպանված տարբերանշանների չարաշահում

Միջազգային մարդասիրական իրավունքը որոշ պարագաներում նախատեսում է ուժեղացված պաշտպանություն՝ ներառելով Կարմիր խաչի, Կարմիր մահիկի եւ Կարմիր բյուրեղի տարբերանշանների օգտագործման դեպքերը: Այս տարբերանշանների պաշտպանված կիրառումն առանցքային է զինված հակամարտությունների ժամանակ մարդասիրական կանոնների պահպանման համար: Հակամարտության կողմերը պետք է վստահ լինեն, որ ոչ ոք, ներառյալ իրենց հակառակորդը, չի չարաշահում տարբերանշանները՝ չեզոքություն եւ պաշտպանություն ապահովելով դրանց հետեւում թաքնվելով։ Կեղծիքով քաղաքացիական անձ կամ որեւէ կարգավիճակով պաշտպանված ներկայանալը, այդ թվում՝ այս տարբերանշանների խեղաթյուրմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: Ուխտադրժությունը, այն է՝ այս պաշտպանիչ կարգավիճակի օգտագործումը սպանելու, վիրավորելու կամ գերեվարելու նպատակով, պատերազմական հանցագործություն է:

Chapter_3_Haviv_VII-Photo_09-771x514.jpeg (75 KB)
2009 թվական, Մամա Բոնան` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամավորը Սակեում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, սննդի բաշխման ժամանակ: Նա 1992 թվականից խնամում է ծնողազուրկ եւ առանց ուղեկցության մնացած երեխաներին: Նրա խնամակալության ներքո չորս որբեր կան Ռուանդայից, նա նաեւ պատասխանատու է այլ խնամատար ընտանիքների վերահսկման համար:

Պատերազմական հանցագործություններ

Միջազգային մարդասիրական իրավունքն առավելապես վերաբերում է հակամարտության կողմ հանդիսացողների՝ պետությունների եւ ոչ պետական զինված խմբերի պատասխանատվությանը: «Պատերազմական հանցագործություններ» եզրը վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի՝ անհատական քրեական պատասխանատվության հանգեցնող լուրջ խախտումների առանձին մի խմբի: Բայց կարեւոր է հասկանալ, որ պատերազմում օրենքի ոչ բոլոր խախտումներն են պատերազմական հանցագործություններ: Նույն սկզբունքով, քաղաքացիական անձանց մահվան ոչ բոլոր դեպքերն են հանդիսանում պատերազմական հանցագործություններ կամ միջազգային իրավունքի խախտում:

Տարբերակման եւ համաչափության սկզբունքների խախտումները, ինչպես եւ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը ազատությունից զրկվածների նկատմամբ կամ պաշտպանված տարբերանշանների չարամիտ օգտագործումը պատերազմական հանցագործություններ են: Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում առկա է միջազգային եւ ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ ռազմական հանցագործությունների ցուցակ: Չնայած ոչ բոլոր պետություններն են վավերացրել Հռոմի ստատուտը, համարվում է, որ դրանում թվարկված պատերազմական հանցագործությունները հիմնականում ներկայացնում են եզրի ընդունված միջազգային ընկալումը:

Պետությունները պարտավորություն ունեն հետաքննելու իրենց զինված ուժերի եւ քաղաքացիների, ինչպես նաեւ իրենց տարածքում եւ/կամ իրավազորության ներքո իրականացրած պատերազմական հանցագործությունները եւ անհրաժեշտության դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու կասկածյալներին: Նրանք կարող են նաեւ որոշել հետաքննել եւ դատական կարգով հետապնդել ցանկացած պատերազմական հանցագործություն՝ անկախ դրա հեղինակից եւ իրագործման վայրից։ Այս սկզբունքը հայտնի է իբրեւ «համընդհանուր իրավազորություն» (անգլ.՝ universal jurisdiction):

Ցեղասպանություն եւ մարդկության դեմ հանցագործություններ

Ցեղասպանությունը եւ մարդկության դեմ հանցագործությունները միջազգային հանցագործությունների երկու այլ տեսակներ են, որոնք նույնպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ի հայտ եկած հասկացություններ են՝ միտված նախորդ տարիներին կատարված միջազգային հանցագործությունները դատական կարգով հետապնդելուն: Պատերազմական երկու հանցագործություններն էլ ներկայումս արտացոլված են Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտում: 1948 թվականի Ցեղասպանության մասին կոնվենցիան նույնպես համարվում է միջազգային սովորութային իրավունք, որը պարտադիր է բոլոր պետությունների համար։ Ծանոթագրություն. ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների քրեական տարրերը տարբերվում են պատերազմական հանցագործությունների տարրերից.

  • Մարդկության դեմ հանցագործություններն իրականացվում են իբրեւ «լայնատարած կամ համակարգված հարձակման» մաս։
  • Ցեղասպանությունն իրականացվում է «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբին ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ»։
  • Ցեղասպանությունը եւ մարդկության դեմ հանցագործությունները կարող են իրականացվել զինված հակամարտությունների ընթացքում կամ դրանցից դուրս:

Այս երկու միջազգային հանցագործությունները սովորաբար իրականացվում են մեծ մասշտաբով՝ ի տարբերություն ռազմական հանցագործությունների, որոնք կարող են անհատական բնույթ կրել: Ուստի, մարդկության դեմ հանցագործությունների կամ ցեղասպանության փաստի վերհանումը պահանջում է, որ բացահայտվեն այդ հանցագործությունների օրինաչափությունը, մտադրությունը եւ մասշտաբը: Պատերազմական հանցագործությունները երբեմն ցեղասպանության կամ մարդկության դեմ հանցագործությունների մաս են կազմում:

Chapter_3_Maciek-Nabrdalik_VII-Photo_08-771x514.jpeg (81 KB)
Տեսարան Աուշվիցի համակենտրոնացան ճամբարից. երեւում են գլխավոր դարպասի «Arbeit Macht Frei» (հայ.՝ «Աշխատանքը ազատ է դարձնում») ցուցանակը եւ առավոտյան ճամբար ժամանող առաջին այցելուները։ Օսվենցիմ, Լեհաստան, 2009 թ.

Այլ խախտումներ

Պատերազմական հանցագործությունները միջազգային մարդասիրական իրավունքի միակ խախտումները չեն, որ հանգեցնում են լուրջ հետեւանքների։ Այլ խախտումները, ինչպես, օրինակ, հարձակման ժամանակ նախազգուշական միջոցներ չձեռնարկելն է, կարող են հանգեցնել քաղաքացիական անձանց մահվան կամ լուրջ վիրավորումների եւ/կամ քաղաքացիական գույքի զգալի վնասման, անգամ եթե մեկ առանձին անձ գուցե քրեական պատասխանատվություն չկրի նման արարքի համար: Պաշտպանիչ տարբերանշանների չարաշահումը չարամիտ օգտագործման պարագայում կարող է պատերազմական հանցագործություն համարվել, սակայն ամեն դեպքում դա նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է եւ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, եթե խաթարում է վստահությունը բժշկական եւ հումանիտար օբյեկտների եւ անձնակազմի նկատմամբ: Պետությունները պարտավոր են հետաքննել եւ կանխել նման հնարավոր խախտումները։

«Ենթադրյալ» կամ «առերեւույթ». պատերազմական հանցագործության կամ խախտման փաստի որոշումը

Լրագրողները պետք է հաշվի առնեն, որ միայն իրենց հետաքննությունները հազվադեպ են ի վիճակի ապացուցելու միջազգային իրավունքի խախտումների փաստը։

Միջադեպը դիտարկելիս կամ լուսաբանելիս սովորաբար հնարավոր չի լինում հաստատել պատերազմական հանցագործության առկայությունը: Բոլոր անձինք, ներառյալ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողները, ունեն արդար դատաքննության իրավունք, եւ գործում է անմեղության կանխավարկածի սկզբունքը (կամ ներպետական օրենսդրությամբ համարժեք իրավունք): Այդ իսկ պատճառով պատերազմական հանցագործությունը կամ մարդասիրական իրավունքի այլ խախտում կարող է միայն որոշվել դատարանի կողմից արդյունավետ հետաքննությունից եւ դատավարությունից հետո:  

Պատերազմական հանցագործություն թվացող գործողություններ լուսաբանելիս իրավաբանորեն ճիշտ է հաղորդել «ենթադրյալ» կամ «առերեւույթ» պատերազմական հանցագործությունների մասին:

Շատ դեպքերում միջազգային մարդասիրական իրավունքի խախտման առկայության հաստատումը կպահանջի նաեւ ներքին տեղեկություններ ռազմական կամ պետական հաստատություններից: Օրինակ՝ հարձակման պահին առկա վկայությունները եւ տեղեկությունները, կիրառված հետախուզական տվյալները, այն, թե որն է եղել իրական թիրախը, ինչպես է հաշվարկվել քաղաքացիական բնակչության համար ակնկալվող վնասը, ու ինչպես է այն համադրվել ակնկալվող անմիջական ռազմական առավելության հետ, եւ ինչ հնարավոր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել:

Հնարավոր խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելու պարտավորությունն առաջին հերթին պետություններինն է: Եթե նրանք ի իճակի չեն արդյունավետ հետաքննություն անցկացնելու, այլ կառույցներ, այդ թվում՝ միջազգային, կարող են միջամտել, օրինակ՝ Միջազգային քրեական դատարանը կամ ՄԱԿ-ի գործակալությունները: Քաղաքացիական հասարակությունը, ներառյալ՝ լրագրողները եւ իրավապաշտպան կազմակերպությունները, կարող են կարեւոր դեր խաղալ առերեւույթ կամ ենթադրյալ խախտումների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ պետությունների՝ դրանք հետաքննելու անկարողությունը ակներեւ դարձնելու գործում: Օրենքը հասկանալը եւ հնարավոր խախտումները մատնանշելը կարող են գործելու հզոր կոչ լինել: Շատ դեպքերում այս ոչ պետական հետաքննությունները կարող են, ի վերջո, հանգեցնել պատասխանատվության: Այնուամենայնիվ, լրագրողները պետք է հաշվի առնեն, որ միայն իրենց հետաքննությունները հազվադեպ են ի վիճակի ապացուցելու միջազգային իրավունքի խախտումների փաստը, եւ անհրաժեշտ է ջանքեր գործադրել` չվտանգելու ապագա պոտենցիալ հետաքննությունները:

Հրամանատարության պատասխանատվությունը

Հրամանատարության պատասխանատվության հայեցակարգը միջազգային իրավունքի եզակի հասկացություն է, ըստ որի՝ հրամանատարները կարող են ուղղակիորեն պատասխանատվություն կրել իրենց ենթակաների գործողությունների համար: Միջազգային քրեական իրավունքի համաձայն՝ դա կարող է տարածվել նաեւ քաղաքացիական վերադասների (ոչ միայն ռազմական հրամանատարների) վրա։ Նման պատասխանատվության երկու տեսակ կա՝

Այս հայեցակարգը մանրամասնորեն ուսումնասիրել են միջազգային քրեական տրիբունալները։ Հայեցակարգում առկա են զանազան իրավական տարրեր, որոնք պետք է կատարվեն, ներառյալ այն, որ հրամանատարը «գիտեր կամ պետք է իմանար» պատերազմական հանցագործությունների մասին, եւ որ նրանք չեն ձեռնարկել իրենց լիազորությունների շրջանակում «անհրաժեշտ եւ ողջամիտ» միջոցներ:

Chapter_3_Haviv_VII-Photo_07-771x578.jpeg (90 KB)
Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի դատական նիստերի դահլիճը: ՄԱԿ-ի այս մարմինը ստեղծվել է Հարավսլավիայի պատերազմների ժամանակ իրագործված պատերազմական հանցագործությունները դատական կարգով հետապնդելու եւ դրանց մեղավորներին դատելու համար: Տրիբունալը ժամանակավոր դատարան էր՝ տեղակայված Հաագայում (Նիդերլանդներ):

Պատերազմական հանցագործությունները կարող են դատական հետապնդման ենթարկվել տարբեր դատարաններում՝ ներքին եւ միջազգային մակարդակով՝ կախված նրանից, թե ինչ պայմանագրեր են ստորագրել տվյալ պետություննեը, եւ այն պետությունների քաղաքական կամքից, որոնց տարածքում գտնվում են հանցագործները:

Ստեղծվել են նաեւ տարբեր ժամանակավոր կամ հիբրիդային տրիբունալներ որոշակի հակամարտություններին հաջորդող անցումային շրջաններում՝ այդ հակամարտության ընթացքում կատարված միջազգային հանցագործությունները դատական կարգով հետապնդելու համար: Դրա օրինակներից են Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած Նյուրնբերգի եւ Տոկիոյի տրիբունալները, նախկին Հարավսլավիայում եւ Ռուանդայում ստեղծված ժամանակավոր տրիբունալները եւ Կամբոջայում, Սիերա Լեոնեում, Լիբանանում եւ Արեւելյան Թիմորում ստեղծված հիբրիդային տրիբունալները:

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter