HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմական հանցագործությունները հետաքննելու լրագրողական ուղեցույց. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադ

Ես երբեք չէի կարող ենթադրել, թե որքան փոքր է իմ գյուղը, քանի դեռ չէի հասկացել, որ մենք բոլորս կարող ենք տեղավորվել ընդամենը մի դպրոցի բակում:

2014 թվականի օգոստոսի 15-ն էր, և երկու շաբաթ ԻՍԻՊ-ի (անգլ.՝ ISIS) զինյալները վխտում էին մեր Կոչո գյուղի ծայրամասերում՝ ծաղրելով և ծանակելով մեզ։ Ի վերջո, նրանք խուժեցին ներս: Իմ դպրոցը` երջանկության և ցնծության երբեմնի այդ վայրը, վերածվեց չարագույժ փարախի, սպասասրահի` մեզ ևս մեկ քայլ մոտեցնելով ցեղասպանությանը:

ԻՍԻՊ-ից մեկ ժամ պահանջվեց մեր 400 հայրերին, եղբայրներին և որդիներին գնդակահարելու համար:

Հետաքննող լրագրողներին կհորդորեի փնտրել մեզ և դա անել ավելի շուտ, փնտրել լքվածներին ու խոցելիներին՝ նախքան վայրագությունների սկսվելը։

Այնուհետև կանանց ու երեխաներին խցկեցին ավտոբուսներն ու վաճառեցին աննկարագրելի տառապանքներով լի սեռական ստրկության: Այդ օրը մեր գյուղում կատարվածի հասցրած տրավման մեզ երբեք չի լքի։ Եվ թեպետ աշխարհը տեղյակ էր, որ ԻՍԻՊ-ը Իրաքում հսկայական տարածքներ է գրավում, մեր անձնական ողբերգությունը պարզապես չէր լուսաբանվում:

Խաղաղ ժամանակ եզդի կանայք հասարակության լուսանցքում էին, բայց մոլեգնող հակամարտությանը զուգահեռ, մենք դարձանք անտեսանելի: Սակայն, եթե ինչ-որ մեկը մեզ փնտրեր, ապա կգտներ հուշումներ: ԻՍԻՊ-ի մանիֆեստում հստակ գրված էր սպանությունների, բռնի դավանափոխությունների և բռնաբարությունների միջոցով եզդիներին վերացնելու նպատակի մասին: Դրանից զատ, զինյալները սոցիալական ցանցերում անթաքույց վաճառում էին եզդի կանանց և աղջիկներին:

Եթե որևէ լրագրող ավելի վաղ պատմեր մեր պատմությունը, մի՞թե ինչ-որ բան կփոխվեր: Ես այդ հարցի պատասխանը չգիտեմ։ Բայց հետաքննող լրագրողներին կհորդորեի փնտրել մեզ և դա անել ավելի շուտ, փնտրել լքվածներին ու խոցելիներին՝ նախքան վայրագությունների սկսվելը։ Դուք հաճախ մեր միակ հույսն եք:

Հնարավոր է՝ մեզ գտնեք փախստականների կամ ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) ճամբարներում: Գուցե մենք թաքնված ենք մեր քաղաքներից և գյուղերից մնացած ավերակներում: Հնարավոր է՝ մենք ողջ մնացած լինենք, սակայն կորցրած լինենք ամեն ինչ։ Մեր միակ ուժը մեր պատմություններն են։

Ես կոչ եմ անում լրագրողներին պարզել, թե ինչու չկան իրավական կամ քաղաքական համակարգեր, որոնք կպաշտպանեն մեզ նման մարդկանց, և հետաքննել մեր խնդիրների բուն պատճառները։ Այո՛, ԻՍԻՊ-ը ցանկանում էր ջնջել եզդիներին աշխարհի երեսից։ Բայց, թերևս, ավելի կարևոր հարցն այն է, թե ինչու էին նրանք այդքան մոտ հաջողելուն:

Երբ ես փախա Իրաքում ինձ գերեվարածներից, սկսեցի խոսել: Ես ուզում էի, որ աշխարհն իմանա ԻՍԻՊ-ի իրականացրած սիստեմատիկ սեռական բռնությունների մասին: Իմ ձայնն այն միակ գործիքն էր, որի միջոցով ես պետք է փորձեի փրկել իմ ընկերուհիներին և ընտանիքի անդամներին, որոնք դեռ գերության մեջ էին: 

Ես հավերժ երախտապարտ կլինեմ այն լրագրողներին, որոնք այցելել էին ճամբարներ՝ մեզ ձայն տալու համար։ Նրանցից շատերը, ինչպես Ջեննա Կրաջեսկին՝ իմ հուշերի համահեղինակը, բարի էին, կարեկից և համբերատար փորձում էին հասկանալ ինձ, նախքան հարցեր տալուն անցնելը:

Այդուհանդերձ, ես հանդիպել եմ նաև բազմաթիվ լրագրողների, որոնց՝ վերապրածների հետ հարցազրուց վարելու անսիրտ մոտեցումը նման էր 1964 թվականին Կոնգոյում բրիտանացի լրագրողի տխրահռչակ պատմությանը. մարդիկ լսել էին, թե ինչպես է նա քաղաքացիական պատերազմից փախչող կանանց հարցնում՝ «Ձեր մեջ բռնաբարված մեկը կա՞, որ նաև անգլերեն է խոսում»

Ինձ նույնպես խիստ անձնական և ինտիմ հարցեր են ուղղել իմ կրած տառապանքների մասին, բայց ոչ երբեք՝ իմ կարիքների: Նման զրույցներից հետո իմ զգացողությունն այն էր, որ կարծես քայլող վերնագիր եմ, ուրիշ ոչինչ: Ապրանք՝ կրկին: Հենց այդ պատճառով, ի դեպ, ես դարձա Մուրադի վարքականոնի համահիմնադիր. դա վերապրածների կարիքներին և խնդիրներին նվիրված ուղեցույց է հետաքննողների և լրագրողների համար, որը կարելի է կիրառել սեռական բռնության զոհերի հետ հարցազրույցների ժամանակ:

Որպես կոնֆլիկտի ժամանակ սեռական բռնություն և ցեղասպանություն վերապրածի՝ ինձ հարցնում են, թե ինչ ենք մենք ուզում:

Իմ պատասխանը միշտ նույնն է՝ արդարություն։

Արդարության դրսևորումները, իհարկե, կարող են տարբեր լինել: Այնուամենայնիվ, մեր ցանկությունն է, որ մեր դեմ ոտնձգություն կատարած անձանց իրենց հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկված տեսնենք: Մենք պետք է իմանանք, որ հանցագործություններն անպատիժ չեն մնա, որ այն տղամարդիկ, որոնք պահում և բռնության էին ենթարկում մեզ ամենագարշելի ձևերով, այլևս չեն սպառնա մեզ կամ որևէ այլ կնոջ:

Պատերազմական գոտիներում հետաքննող լրագրողների աշխատանքը կարող է իսկապես իրավիճակ փոխել, և այս ուղեցույցը կենսական գործիք է այն լրագրողների համար, որոնք վճռական են՝ բացահայտելու մեր պատմությունները:

Ուստի, թեև հետաքննող լրագրողների աշխատանքը կարևոր է վայրագությունների վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար, ձեր ռեպորտաժները կարող են նաև փաստագրման գործընթացի առանցքային մաս լինել: Ձեր գտած ապացույցները կարող են օգտագործվել՝ ցույց տալու պատերազմական հանցագործության իրագործման կամ որևէ խմբի դեմ ցեղասպանության իրականացման փաստը: Սա հատկապես կարևոր է սեռական բռնության պարագայում, որը պատերազմի ամենատարածված զենքերից է, թեպետ շատ հաճախ այն անտեսվում և երկրորդ պլան է մղվում:

Որպես համաշխարհային հանրություն՝ մենք չենք կարող թույլ տալ, որ նմանօրինակ հանցագործությունների հեղինակները շարունակեն անպատիժ գործել: Ապացույցներ հավաքելն ու այնուհետև նրանց պատասխանատվության ենթարկելն օգնում են աշխարհն ավելի ապահով դարձնել: 

Լրագրողները և ԴԱԵՇ/ԻԼԻՊ-ի կատարած հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցով ՄԱԿ-ի հետաքննող խումբը (անգլ.՝ UNITAD) Իրաքում հազարավոր ապացույցներ են հավաքել: Դրանք ապացույցներ են, որ հազարավոր եզդի կանայք և աղջիկներ թրաֆիքինգի և բռնաբարության զոհ են դարձել: Առկա են ապացույցներ զանգվածային գերեզմաններից, որոնք հաստատում են հազարավոր եզդի տղամարդկանց սպանությունը: Սակայն քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը երեք անձ։

Որպես վերապրածներ՝ մենք գիտենք, որ լրագրողներն առաջ են շարժվում: Միշտ էլ կա մեկ այլ ճգնաժամ, որը լուսաբանման կարիք ունի։ Ավելի մեծ վիշտ և ավելի շատ տառապանք, որոնց մասին պետք է պատմել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ  հակամարտության «թեժ» փուլի ավարտից հետո այդ թեմային հետևելու կարիք կա՝ տեսնելու, թե ինչ է տեղի ունենում կամ (մեր և պատերազմական հանցագործությունների շատ այլ դեպքերում) տեղի չի ունենում հաջորդիվ:

Պատերազմական գոտիներում հետաքննող լրագրողների աշխատանքը կարող է իսկապես իրավիճակ փոխել, և այս ուղեցույցը կենսական գործիք է այն լրագրողների համար, որոնք վճռական են՝ բացահայտելու մեր պատմությունները:

Գլխավոր լուսանկարում՝ 2023 թվականի մայիս. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադը (կենտրոնում) Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայի հետ (աջից) ուսումնասիրում է հնարավոր ռազմական հանցագործությունների վայրերը՝ Բորոդյանկա գյուղի ռուսական ռմբակոծությունից հետո: Լուսանկարը՝ Courtesy of Murad

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter