HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմական հանցագործությունները հետաքննելու լրագրողական ուղեցույց. ներածություն

Խմբագրի կողմից. GIJN-ը հրապարակում է Պատերազմական հանցագործությունները հետաքննելու լրագրողական ուղեցույցը, որն իր 16 գլուխներում համապարփակ կերպով անդրադառնում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են պատերազմի իրավական կողմերը, քաղաքացիական անձանց վրա հարձակումները, սեռական բռնությունը, բնապահպանական հանցագործությունները, արգելված զենքերի կիրառումը, ցեղասպանության դեպքերը, բռնի անհետացումները, ապացույցների արխիվացումը, բաց աղբյուրների կիրառմամբ հետազոտությունները, լուսանկարներով եւ տեսանյութերով փաստագրումը, ֆիզիկական եւ թվային անվտանգության լավագույն պրակտիկան եւ տրավմատիկ իրադարձությունների լուսաբանման համար անհրաժեշտ ինքնապահպանումը:

Կանոնավոր բանակի զինվորների իրականացրած զանգվածային վայրագություններ, գյուղացիներ, որոնք ստիպված են փախչել, քանի որ կառավարական զորքերն ավերում են նրանց տներն ու ոչնչացնում բերքը, դպրոցների ու հիվանդանոցների անկանոն ռմբակոծում, բռնաբարության համատարած դեպքեր, ռազմագերիների խոշտանգում, համակարգված էթնիկ զտումներ եւ երեխաների՝ իբրեւ զինվորների ներգրավում. սրանք լրագրողական հետաքննությունների առարկա դարձող հնարավոր ռազմական հանցագործությունների ընդամենը մի փոքր մասն են:

Պատերազմների եւ հակամարտությունների ժամանակ առանց պատճառի սպանությունները եւ մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքը, ինչպես նաեւ նման բռնությանը հարակից սարսափները ենթակա են պատասխանատվության: Պատերազմների եւ հակամարտությունների լուսաբանման եւ հետաքննության գործում կարեւոր դեր են խաղում լրագրողները: Պատերազմողների գործողությունների վրա լույս սփռելը, բարդ հարցեր տալը, ապացույցներ հայթայթելը եւ սուտն ու քարոզչությունը բացահայտելը, ինչպես նաեւ իրադարձությունների իրական պատկերը ներկայացնելը հետաքննող լրագրողների աշխատանքի առանցքային մասն են. աշխատանք, որն օժանդակում է պատերազմական լրագրողների, մարդու իրավունքները հետազոտողների, լուսանկարիչների եւ իրավապահ մարմինների ջանքերին:

Պատերազմի եւ հակամարտությունների լուսաբանումն ու հետաքննությունը չափազանց կարեւոր են՝ անկախ նրանից՝ պատերազմական հանցագործություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Եվ ինչպես նշում է ուկրաինացի հետաքննող լրագրող եւ այս ուղեցույցի համահեղինակ Վալենտինա Սամարը, «Անհնար է պրոֆեսիոնալ կերպով գրել պատերազմի մասին՝ առանց պատերազմի օրենքների եւ սովորույթների վերաբերյալ տարրական գիտելիքների»:

Պատերազմի ժամանակ հենց օրենքների առկայությունն ու կիրարկումն են հնարավորություն տալիս դատելու պատերազմական հանցագործներին: Հանրայնորեն ընդունված «պատերազմական հանցագործություններ» եզրը լայնորեն օգտագործվում է նկարագրելու համար  պատերազմների եւ դաժան հակամարտությունների ընթացքում իրականացված բռնության այնպիսի սարսափելի գործողություններ, որոնք հավանաբար խախտում են պատերազմի ընդունված միջազգային կանոնները: Այնուամենայնիվ, «պատերազմական հանցագործությունը» նաեւ իրավական եզր է՝ հստակ նշանակությամբ, որը ներկայացված է միջազգային պայմանագրերում: Այս եզրը կիրառվում է միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոնկրետ լուրջ խախտումների պարագայում: Կարեւոր է գիտակցել, որ պատերազմի ժամանակ օրենքների խախտումները դուրս են գալիս առանձին անձանց իրականացրած պատերազմական հանցագործությունների սահմաններից՝ ներառելով պետությունների եւ այլ կառույցների  թույլ տված խախտումները: Ինչպես հետագայում մանրամասնված է այս ուղեցույցի 1-ին գլխում, զինված հակամարտությունների դեպքում կիրառվում են հետեւյալ օրենքները`

  • Միջազգային մարդասիրական իրավունք (հայտնի նաեւ իբրեւ պատերազմի օրենքներ կամ զինված հակամարտությունների օրենքներ), որը կանոնակարգում է հակամարտության կողմ հանդիսացող պետությունների եւ ոչ պետական զինված խմբերի գործողությունները:
  • Միջազգային քրեական իրավունք, որը կանոնակարգում է միջազգային հանցագործություններ իրագործած առանձին դերակատարների պատասխանատվությունը։
  • Մարդու իրավունքների միջազգային իրավունք, որը կանոնակարգում է պետությունների (իսկ որոշ դեպքերում՝ ոչ պետական սուբյեկտների) պարտավորությունը իրենց տարածքում եւ/կամ իրավազորության ներքո գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ, թեեւ դրա կիրառումը զինված հակամարտությունների ժամանակ երբեմն կարող է տարբեր լինել:
  • Պետության ներքին օրենքները:
  • Պետության վավերացրած այլ միջազգային օրենքներ եւ համաձայնագրեր, թեեւ դրանց կիրառումը զինված հակամարտությունների ժամանակ կարող է տարբեր լինել:

Չափազանց կարեւոր է հասկանալ, թե ինչպես են ներկայացվում համատեքստի եւ մտադրության վերաբերյալ փաստարկները. անմեղ մարդու սպանությունը կարող է մեկնաբանվել կանխամտածված սպանություն, սպանություն, պատերազմական հանցագործություն, մարդկության դեմ հանցագործության մաս կամ ցեղասպանություն: Ցավոք, պատերազմում քաղաքացիական անձանց մահվան որոշ դեպքեր կարող են նաեւ օրինական գործողությունների հետեւանք լինել, եւ միշտ չէ, որ պատերազմական հանցագործություններ կամ խախտումներ են հանդիսանում: Սարսափելի վայրագությունները, որոնք գուցեեւ ակնհայտ «ռազմական հանցագործություններ» թվան, կարող են խիստ վիճահարույց լինել. Միացյալ Նահանգների զինվորականների կողմից 2015 թվականին Աֆղանստանի Կունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության վնասվածքաբանական հիվանդանոցի ռմբակոծումը (որը մինչ այժմ քննարկումների առարկա է) վառ օրինակ է, որ եւս մեկ անգամ ի ցույց է դնում օրինականության հարցի խրթինությունը պատերազմների եւ հակամարտությունների ժամանակ: (ԱՄՆ բանակի ներքին հետաքննությունը ռմբակոծությունը համարեց AC-130 ռազմական ինքնաթիռի անձնակազմի «մարդկային սխալի» եւ թիրախի «սխալ նույնականացման» հետեւանք):

US airstrike.jpeg (69 KB)
2015 թվականին ԱՄՆ զինվորականները ռմբակոծել են Աֆղանստանի Կունդուզ քաղաքում գտնվող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիվանդանոցը: Մինչ օրս վիճարկվում է այն հարցը, թե արդյո՞ք այդ գործողությունը ռազմական հանցագործություն էր, թե՞ ոչ:

Լրագրողական հետաքննությունը մանրակրկիտ աշխատանք է, որը կարող է ամիսներ, անգամ տարիներ տեւել: Այն պետք է իրականացվի ամենաբարձր չափանիշներով, հատկապես, եթե պետք է ներկայացվի ներպետական կամ միջազգային որեւէ դատարանում: Այդուհանդերձ, այն, ինչ օրինական է պատերազմի ժամանակ, համարժեք չէ նրան, ինչը բարոյապես ճիշտ է, եւ պատերազմների ու հակամարտությունների լուսաբանումն ու դրանց հետաքննությունը առանցքային նշանակություն ունեն՝ անկախ նրանից՝ պատերազմական հանցագործություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ: Պատերազմները եւ հակամարտությունները կարգավորող օրենքները կարեւոր են, սակայն դրանք պատասխանատվության ավելի լայն պատկերի մի մասն են միայն: Օրինական համարվող մի շարք գործողություններ ամեն դեպքում հետաքննության եւ մանրազնին ստուգման կարիք ունեն. լրագրողները պետք է փորձեն այդ ամենին կապ ունեցող անձանց քաղաքական պատասխանատվության ենթարկել՝ պատերազմում մարդկային տառապանքների համար: Հնարավոր պատերազմական հանցագործությունները լուսաբանելիս լրագրողի դերը դատական հետաքննություն իրականացնելը չէ: Այս առումով լրագրողների, դատախազների եւ քննիչների դերերի ու պարտականությունների միջեւ առկա են իրական հակասություններ. գաղտնի աղբյուրների պաշտպանությունը, անկախության կարեւորությունը եւ հրապարակման անհրաժեշտությունն այդ հակասությունների ընդամենը երեք դրսեւորումներն են:

Հետաքննող լրագրողների եւ մարդու իրավունքները հետազոտողների աշխատանքը առանցքային դեր ունի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: 

Հազվադեպ է պատահում հեշտությամբ հասկանալ, թե ինչ է կատարվում զինված հակամարտության կիզակետում: Միջադեպը դիտարկելիս կամ դրա մասին հաղորդելիս լրագրողը սովորաբար հնարավորություն չի ունենա որոշելու պատերազմական հանցագործության առկայությունը կամ բացակայությունը: Լրագրողները չեն անցել համապատասխան ուսուցում, որն անհրաժեշտ է օրինական, անօրինական եւ հանցավոր արարքները տարբերակելու համար: Բացի այդ, բոլոր անձինք (ներառյալ  պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողները) ունեն արդար դատաքննության իրավունք, եւ հանցանքի առկայությունը կարող է հաստատել դատարանը միայն արդյունավետ հետաքննություն եւ դատաքննություն իրականացնելուց հետո: Ակնհայտ հանցագործություն թվացող որեւէ արարք իրականում կարող է այդպիսին չհամարվել, քանի որ դրա համար պետք է բավարարվեն շատ կոնկրետ իրավական չափանիշներ, կամ այն պատճառով, որ տվյալ պետությունը չի հանդիսանում համապատասխան պայմանագրի կողմ: 

Այդուհանդերձ, առնվազն կիրառելի օրենքների ճշգրիտ ընկալումը կարող է ապահովել եւ բարելավել լուսաբանման հավաստիությունն ու մեծացնել հնարավոր խախտումների մասին իրազեկվածության աստիճանը: Սա իր հերթին կարող է ճնշում գործադրել կառավարությունների եւ միջազգային պարտավորություններ ունեցողների վրա՝ հետաքննություն անցկացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Հնարավոր պատերազմական հանցագործությունների կամ հանցագործությունների օրինաչափությունների որակյալ լուսաբանումը կարող է լինել այն միակ միջոցը, որի շնորհիվ միջազգային հանրությունը կտեղեկանա դրանց մասին, եւ կդառնա առաջին քայլը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Երբ պետությունները չեն կատարում իրենց պարտավորությունները, հաճախ լրագրողները եւ քաղաքացիական հասարակությունն են ստիպված լինում հետեւել, որ այդ արարքները չկոծկվեն եւ անպատիժ չմնան: Ի վերջո, հավաստի լուսաբանումը կարող է հանգեցնել կոնկրետ անձանց հետագա պատասխանատվության՝ նպաստելով անպատժելիության դեմ պայքարին: Հավաստի լուսաբանումը կարող է նաեւ դեր խաղալ կոնֆլիկտից տուժած անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքների ու հարազատների համար: Բացի այդ, լրագրողները, շնորհիվ իրենց տեսածի եւ փաստագրածի, կարող են ցանկություն հայտնել պատկան մարմիններին ներկայացնելու պոտենցիալ պատերազմական հանցագործությունների ապացույցներ: Լրագրողները դատարանների եւ այլ կառույցների հետ համագործակցելու եւ պահանջվող ապացույցների շատ բարձր չափանիշներն ընկալելու աճող հետաքրքրություն են ցուցաբերում:

DNA.jpeg (28 KB)
Բոսնիայում Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը (անգլ.՝ International Commission on Missing Persons, ICMP) զինված հակամարտությունների հետեւանքով անհետ կորած մեծ թվով անձանց նույնականացման համար իբրեւ առաջին քայլ ԴՆԹ-ի կիրառման առաջատարն է դարձել: Համադրելով արյան եւ ոսկորների նմուշների ԴՆԹ-ն՝ ICMP-ին հաջողվել է նույնականացնել նախկին Հարավսլավիայի երկրներում հակամարտությունների հետեւանքով անհետ կորած ավելի քան 17,000 անձի, որոնց մասունքները հայտնաբերվել են թաքնված գերեզմաններում: Լուսանկարը՝ Ռոն Հավիվի, VII

Այս ուղեցույցի ընդգրկումը, բնականաբար, սահմանափակ է. դրա նպատակն ավելի լավ հետաքննություններ իրականացնելու օգտակար համատեքստ եւ գործնական խորհուրդներ տալն է: Այս ուղեցույցում համապատասխան օրենքներն ու դատական ինստիտուտները, ինչպես նաեւ այդ օրենքների կիրառման եւ պատերազմների ու հակամարտությունների ժամանակ հանցանքներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու՝ պետությունների եւ միջազգային կառույցների հանձնառություններն ու արդյունավետությունը գնահատելու փորձ չի արվում: Ուղեցույցը պարունակում է խորհուրդներ, թե ինչպես լրագրողները կարող են հավաքել ապացույցներ, որոնք կներկայացվեն պատկան մարմիններին, թեեւ յուրաքանչյուր պետությունում եւ յուրաքանչյուր միջազգային դատարանում, ապացույցների մասին օրենքների տարբեր լինելով պայմանավորված, համապատասխան փորձագետների հետ կապ հաստատելը հաճախ լավագույն ռազմավարությունը կլինի: Ուղեցույցը նաեւ ընդունում է, որ ոչ բոլոր լրագրողներն են նման ընտրություն անելու: Եվ, ի վերջո, գոյություն ունեն պատերազմներին եւ հակամարտություններին առնչվող բազմաթիվ այլ հանցագործություններ, որոնք լրագրողական հետաքննության կարիք ունեն, սակայն դուրս են այս ուղեցույցի թեմաներից: Այդպիսի օրինակներից են պատերազմի շնորհիվ հարստանալը, ինչպես նաեւ՝ պաշտպանական գնումների եւ օտարերկրյա օգնության բաշխման աշխատանքներում առկա կոռուպցիան:

Սա նկատի ունենալով՝ GIJN-ի թիմն ուրախ է առաջարկել պատերազմական հանցագործությունները հետաքննելու այս լրագրողական ուղեցույցը: Այս ուղեցույցի նպատակն է օգնել այն լրատվամիջոցներին, որոնք փաստագրում են հակամարտությունները եւ դրանց հետեւանքները: Հետաքննող լրագրողների եւ մարդու իրավունքները հետազոտողների աշխատանքը առանցքային դեր ունի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Դա երկար եւ ծանր, բայց անհրաժեշտ գործընթաց է, որի ընթացքում հավաքագրվում են վայրագությունների ապացույցները, պահպանվում են ողջ մնացածների վկայությունները, եւ ուրվագծվում է պատասխանատվության հետագիծը: Մենք խնդրել ենք պատերազմներ հետաքննելու հարուստ փորձ ունեցող լրագրողներին, մարդու իրավունքների փորձագետներին եւ իրավաբաններին ներկայացնել իրենց խորհուրդները այս բարդ խնդիրները լուծելու համար: Մենք նաեւ հաշվի ենք առել տեխնոլոգիական այնպիսի զարգացումները, ինչպիսիք են արբանյակային պատկերները եւ սոցիալական մեդիան, որոնք այսօր փոխում են լրագրողների կողմից պատերազմի լուսաբանման ձեւերը:

Այս ներածությունից զատ, ուղեցույցը պարունակում է 16 գլուխ, ինչպես նաեւ՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադի առաջաբանը:

Երախտիքի խոսք

  • Այս ուղեցույցը հետաքննող լրագրողների, գրողների, իրավախորհրդատուների եւ աշխարհի տարբեր ծայրերից փորձագետների համագործակցության արդյունք է, սակայն այն հնարավոր չէր լինի առանց «Չարլզ Ստյուարտ Մոթ» հիմնադրամի առատաձեռն ֆինանսավորման:
  • Հատուկ շնորհակալություն ենք հայտնում լուսանկարիչ Ռոն Հավիվին՝ «The VII Foundation»-ից իր արխիվներից տասնյակ տպավորիչ լուսանկարներ տրամադրելու համար, որոնցով նկարազարդվել է ուղեցույցը։ Դրանք համոզիչ են դարձրել պատերազմի եւ ռազմական հանցագործությունների ազդեցությունը: Ի հավելումն, Ռոնը մի բովանդակալից գլուխ է հեղինակել այն մասին, թե ինչպես օգտագործել լուսանկարներն ու տեսանյութերը վայրագությունները եւ հնարավոր ռազմական հանցագործությունները փաստագրելու համար: Շնորհակալություն նաեւ Ալի Արկադիին, Էդ Քաշիին, Քրիստոֆեր Մորիսին, Մաչիեկ Նաբրդալիկին, Ֆրանկո Պաջետիին, Սքոթ Պետերսոնին եւ Ջոն Ստենմայերին՝ իրենց լուսանկարներն օգտագործելու թույլտվության համար: Ռոբերտ Դանինը նույնպես կարեւոր դեր է խաղացել այս լուսանկարները ստանալու հարցում:
  • Հատուկ շնորհակալություն ենք հայտնում դոկտոր Քլեր Սիմոնսին ուղեցույցի պատրաստման ողջ ընթացքում իր փորձագիտական խորհրդատվությամբ մարդու իրավունքների միջազգային իրավունքն ու այլ արդիական իրավական նախադեպերը մանրակրկիտ դիտարկելուն նպաստելու համար: Մեծ երախտագիտության է արժանի նաեւ Լոնդոնի համալսարանի հատուկ դասախոս Դարա Մարեյը՝ այս ուղեցույցի առանձին տեսանկյունները խմբագրելու գործում իր աջակցության համար:
  • Շնորհակալություն ենք հայտնում լրագրող Օլիվյե Հոլմին այս ուղեցույցի համար նեղ մասնագիտական հարցազրույցների անցկացման համար: Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաեւ նրանց, ովքեր առատաձեռնորեն տրամադրել են իրենց ժամանակը եւ ներկայացրել իրենց փորձն այս հարցազրույցներում, մասնավորապես՝ Ազմաթ Խանին, Ռութ Օմարին, Շեյլա Կավամարա Միշամբիին, Ռաջի Աբդուլ Սալամին, Վալենտինա Սամարին եւ Պասկալ Բոնֆուա Միրալեսին:
  • Մարգո Ուիլյամսն անգնահատելի օգնություն է ցուցաբերել՝ ջանասիրաբար ստուգելով ուղեցույցի փաստերը:
  • Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նադիա Մուրադը մեծահոգաբար ներկայացրել է իր անձնական պատմությունը՝ բացատրելով, թե ինչու են հետաքննող լրագրողներն առանցքային դեր խաղում վայրագություններից իր նման փրկվածների համար:
  • GIJN-ի մի շարք աշխատակիցներ կարեւոր դեր են ունեցել ուղեցույցը գաղափարի փուլից մինչեւ հրապարակում պատրաստելու ողջ ճանապարհին: GIJN-ի արաբերենի խմբագիր Մաջդոլին Հասանը` որպես ծրագրի ղեկավար հետեւել է ուղեցույցի մշակմանը, GIJN-ի ծրագրերի տնօրեն Անն Կոխի հետ միասին, որն ապահովել է մշտական վերահսկողություն, մասնակցություն եւ ուղղորդում: GIJN-ի ռեսուրսային կենտրոնի տնօրեն Նիկոլյա Ապոստոլուն նույնպես մեծ դեր է ունեցել ուղեցույցը հրապարակման պատրաստելու գործում: Նշանակալի դեր ունի նաեւ GIJN-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Է. Կապլանը (2023-ից նա այլեւս չի զբաղեցնում այդ պաշտոնը-խմբ), որը ջանացել է, որ ծրագիրը կենտրոնանա իր առաքելության վրա եւ հասնի մինչեւ հրապարակում։
  • Այս ուղեցույցն իրականություն չէր դառնա նաեւ առանց GIJN-ի խմբագիրների անխոնջ խմբագրական եւ համակարգման աշխատանքի՝ ներառյալ ավագ լրագրող Ռոուեն Ֆիլփը, խմբագրի օգնականներ Լաուրա Դիքսոնը եւ Ալեքսա վան Սիքլը եւ գլխավոր խմբագիր Ռիդ Ռիչարդսոնը:

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter