HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գույքի եւ եկամուտների հայտարարագրում

Պետական պաշտոնյաների՝ իրենց եկամուտները եւ գույքը հայտարարագրելու պահանջը անգնահատելի է հետաքննող լրագրողների համար: Իսկ հարստության եւ դրա ծագման աղբյուրների մասին տեղեկությունները կարող են կենսական դեր խաղալ կոռուպցիան մերկացնելու գործում:

Դրամական հոսքերին հետեւելուն նվիրված դասական նյութերում հաճախ մեկնարկային կետը պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունն է: Այնուամենայնիվ, հայտարարագրման մասին օրենքներն ունեն բացեր, ինչի պատճառով հանրային ռեգիստրները միշտ չէ, որ բացահայտում են ողջ ճշմարտությունը:

Պաշտոնյաները երբեմն չեն հայտարարագրում այն ամենը, ինչ պարտավոր են հայտարարագրել, իսկ լրագրողները բացահայտում են նրանց իրական ֆինանսական ռեսուրսները եւ դրանց ծագումը: Հետազոտության միջոցով կարելի է վերհանել նաեւ շահերի բախման դեպքերը: Փաստերի ստուգում եւ հետաքննություն է անհրաժեշտ։

Այս ուղեցույցում GIJN-ը հավաքել է մեծաքանակ ռեսուրսներ, թե որտեղ կարելի է գտնել գույքի եւ եկամուտների  հայտարարագրեր, եւ ինչ է անհրաժեշտ փնտրել:

Ում են վերաբերում գույքի եւ եկամուտների հայտարարագրման օրենքները

Հայտարարագրման մասին օրենքները սովորաբար պահանջում են, որ կոնկրետ պետական պաշտոնյաները բացահայտեն իրենց ֆինանսական եւ բիզնես շահերը:

Այս մարդկանց անվանում են «քաղաքականապես խոցելի անձինք» (ՔԽԱ, անգլ.՝ politically exposed persons, PEPs):

Ըստ Financial Action Task Force-ի (FATF)՝ ՔԽԱ-ն «այն անհատն է, ում վստահված է կամ վստահվել է կարեւորագույն պաշտոն»: ՔԽԱ կարող է լինել կառավարության ղեկավարը, Կենտրոնական բանկի կամ Գերագույն դատարանի նման կառույցների խորհրդի անդամը կամ նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամը: ՔԽԱ-ների շարքին կարելի է դասել նաեւ դատավորներին եւ պատգամավորներին: Իրենց ազդեցիկ պաշտոններով պայմանավորված՝ փողերի լվացման, կաշառակերության կամ կոռուպցիայի մեջ ներգրավվելու ՔԽԱ-ների ռիսկերն ավելի մեծ են: Բայց ՔԽԱ-ների սահմանումը տարբեր երկրներում կարող է տարբեր լինել։ Ուստի, խիստ կարեւոր է, որ լրագրողները հասկանան կիրառելի իրավական սահմանումները այն երկրի իրավական համակարգում, որը նրանք լուսաբանում են:

OpenSanctions-ն ունի ՔԽԱ-ների պարբերաբար թարմացվող անվճար ցուցակ՝ լիարժեք որոնման հնարավորությամբ: Նրա տվյալների բազայում ներառված են ավելի քան 190,000 քաղաքական գործիչներ, նրանց 28,000 մերձավորներ, տեռորիզմի հետ կապեր ունեցող 120 անձինք եւ նույնիսկ հինգ անձ՝ նշված իբրեւ «լրտես»։ Տվյալների աղբյուր են նաեւ Wikidata-ում (որը հետեւում է այն բոլոր անձանց, որոնք աշխարհով մեկ ազդեցիկ պաշտոններ են ստանձնում) առկա ՔԽԱ-ների պրոֆիլները, ինչպես նաեւ՝ Forbes-ի 2023 թվականի ռուս միլիարդատերերի ցուցակը:

PEPChecker-ը նույնպես ունի ավելի քան 1,000,000 քաղաքականապես խոցելի անձանց ցուցակ ավելի քան 240 երկրներից եւ տարածաշրջաններից, եւ օգտատերերը կարող են որոշակի քանակությամբ անվճար որոնումներ կատարել: Ինչպես OpenSanctions-ը, նրանք նույնպես համապատասխան մարմինների պաշտոնական ցուցակներից ընտրում եւ ընդգրկում են պատժամիջոցների տակ գտնվող անձանց: PEPChecker-ում որոնումը կատարվում է անձի անունով:

Ինչպիսի հայտարարագրեր են պահանջվում

Գոյություն ունի միջազգային կոնսենսուս, որ երկրները պետք է պահանջեն գույքի եւ եկամուտների հայտարարագրում:

Համաշխարհային բանկի 2017 թվականի զեկույցի համաձայն՝ ավելի քան 160 երկրներ ունեն ֆինանսական հայտարարագրման համակարգեր: Սակայն, այդ տարվանից ի վեր բանկը դադարեցրել է հայտարարագրման համակարգերի վերաբերյալ տվյալների իր բազայի թարմացումները, եւ ամբողջական ցուցակ առկա չէ:

Ազգային օրենքները մեծապես տարբերվում են պահանջվող հայտարարագրերի մանրամասներով եւ հաշվետվությունների ներկայացման հաճախականությամբ: Կարեւոր է նաեւ, թե արդյո՞ք նման կարգավորումների պահպանումը կիրարկվում եւ վերահսկվում է: Այսպիսով, առաջին քայլը վստահաբար հայտարարագրման առանձին օրենսդրությունների նրբություններին ծանոթանալն է:

Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում քաղաքական գործիչների հայտարարագրերը ներառում են զբաղվածությունը եւ եկամուտները, ստացած նվերները, արտոնությունները եւ հյուրընկալության բաղադրիչները, սեփականություն հանդիսացող հողը եւ անշարժ գույքը, աշխատանքի ընդունված եւ պատգամավորական ծախսերից վարձատրվող ընտանիքի անդամները եւ ընկերություններում ունեցած բաժնետոմսերը:

Վրաստանում հայտարարագրերն ընդգրկում են անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, եկամուտները եւ անձի ֆինանսական միջոցները այդ երկրի եւ արտերկրի բանկերում եւ վարկային կազմակերպություններում:

Այնուամենայնիվ, շատ հազվադեպ է պատահում, որ  հայտարարագրման մասին օրենքն ընդդգրկի բոլոր կողմերը. ազգային յուրահատկությունները բազմաթիվ են:

Օրինակ` Southeast European Leadership for Development and Integrity կազմակերպության իրականացրած 9 ինը երկրների համեմատական ուսումնասիրության համաձայն՝ պաշտոնյային փոխկապակցված անձանց նվերները պարտադիր չէ հայտարարագրել: Հունգարիայում ֆիզիկական անձանցից փոխառությունները հայտարարագրելը պարտադիր չէ: Հյուսիսային Մակեդոնիայում ունեցվածքի հայտարարագրերը հեռացվում են անմիջապես այն բանից հետո, երբ ՔԽԱ-ն լքում է պաշտոնը:

Ակտիվներն այլ անձանց փոխանցելը կամ նրանց անունով գնումներ իրականացնելը զննությունից խուսափելու դասական եղանակներ են: Եվ քանի որ հայտարարագրման այս համակարգերը հայտնի են ճեղքերի առատությամբ, լրագրողները հնարավորություն ունեն մերկացնելու դրանց թույլ կողմերը:

Ծանուցում. քարոզարշավներին ցուցաբերած աջակցության հայտարարագրման վերաբերյալ մոտեցումը սովորաբար այլ է. դրանց համար գոյություն ունեն առանձին տվյալների բազաներ: Բայց նման նվիրատվություններն ակնհայտորեն կարեւոր են քաղաքական գործիչների գործողություններն ու կապերը քննելիս:

Հայտարարագրերի ազգային տվյալների բազաների որոնումը

Անհրաժեշտ է ազգային մակարդակով նախնական հետազոտություն՝ պարզելու, թե արդյո՞ք գոյություն ունեն ունեցվածքի հայտարարագրման համակարգեր, եւ որտեղ կարելի է դրանք գտնել: Քաղաքացիական հասարակության «պահապան շուն» (watchdog) կազմակերպությունները կարող են օգտակար լինել անհրաժեշտ տեղեկությունների որոնման հարցում:

Այնուամենայնիվ, հնարավոր է՝ պետական կայքերում հեշտ չլինի գտնել ունեցվածքի հայտարարագրման տվյալների բազաները:

Պետական հաստատությունների կայքերում «ունեցվածքի հայտարարագրման» որոնումը ոչ միշտ է արդյունքներ տալիս: Բայց եթե Google-ում որոնեք “[insert PEP name and country] assets disclosure” ([ՔԽԱ անուն եւ երկիր] ունեցվածքի հայտարարագիր), կարող են օգտակար արդյունքներ ի հայտ գալ, անգամ եթե դա տվյալ երկրի որեւէ թերթի նյութ է՝ այդ երկրում ունեցվածքի հայտարարագրման տվյալների բազայի մասին:

Այսուհանդերձ, նույնիսկ այն դեպքում, երբ առկա են հայտարարագրման մասին ընդունված օրենքներ, հնարավոր է՝ ներկայացված տվյալները չհանրայնացվեն: Չի բացառվում, որ դրանց հրապարակայնացման համար կարիք լինի հարցում անելու՝ օգտվելով տեղեկատվության ազատության իրավունքից կամ նույնիսկ դիմելու իրավական գործողությունների:

Շրի Լանկայում Թրանսփարենսի Ինթերնեշնլ (Transparency International, TI-SL) կազմակերպության տեղական մասնաճյուղը վիճարկել է գաղտնիության այն դրույթները, որոնք թույլ էին տալիս մարդկանց (վճարովի հիմունքներով) տեսնելու պատգամավորների ունեցվածքի հայտարարագրերը՝ միեւնույն ժամանակ անօրինական համարելով այդ տեղեկության տարածումը: 2017 թվականին Տեղեկատվության իրավունքի մասին (անգլ.՝ Right to Information (RTI) laws) նոր օրենքների ընդունումից եւ բողոքարկման երկարատեւ գործընթացից հետո վարչապետը պարտավորվել է հրապարակել իր ունեցվածքի հայտարարագիրը, ինչին հետեւել է 10 պատգամավորի՝ ունեցվածքի հայտարարագրերի ներկայացումը TI-SL-ին՝ դրանք հանրայնացնելու համար:

Պատժամիջոցների ցուցակները եւս կարող են օգտակար գործիք լինել ընկերությունների եւ անհատների միջեւ կապերի մասին ավելի շատ մանրամասներ պարզելու համար: Օրինակ՝ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում ոչ միայն կոնկրետ անձի, այլեւ բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որտեղ նրանք ունեն բաժնեմասերի կեսից ավելին կամ վերահսկողություն: Թեեւ ունեցվածքի մասին տվյալները սովորաբար չեն հրապարակվում պատժամիջոցների ցուցակներում, հաճախ բարդ փոխկապակցված շահերի մասին իրազեկվածությունը թույլ է տալիս լրագրողներին ավելի լավ հասկանալ՝ որտեղ կարելի է գտնել այդ ունեցվածքը:

Նման տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ կան, այդ թվում՝ OpenSanctions-ը, Եվրոպական Միության հրատարակությունների գրասենյակը (անգլ.՝ Publications Office of the European Union), ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (անգլ.՝ US Treasury’s Office of Foreign Assets Control) եւ War & Sanctions-ը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույնպես հրապարակում է պատժամիջոցների ենթարկված անձանց եւ կազմակերպությունների ու խմբերի ցուցակ:

Լրագրողների եւ մասնավոր ընկերությունների ստեղծած տվյալների բազաները

Լրագրողները երբեմն ընդլայնում են պաշտոնական հայտարարագրերի տվյալները՝ դրանք տեղադրելով առցանց եւ դրանցում ավելացնելով տեղեկություններ, որոնք երբեմն տրամադրում է հանրությունը: Այս մեթոդը, սակայն, բարդացել է, եւ որոշ նման քայլեր այժմ հնացած են:

Սերբիայում GIJN-ի անդամ KRIK լրագրողական ցանցը, որը զբաղվում է  հանցագործությունների ու կոռուպցիայի հետաքննությամբ, 2016 թվականի դեկտեմբերին սկսեց հրապարակել սերբ քաղաքական գործիչների ունեցվածքի տվյալների բազան, ինչպես նկարագրված է GIJN-ի հոդվածում: KRIK-ը լրացումներ է անում պաշտոնական տեղեկություններին, օրինակ՝ գույքի գնահատման համար ներգրավելով անշարժ գույքի փորձագետի:

Սարաեւոյի Հետաքննական լրագրության կենտրոնի (անգլ.՝ Center for Investigative Reporting in Sarajevo, CIN) լրագրողները հավաքել են ավելի քան 2,100 փաստաթուղթ Բոսնիա եւ Հերցեգովինայի 120 քաղաքական գործիչների մասին: Դրանք ներառում են ունեցվածքի հայտարարագրեր, հողային սեփականություններ, քաղաքական գործիչներին պատկանող ընկերությունների հիմնադրման փաստաթղթեր, նրանց դեմ մեղադրանքներ ու կայացված վճիռներ եւ այլ պաշտոնական փաստաթղթեր:

Արգենտինայում քաղաքացիները հնարավորություն ունեին ուսումնասիրելու երկրի 800 բարձրաստիճան պետական պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերի պարզեցված տարբերակները ներառող տվյալների մի բազա. այն, սակայն, այժմ հնացած է թվում:

Տակավին վերջերս Tortoise Media-ն եւ Sky News-ը ստեղծել են բրիտանացի քաղաքական գործիչների երկրորդական զբաղվածության, նրանց տրված նվերների եւ այլ նվիրատվությունների առաջին ամբողջական որոնման հնարավորությամբ տվյալների բազա՝ այսպես կոչված «Վեստմինսթերյան հաշիվները» (Westminster Accounts): Մեծ Բրիտանիայում ֆինանսական հայտարարագրերի բնույթից ելնելով՝ մինչ այդ որեւէ պատգամավորի վերաբերյալ տվյալներ հավաքելու համար հաճախ անհրաժեշտ էր լինում բազմաթիվ տվյալների բազաներ զննել, ինչի պատճառով անձի դրամական հոսքերը ոչ միշտ էին դիտարկման համար մատչելի:

Գոյություն ունեն նաեւ ՔԽԱ-ների վերաբերյալ տեղեկությունների մասնավոր աղբյուրներ, որոնք  օգտագործում են առավելապես ֆինանսական հաստատությունները: Բազմաթիվ առեւտրային իրավիճակներում ֆինանսների հետազոտությունը իրավաբանորեն պահանջվող պատշաճ ստուգման (անգլ.՝ due diligence) կարեւոր մասն է: Որոշ նյութեր, ինչպիսիք են վարկային հաշվետվությունները եւ ավտոմոբիլային միջոցների գրանցումները, հասանելի են մասնավոր հետաքննողներին, սակայն հասանելի չեն լրագրողներին:

Սեփականության տվյալների նման բազաների մուտքը, սակայն, թանկ արժե:

Ստեղծագործ մոտեցում՝ հայտարարագրերը ստուգելիս եւ ունեցվածք փնտրելիս

Ցանկացած հետաքննություն ակնհայտորեն սկսվում է ունեցվածքի հայտարարագրերի հավաստիության ուսումնասիրությունից:

Իբրեւ առաջին քայլ պետք է դիտարկել հայտարարագրերի այն տվյալները, որոնք կարելի է ստուգել, օրինակ` անշարժ գույքի կամ բաժնետոմսերի նշված արժեքը։ Այս բազային հետազոտությունն իրականացնելիս, չնայած հակասականությանը, կարող է նաեւ արդարացված լինել ընտանիքի անդամների ունեցվածքի ուսումնասիրությունը: Մեկ այլ անձի անունով կատարված գնումները ունեցվածքը քողարկելու դասական միջոց են:

Անշարժ գույքի սեփականության գրանցումները եւս կարող են առանձնահատուկ արժեքավոր լինել: Նրանց միջոցով կարելի է համեմատել վաճառքի գները եւ գույքի պաշտոնական գնահատումը (տե՛ս GIJN-ի՝ սեփականության վերաբերյալ ուղեցույցը): Փնտրեք նաեւ անշարժ գույքի փոփոխության վերաբերյալ փաստաթղթեր, օրինակ՝ շինթույլտվությունները: Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է ուսումնասիրել տարատեսակ հանրային ռեգիստրներ:

Լրջագույն խնդիր է արտերկրում թաքցրած հավանական ունեցվածքի (օրինակ՝ անշարժ գույքի) գոյությունը, որի դեպքում կրկին կարելի է օգտվել հանրային տվյալների բազաներից: Մեկ այլ խնդիր է հայտարարագրված եկամուտների եւ ունեցվածքի անհամապատասխանությունը բոլորին տեսանելի շքեղ կենսակերպին: Օգտագործելով սոցիալական մեդիան՝ հետեւելու ձեր թիրախի ճամփորդություններին, գնումներին եւ նույնիսկ այնպիսի աքսեսուարներին, ինչպիսիք են ժամացույցները, կարելի է նոր բացահայտումներ անել. օրինակ՝ արձակուրդի նկարների ուսումնասիրությամբ կարելի է հայտնաբերել նախկինում անհայտ մեքենաներ, անշարժ գույքեր, զբոսանավեր, ինքնաթիռներ, արվեստի գործեր, ժամացույցներ կամ նույնիսկ ձիեր (տե՛ս GIJN-ի ուղեցույցները՝ ինքնաթիռներին եւ նավերին հետեւելու վերաբերյալ):

Դատական գործերի (ներառյալ ամուսնալուծության) ուսումնասիրությունները կարող են ունեցվածքի վերաբերյալ տեղեկությունների որոնման եւս մեկ արդյունավետ միջոց լինել: Բացի այդ, կարող են օգտակար լինել նաեւ պետական այլ տվյալների բազաները, օրինակ՝ գյուղատնտեսական սուբսիդիաներ ստացող անձանց ցուցակները:

Իմանալով որպես ՔԽԱ բնորոշվող պաշտոնյայի նախկին աշխատանքի վայրերը՝ կարելի է պատկերացում կազմել համատեքստի մասին եւ ստանալ հուշումներ հետագա բացահայտումների համար: Պարզեք, թե արդյո՞ք անձը որեւէ բիզնեսի սեփականատեր կամ համասեփականատեր է: Սա կարող է հատկապես բարդ խնդիր լինել, եթե կան գրանցված բաժնետիրական ընկերություններ կամ դրածո ընկերություններ (տե՛ս GIJN ուղեցույցը կորպորացիաների եւ նրանց սեփականատերերի ուսումնասիրության վերաբերյալ):

Ռեսուրսներ

OpenCorporates-ը կորպորատիվ սեփականության վերաբերյալ  տվյալների խոշոր բազա է:

OpenScreening-ը՝ OpenSanctions-ի, Linkurious-ի եւ Open Ownership-ի համագործակցությամբ ստեղված հարթակ է, որ թույլ է տալիս ուսումնասիրել միլիոնավոր բաց տվյալներ՝ աջակցելու իրական շահառուների, քաղաքական գործիչների, պատժամիջոցների ենթարկվածների եւ ընկերությունների ցանցերի միջեւ թաքնված կապերի բացահայտմանը:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (անգլ.՝ International Consortium of Investigative Journalists, ICIJ) ստեղծած Offshore Leaks տվյալների բազան այժմ ներառում է Pandora Papers-ի, Paradise Papers-ի, Bahamas Leaks-ի, Panama Papers-ի եւ Offshore Leaks-ի հետաքննությունների՝ օֆշորային ընկերությունների, հիմնադրամների եւ տրաստների մասին ավելի քան 810,000 գրառում: Տվյալների բազայից օգտվելու վերաբերյալ երեք մասից բաղկացած շարքն անդրադառնում է ըստ գտնվելու վայրի որոնմանը, տվյալների բազայում առկա ցանցերին եւ մետատվյալներին եւ ընկերություններ հետաքննելուն: Որպես օրինակ նշվում է, թե ինչպես արտահոսած տվյալների բազան օգնեց բացահայտել Չեխիայի նախկին վարչապետի՝ օֆշորային ընկերությունների օգնությամբ անշարժ գույք գնելու դեպքը:

«Ալեֆը» (Aleph) OCCRP-ի (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանաման նախագիծ) ստեղծած ֆինանսական հոսքերին առնչվող տվյալների համաշխարհային արխիվն է: 

Վերջապես, լրագրության՝ անձամբ ամեն տեղ հայտնվելու ավանդական մոտեցումը հաճախ նույնպես լավ արդյունքներ է տալիս: ՔԽԱ-ների ընկերների, գործընկերների եւ քննադատների հետ զրուցելը շատ բաներ կարող է բացահայտել:

Կարդա՛ նաև

Գլխավոր լուսանկարը՝ Freepik-ից

Այս նյութը պատրաստվել և թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter