HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողի սեփականության գրանցումներ. օգտակար, սակայն դժվարամատչելի տեղեկություններ

Որեւէ հողատարածքի սեփականատիրոջը բացահայտելը կարող է դժվար գործ լինել: Թեեւ գրեթե բոլոր երկրներում գոյություն ունեն գույքի գրանցման համակարգեր, տեղեկությունների որակը եւ հասանելիությունը շատ տարբեր են:

Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, աշխարհի բնակչության միայն 30%-ն ունի իր հողի նկատմամբ օրինականորեն գրանցված սեփականության իրավունք: Ընդ որում, լայնորեն շրջանառվող այս թիվը, ըստ բանկի ներկայացուցիչների, մոտավոր է:

Ավելին, գույքի գրանցումները հաճախ թերի են կամ ոչ հավաստի:

«Աշխարհի երկրների կեսից քիչն է (իսկ Աֆրիկայում ընդամենը 13%-ը) իրենց մայրաքաղաքներում գրանցել մասնավոր հողատարածքները կամ հստակեցրել դրանց սահմանները: Մայրաքաղաքի սահմաններից անդին գտնվող տարածքների մասին ավելորդ է խոսել, իսկ ինչ վերաբերում է հանրային հողատարածքներին, հաճախ դրանք ընդհանրապես չեն գրանցվում»,— 2018 թվականի բլոգային մի գրառման մեջ նշել է Համաշխարհային բանկի հողային ռեսուրսների փորձագետ Քլաուս Դայնինգերը: Համաշխարհային բանկի մեկ այլ ներկայացուցչի խոսքով՝ մուտքագրված տվյալների անվտանգության ոչ բավարար ապահովումը նշանակում է, որ մի քանի սեփականատերեր կարող են նշվել իբրեւ միեւնույն հողակտորի սեփականատեր:

Այդուհանդերձ, շատ զարգացած երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում եւ Հոնկոնգում, արժեքավոր տեղեկություններ կարելի է ստանալ պետական հողային ռեգիստրներից: Գրանցումները հաճախ պահպանվում են տեղական մակարդակով, հասանելի չեն կենտրոնական ազգային ռեգիստրում եւ, հնարավոր է, չլինեն առցանց: Ըստ Դայնինգերի՝ երկրների մեկ երրորդից էլ քիչն է թվային հաշվառում վարում:

Լրացուցիչ բարդություն է ստեղծում նաեւ այն, որ գաղտնիության կանոնները հաճախ խոչընդոտում են գույքի սեփականատերերի բացահայտմանը: Դա տեղի է ունենում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում:

Global Investigative Journalism Netwowrk (GIJN)-ը ձեզ կօգնի բացահայտել հողի սեփակականության հասանելի տեղեկությունները: Ստորեւ բերված են միջազգային, տարածաշրջանային եւ ազգային աղբյուրների հղումներ՝ դրանց նկարագրություններով:

Ինչպես կարելի է օգտագործել տեղեկությունը

Անշարժ գույքը փողերի լվացման եւ կոռուպցիայի գրավիչ եւ լայնորեն կիրառվող միջոց է, եւ դրա իրական սեփականատերերի հայտնաբերումը կարեւոր դեր է խաղացել հետաքննական պատմություններում: Անշարժ գույքի ռեգիստրներում առկա տեղեկություններն օգտագործվել են՝

  • բացահայտելու քաղաքական գործիչների հարստությունը,
  • մերկացնելու փողերի լվացման դեպքերը,
  • պարզելու բնապահպանական հանցագործությունների հեղինակներին,
  • ապացուցելու բնիկ ժողովուրդների շահագործումը,
  • հետեւելու կորպորատիվ կոռուպցիայի դեպքերին,
  • բացահայտելու վտանգավոր կամ ապօրինի կառուցապատման պատասխանատուներին,
  • նկարագրելու խտրականության դրսեւորումները։

Հողի սեփականության տվյալների վրա հիմնվելով՝ GIJN-ը մեկտեղել է մի քանի տասնյակ հետաքննական պատմություններ: Այդ հրաշալի օրինակները հասանելի են այստեղ

Հողատարածքների սեփականության մասին վտահելի տվյալների բացակայությունն ինքնին հարց է, որն ավելի մեծ ուշադրության է արժանի: Ահա ռեսուրսներ, որոնք կնպաստեն նման պատմություններն ազգային մակարդակով լուսաբանելուն:

Հողային գործարքների հետաքննությունը 2019 թվականին GIJN-ի համբուրգյան համաժողովի պանելային քննարկման թեման էր: Gecko Project-ի ներկայացուցիչ Թոմ Ջոնսոնը ներկայացրեց գաղափարներով լի հուշաթերթիկ:

The Sentry-ի 2020 թվականի հուլիսին հրապարակած զեկույցում նշվում է, որ «աֆրիկյան կլեպտոկրատները (ավազակապետերը), հատկապես պատերազմից բզկտված երկրներում, գնալով էլ ավելի մեծ նախապատվություն են տալիս աֆրիկյան քաղաքներում անշարժ գույքի ձեռքերմանը՝ իբրեւ կոռուպցիոն գործարքներից գոյացած ապօրինի եկամուտները լվանալու միջոց»։

Ինչ փնտրել

Հողային ռեգիստրներում տեղեկությունների փնտրտուքը պահանջում է դրանց հիմքում ընկած ազգային իրավական համակարգի իմացություն. 

  • Անշարժ գույքի սեփականության իրավունքի վերաբերյալ ի՞նչ օրենքներ կան, եւ ի՞նչը պետք է գրանցվի:
  • Որտե՞ղ են պահվում անշարժ գույքի տարածքի վերաբերյալ տեղեկությունները:
  • Ինչպե՞ս է իրականացվում անշարժ գույքի վաճառքը:
  • Ինչպե՞ս է անշարժ գույքը գնահատվում եւ հարկվում:

Նման բազային գիտելիքներն առանցքային դեր են խաղում գույքային տեղեկությունները գտնելու համար: Հնարավոր աղբյուրների թվում են տեղական պաշտոնյաները, անշարժ գույքի գործակալները եւ իրավաբանները: Տե՛ս նաեւ ստորեւ թվարկված այլ ռեսուրսներ:

Տեղական պայմանների իմացությունը կարեւոր է, քանի որ ողջ աշխարհում սեփականության իրավունքին եւ այդ սեփականության կառավարմանն առնչվող օրենքները եւ մոտեցումները բազմազան են: Ամերիկայում եւ Եվրոպայում աշխատած փորձագետին խորհուրդ է տրվում անպայման գտնել տեղական փորձագետ, որը կօգնի գլուխ հանել այլ տարածաշրջանների ռեգիստրներից ու գրանցումներից:

Շատ վայրերում հողի նկատմամբ «փաստաթղթավորված իրավունքը» հողային «ռեգիստրներում» սեփականության մասին պաշտոնական գրանցումներն են։ Հողատարածքների սահմանները եւ գտնվելու վայրը նկարագրված են «կադաստրային» գրանցումներում: Ռեգիստրների այս համակարգերը կարող են համակցված կամ առանձին լինել: Հողի արժեքի, հարկերի եւ հողօգտագործման վերաբերյալ տվյալները, ինչպես նաեւ շինությունների վերաբերյալ տեղեկությունները հաճախ գտնվում են տարբեր տեղերում:

Հողատարածքի սեփականության իրավունքի գրանցման մոտեցումներում տարբերությունները զգալի են:

Որոշ երկրներում գերակշռող են երկարաժամկետ վարձակալությունները։ Այսպես, օրինակ, Նիգերիայում կամ Բելառուսում բնակեցման վկայականները տալիս են հողատարածքը որոշակի ժամկետով զբաղեցնելու իրավունք: Վիետնամում չկա մասնավոր սեփականություն, փոխարենը կան «հողօգտագործման իրավունքի վկայագրեր»։ Ճապոնիայում հողը եւ դրա վրա տեղակայված շինությունները դիտարկվում են իբրեւ առանձին եւ անկախ օբյեկտներ:

Շատ կարեւոր է խոսել տեղացի փորձագետի հետ, քանի որ ամբողջ աշխարհում սեփականության իրավունքի եւ դրա կառավարման տարատեսակ օրենքներ են գործում: Սեփականության գրանցումներն ազգային բնույթ ունեն: 

Բրազիլիայում կենտրոնացված ազգային հողային ռեգիստրում եւ կադաստրում հասանելի են միայն գյուղատնտեսական հողերի սեփականության իրավունքի վերաբերյալ տվյալները, մինչդեռ նահանգներն ու քաղաքապետարանները կառավարում են քաղաքային սեփականությունը:

Միացյալ Նահանգներում հողի սեփականության իրավունքն արձանագրվում է եւ պահվում տեղական մակարդակում, սովորաբար շրջանային մատենավարի գրասենյակում կամ հարկային տեսչությունում:

Իսկ շատ տեղերում, հատկապես Աֆրիկայի ենթասահարյան երկրներում, հողերի միայն փոքր տոկոսն է գրանցված կամ ունի կոնկրետ սեփականատեր: Հողատարածքների մեծ մասը, հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողերը, համատեղ են տնօրինվում` հիմնվելով սեփականության ավանդական պայմանավորվածությունների վրա: Նման հողերը հաճախ հակասություններ են առաջացնում դրանց նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հայտ ներկայացնող կորպորացիաների եւ պետական մարմինների միջեւ: Սեփականության ավանդական պայմանավորվածություններով տնօրինվող հողի մակերեսի մասին պատկերացում կազմելու համար տե՛ս Landmark ՀԿ-ի կազմած քարտեզը:

Այսպիսով, տեղական օրենքների եւ վարքուբարքի իմացությունն առանցքային դեր ունի:

Ինչ կարելի է գտնել

Չնայած բոլոր տարբերություններին եւ բարդություններին՝ գույքային ռեգիստրները կարող են տեղեկությունների հարուստ աղբյուրներ լինել:

Հնարավոր «գտածոների» թվում են՝

  • սեփականատիրոջ անունը,
  • հասցեն եւ հողատարածքի համարը,
  • հողային սեփականության սահմանների աշխարհագրական նկարագիրը,
  • հողատարածքում գտնվող շինությունների եւ դրանց բնութագրերի նկարագրությունը,
  • հողատարածքի համար վերջին վճարված գինը,
  • նախկին վաճառքների պատմությունը,
  • հարկման նպատակով ընթացիկ եւ անցյալ գնահատումը,
  • հողատարածքի օգտագործման թույլատրելի նպատակները եւ սահմանափակումները,
  • հողատարածքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների եւ սահմանափակումների վերաբերյալ մանրամասները,
  • դատարանի կողմից սեփականության վրա դրված արգելանքները,
  • սեփականությանն առնչվող իրավական վեճերը, եթե այդպիսիք առկա են,
  • հողատարածքի վրա շինարարության վերաբերյալ փաստաթղթերը, օրինակ՝ շինթույլտվությունները,
  • սեփականության վրա բեռ դարձած հիփոթեքային վարկերը,
  • սերվիտուտները (սահմանափակ օգտագործման իրավունքներ), գրավագրերը, հանրային իրավունքի սահմանափակումները։

Համապարփակ պատկերացում կազմելու համար այցելեք Cadasta Foundation-ի կայք:

Ինչ դժվարություններ կարող են ծագել 

Շատ երկրներում գաղտնիության մասին օրենքները սահմանափակում են հողի սեփականատիրոջ անվան հասանելիությունը: Չնայած թափանցիկության սկզբունքի հետ հակասությանը՝ որոշ հողատերեր նման գաղտնիությունը համարում են պաշտպանություն իշխանական լծակներ ունեցողներից:

Նման գաղտնիություն գոյություն ունի ոչ միայն աֆրիկյան եւ ասիական շատ երկրներում, այլեւ այնպիսի եվրոպական երկրներում, ինչպիսիք են Գերմանիան, Բելգիան եւ Իսպանիան: Իսկ Նիդերլանդները եւ Էստոնիան, ընդհակառակը, այն երկրների թվում են, որոնք ապահովում են թափանցիկություն եւ տեղեկությունները հասանելի են դարձնում առցանց համակարգերի միջոցով:

Նույնիսկ այն դեպքում, երբ առկա են հողի սեփականության իրավունքի մասին տեղեկություններ, կարող են լինել ֆինանսական եւ դրանց հասանելիությունը սահմանափակող խոչընդոտներ: Որոշ երկրներ (Ջամայկա, Միացյալ Թագավորություն) նման տեղեկությունների տրամադրման համար բավականին մեծ վճարներ են գանձում: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հարցումները պետք է կատարվեն անձամբ, ինչը բավականին ռիսկային քայլ կարող է լինել:

Բացի դա, ռեգիստրները կարող են խոցելի լինել կոռուպցիոն գործողությունների կամ տեղեկության խեղաթյուրման համար, ինչի պատճառով տեղեկությունների հավաստիությունը եւ որակը կարող են կասկածի տեղիք տալ: Իրական սեփականատերերը կարող են քողարկված լինել ազգականի կամ որեւէ դրածո ընկերության անվան տակ: Սրանից բխող հետագա խնդիրն է պարզել, թե ում է պատկանում ընկերությունը: Դա կարող է երեսպաշտությամբ եւ խաբեությամբ լի խաղ լինել: 

Շատ քիչ երկրներ կան, որտեղ անշարժ գույքի գործակալները պարտավոր են հայտնել կասկածելի վարքագծի մասին: Եվրոպական խորհրդարանի հետազոտական ծառայության 2019 թվականի փետրվարին հրապարակած «Ինչպես են լվանում փողերը անշարժ գույքի գործարքների միջոցով» համառոտ զեկույցը լավ պատկերացում է տալիս երեւույթի մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ «անշարժ գույքի վերաբերյալ կասկածելի գործարքների մասին շատ քիչ հաղորդումներ են ստացվում, ինչը խոսում է այն մասին, որ ոլորտը բարելավման շատ տեղ ունի»:

Որտեղ փնտրել

Փորձագետներին ծիծաղեցնում է այն գաղափարը, թե հնարավոր է՝ ստեղծվի միասնական միջազգային ցուցակ, որտեղ կհավաքվեն ազգային հողային ռեգիստրների գրանցումները:

Այդպիսի ցուցակ գոյություն չունի։

Սակայն GIJN-ը մի քանի հիանալի մեկնարկային կետեր է հայտնաբերել: Սեփականության գրանցումն ազգային երեւույթ է, ուստի տեղական մակարդակով հետազոտության իրականացումը լավագույն միջոցն է: Բայց որտե՞ղ: Ստորեւ դուք կգտնեք տեղեկություններ ազգային պաշտոնական աղբյուրների մասին։ Մենք այդ ռեսուրսները բաժանել ենք ըստ տարածաշրջանների այնպես, որ կարողանաք անիջապես անցնել ձեզ հետաքրքրող տարածաշրջանին: 

Տարածաշրջանային տեղեկություններից հետո ներկայացված են նաեւ մի քանի օգտակար «միջազգային աղբյուրներ»: Դրանցից մեկը՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցը, համապարփակ տեղեկություններ է պարունակում 190 երկրներում ազգային ռեգիստրների եւ սեփականության իրավունքին առնչվող օրենքների ու իրավական կարգավորումների վերաբերյալ: Մենք ձեզ կուղղորդենք՝ գտնելու ամենաարժեքավոր տվյալները:

Թվարկված մյուս միջազգային աղբյուրները զիջում են իրենց լիարժեքությամբ, սակայն տրամադրում են տեղեկություններ կոնկրետ երկրներում իրավական շրջանակների եւ հողօգտագործման ռեժիմների մասին:

Եվրոպական աղբյուրներ

Եվրոպական էլեկտրոնային արդարադատության պորտալ. Եվրոպական հանձնաժողովի տվյալների այս բազան ուղղորդում է դեպի  այլ ենթաէջեր, որտեղ ներկայացված են ազգային հողային ռեգիստրները, որոնք տարբերվում են որակով, տրված են նաեւ դրանց հղումները:

Eurographics. Եվրոպական ազգային քարտեզագրման, կադաստրի եւ հողային ռեգիստրի մարմինները ներկայացնող ոչ առեւտրային ասոցիացիայի «անդամների» էջում մեծածավալ տեղեկություններ են առկա (ներառյալ EuroGlobalMap-ը՝ պաշտոնական ազգային աղբյուրներից բաց տվյալների կիրառմամբ):

Հողային ռեգիստրների եվրոպական ասոցիացիա. ազգային համակարգերի վերաբերյալ կառավարությունների անդամների շրջանում 2018 թվականին իրականացված հարցման արդյունքները հասանելի են Եվրոպայի հողային ռեգիստրներում եւ կադաստրներում, սակայն հղումներն առկա չեն: Անդամների կոնտակտների ցանկը թույլ է տալիս անմիջապես գտնել հողային հարցերի համապատասխան ազգային կարգավորող մարմինը:

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողով. ՄԱԿ-ի այս գործակալությունը բազմաթիվ, ներառյալ` բնակարանային եւ հողային ոլորտներում է աշխատում: Նրանց որոշ զեկույցներ, թեեւ փոքր-ինչ հնացած, բայց դեռ արդիական են:

Դրանցից մեկը՝ «Հողային ռեսուրսների կառավարման համակարգերի վերաբերյալ հարցումը», 2014 թվականի է, մյուսը՝ «Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում հողային ռեսուրսների կառավարման համակարգերի գույքագրումը»՝ 2005 թվականի: Ուսումնասիրեք 2014 թվականի զեկույցի հավելվածը՝ հետազոտված 25 երկրներում գրանցման համակարգերի մասին արտասովոր մանրամասների համար՝ Հայաստան, Ավստրիա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ղրղզստան, Լատվիա, Լիտվա, Մալթա, Նիդերլանդներ, Ռումինիա, Սերբիա, Իսպանիա, Շվեդիա եւ Միացյալ Թագավորություն (Անգլիա եւ Ուելս):

Ռուսաստանի վերաբերյալ տեղեկությունների համար այցելեք Անշարժ գույքի միասնական պետական ռեգիստր (կայքը հասանելի է VPN-ի միջոցով), որտեղ հասանելի են հողի սեփականության եւ անշարժ գույքի պաշտոնական գրանցման տվյալները, ինչպես նաեւ՝ տարբեր ծառայություններ, օրինակ՝ պետական կադաստրային գնահատումը: Անշարժ գույքի սեփականատերերի անունները ներառող վստահելի կադաստրային քաղվածք կարելի է ձեռք բերել՝ Rosreestr կայքում գրանցվելով, սակայն այն հասանելի չէ օտարերկրացիների համար: Տե՛ս նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցը եւ «Բաց տվյալների համաշխարհային ինդեքսը» (Global Open Data Index), որոնք ներկայացված են միջազգային աղբյուրների բաժնում:

n-vestigate մետաբազան տվյալների բազա է, որտեղ ներառված են Արեւելյան Եվրոպայի եւ ԵՄ երկրների կադաստրային տվյալները: Նեղացրեք որոնման դաշտը՝ ընտրելով «հողային իրավունքներ եւ սեփականություն» բաժինը, որտեղ հայտնվում է 26 երկրների 33 հղում:

Հանրային ծառայությունների քարտեզը (անգլ.՝ Public Services on the Map, PDOK) անվճար հարթակ է, որը հասանելի է դարձնում Նիդերլանդների իշխանությունների կողմից վարվող գեոտվյալների հավաքածուները:

Հյուսիսային Ամերիկա

Միացյալ Նահանգներում հողի սեփականության մասին տվյալները պահվում են ավելի քան 3100 իրավասու մարմիններում (յուրիսդիկցիաներում) եւ հասանելի են հանրությանը:

Սեփականության իրավունքը եւ դրա հետ կապված գործարքները հավաստող փաստաթղթերը հիմնականում պահվում են վարչական շրջանի եւ քաղաքապետարանի մակարդակում՝ մատենավարների մոտ: Հարկային տեսչական գրասենյակները հաշվառում են հարկման ենթակա անշարժ գույքը: Բազմաթիվ գրանցումներ առցանց մատչելի են (մի գնահատման համաձայն՝ 1400 իրավասու մարմիններում), թեեւ որոնման հնարավորությունները տարբեր են: Հնարավոր է՝ գրանցվելու անհրաժեշտություն առաջանա: Սովորաբար կարելի է որոնել անունով, հասցեով կամ հողատարածքի համարով: Երբեմն տրամադրվում են քարտեզներ: Որոշ դեպքերում սեփականատիրոջ անվան որոնումը, հնարավոր է, արգելված լինի:

Ահա մի քանի կոմերցիոն կայքեր, որոնք կարող են ձեզ տեղեկություններ տրամադրել, թե անշարժ գույքի սեփականության իրավունքի պաշտոնական գրանցումները որտեղ են պահվում՝ NetrOnline, OnlineSearches, Trulia, Search եւ SearchSystems.net (բոլորը կոմերցիոն հարթակներ են, որոնք վաճառում են որոնման ծառայություններ):

Հողային փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով կոմերցիոն ծառայություններին դիմելը կարող է լավ ներդրում լինել հետաքննողի համար, հատկապես՝ եթե նա հստակ պատկերացում չունի տեղական առանձնահատկությունների մասին: LexisNexis-ը հասանելի է դարձնում սեփականության 5,6 միլիարդ գրանցում, ներառյալ՝ գործարքները, հիփոթեքը եւ հարկային գնահատումները: Այլ ծառայությունների թվում են՝ US Title Records-ը, ProtitleUSA-ը եւ Renomy-ը (կոմերցիոն անշարժ գույքի մասին տեղեկությունների համար, հղումներն աշխատում են VPN-ի օգնությամբ):

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող ծառայությունները նույնպես տրամադրում են օգտակար տեղեկություններ, որոնք սովորաբար հիմնված են պաշտոնական տվյալների վրա եւ անվճար են: Ուշադրություն դարձրեք հետեւյալ կայքերին՝ Zillow, Trulia կամ Realtor.com: Կոմերցիոն անշարժ գույքի համար այցելեք Loopnet.com:

Կանադայում անշարժ գույքի գրանցումները վարվում են մարզերի մակարդակով, եւ բոլոր 10 մարզերն ունեն առցանց համակարգեր: Ահա հղումները՝ Բրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Սասկաչեւան, Մանիտոբա, Օնտարիո, Նյու Բրունսուիք, Նոր Շոտլանդիա, Քվեբեկ, Արքայազն Էդուարդ կղզի եւ Նյուֆաունդլենդ: Սովորաբար, անհրաժեշտ է գրանցվել եւ կատարել որոշակի վճարում, որը երբեմն բավականին թանկ է: Գոյություն ունեն բազմաթիվ կոմերցիոն ծառայություններ, որոնք ուրախությամբ ձեզ համար տեղեկություններ կփնտրեն, օրինակ՝  Title Searchers, EasyPPSA եւ SpeedySearch: Որոշ մարզեր տրամադրում են տարածաշրջանային անշարժ գույքի փորձագետների ցուցակներ:

Աֆրիկա

New America-ի կադաստրային եւ հողային գործակալությունների ցուցակ. GIJN-ին տրամադրված այս եզակի ցուցակը 2018 թվականին պատրաստել է ամերկյան New America վերլուծական կենտրոնը: Այն ներառում է աֆրիկյան 50 երկրների համապատասխան գործակալությունների անուններն ու հասցեները: Ի թիվս այլ գործերի, New America-ն ունի մի ծրագիր, որը կոչվում է «Սեփականության իրավունքների ապագա» (անգլ.՝ Future of Property Rights):

«Հողին առնչվող տեղեկությունների աղբյուրները Հարավային Աֆրիկայում եւ դրանց ինստիտուցիոնալ համատեքստը» Հարավային Աֆրիկայի Գիտական եւ արդյունաբերական հետազոտությունների խորհրդի (անգլ.՝ Council for Scientific and Industrial Research, CSIR) եւ Land Portal Foundation-ի 2020 թվականի զեկույցն է, որին հաջորդեց ուղեկցող զեկույցը՝ «Հարավային Աֆրիկայում հողային տեղեկատվության վիճակը»

Africa Check-ը պատրաստել է Նիգերիայում եւ Սենեգալում հողային օրենքների եւ ռեգիստրների վերաբերյալ ամփոփ զեկույցներ (ֆրանսերեն):

Trimble’s Land Administration Solutions-ն առաջարկում է աֆրիկյան 15 երկրների հանքարդյունաբերության եւ այլ կոնցեսիաների քարտեզներ:

Ինչպես նշվում է Place-ում հրապարակված հոդվածում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունն առցանց տեղադրել է իր անտառային տնտեսության բոլոր կոնցեսիաները: Հոդվածում նշվում է նաեւ, որ «Կոնգոյի Հանրապետությունը, ինչպես Կամերունը, որոշ պայմանագրեր, թեեւ ոչ պարբերաբար, իր պաշտոնական տեղեկատուում տպագրում է նաեւ թղթային տարբերակով։ Ավելին, Լիբերիան նույնպես հրապարակում է իր անտառային տնտեսության պայմանագրերը, իսկ Սիերա Լեոնեն հանձնառություն է ստանձնել հանրայնացնելու իր գյուղատնտեսական պայմանագրերի մեծ մասը»:

Տե՛ս նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցը եւ «Բաց տվյալների համաշխարհային ինդեքսը» (Global Open Data Index), որը ներկայացված է միջազգային աղբյուրների բաժնում:

Ասիա/Խաղաղօվկիանոսյան երկրներ

Հնդկաստանն ունի ազգային պորտալ, որտեղ առկա են հղումներ առցանց պետական ռեգիստրներին: Յուրաքանչյուր նահանգ ունի հողերի հաշվառման/գրանցման տեղեկությունների պահպանման սեփական համակարգ: Սակայն, հողային փաստաթղթերի թվայնացումը թերի է, ուստի թղթային օրինակների ուսումնասիրության կարիք կա: 

Land Conflict Watch-ը քարտեզագրում է Հնդկաստանում հողով պայմանավորված հակամարտությունները՝ յուրաքանչյուրի վերաբերյալ ներկայացնելով հակամարտության ընդհանուր պատկերը եւ մանրամասները: 

Gecko Project-ի եւ Mongabay-ի՝ 2019 թվականին պատրաստած «Հետեւեք թույլտվություններին. ինչպես բացահայտել կոռուպցիայի նշանները Ինդոնեզիայի հողային գործարքներում» հետազոտությունը ներկայացնում է հնարքներ, թե ինչպես ձեռք բերել կորպորատիվ սեփականության եւ հողօգտագործման թույլտվություններ ստանալու մասին տեղեկություններ: Չնայած նրան, որ շեշտն Ինդոնեզիայի վրա է, նկարագրված մեթոդաբանությունը ավելի լայն կիրառություն ունի:

Չինաստանի հողային փաստաթղթերը տեսականորեն հրապարակային են, սակայն իրականում հասանելի են միայն սեփականատերերին եւ լիազորված անձանց: Չինաստանում հողի մասնավոր սեփականությունն արգելված է, սակայն մասնավոր անձն իրավունք ունի ձեռք բերելու հողօգտագործման իրավունք: Ուսումնասիրելով Շանհայի համակարգը՝ Համաշխարհային բանկը տրամադրել է առցանց ռեգիստրի հասցեն՝ նշելով, որ մուտքը սահմանափակված է «միայն միջնորդների եւ շահագրգիռ կողմերի համար»:

Նմանատիպ սահմանափակում է կիրառվում Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի ռեգիստրներ եւ քարտեզային տեղեկատուներ մուտք գործելիս: Տե՛ս Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցի հոդվածը:

Սրան հակառակ, Հոնկոնգի ռեգիստրը բավականին մատչելի է:

Սինգապուրի դեպքում այցելեք հետեւյալ պաշտոնական կայքը:

New America-ի 2018 թվականի հուլիսի զեկույցը ներկայացնում էր Պակիստանի Փենջաբ նահանգում հողային փաստաթղթերի թվայնացման արժեքը: Զեկույցում նկարագրված են կատարված բարեփոխումները, այդ թվում՝ փաստաթղթերի առցանց հասանելիությունն ապահովելը:

Ասիական երկրների մեծ մասի հողային պրակտիկան մանրամասն ներկայացված է Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում եւ «Բաց տվյալների համաշխարհային ինդեքսում» (Global Open Data Index):

Ավստրալիայի համար տե՛ս այստեղ թվարկված կայքերը՝ ըստ նահանգների:

Լատինական Ամերիկա

Մեքսիկայի հողային սեփականության մասին տվյալները պահվում են Registro Público de la Propiedad Federal դաշնային ռեգիստրում:

Բրազիլիան չունի ազգային ռեգիստր։ Նահանգային եւ քաղաքային մակարդակներում յուրաքանչյուրը կարող է հայցել գրանցման վերաբերյալ տվյալներ, եւ հնարավոր է նաեւ անշարժ գույքի գրանցման բազմաթիվ գրասենյակներից ձեռք բերել չհավաստագրված էլեկտրոնային քաղվածքներ: Տե՛ս Համաշխարհային բանկի այս զեկույցում Սան Պաուլոյի համակարգի նկարագրությունը:

Կոլումբիա. Ստացեք սեփականության պատմությունը եւ գրավից ազատված լինելու մասին հավաստագիրը (իսպ.՝ «certificado de tradición y libertad») Superintendencia de Notariado y Registro-ում: Յուրաքանչյուր ոք կարող է հայցել այս վկայականը (որը վճարովի է) Superintendencia de Notariado y Registro-ի կայքում, որտեղ առկա են ողջ երկրի անշարժ գույքի վերաբերյալ իրավական տեղեկություններ:

Արգենտինա. Տե՛ս Registro de la Propiedad Inmueble:

Սալվադոր, Գվատեմալա, Հոնդուրաս, Պանամա եւ Նիկարագուա. Այս հինգ երկրների ռեգիստրների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տե՛ս Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության 2007 թվականի զեկույցում:

Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասի հողային օրենքների վերաբերյալ տեղեկությունները տե՛ս Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում եւ վերը նշված այլ միջազգային ռեսուրսներում: Բանկի զեկույցում հաճախ հղումներ են կատարվում ազգային կայքերին եւ ներկայացվում է, թե ինչ է կարելի այնտեղից քաղել:  Տե՛ս նաեւ «Բաց տվյալների համաշխարհային ինդեքսը» (Global Open Data Index):

Միջազգային աղբյուրներ

Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույց. 190 երկրներում բիզնեսով զբաղվելու խոչընդոտների վերաբերյալ այս լայնածավալ գնահատման մեջ հողային ռեգիստրների մասին ահռելի տեղեկություններ կան: Շատ դեպքերում դուք կգտնեք պատասխանատու կառույցը եւ կայքը: Ահա գործողությունների հաջորդականությունը․ սեղմեք «Վարկանիշներ» (Rankings), այնուհետեւ ընտրեք երկիրը, ապա այցելեք «Սեփականության գրանցում» (Registering Property) բաժին։ Ուշադրություն մի՛ դարձրեք մակրոեզրակացություններին եւ ընտրեք երկիրը: Յուրաքանչյուր երկրի էջի ստորին հատվածում կա երկու «Մանրամասներ» (Details) բաժին: Մեկը կոչվում է «Մանրամասներ… Ընթացակարգի տեւողությունը եւ արժեքը» (Details… Procedure Time and Cost), իսկ մյուսը՝ «Մանրամասներ… Որակի չափում» (Details… Measuring Quality):  

Առաջինը հիմնականում նկարագրում է սեփականության գրանցման ազգային համակարգը, մինչդեռ երկրորդն ավելի շատ կենտրոնանում է տեղեկությունների մատչելիության վրա: Որոշ դեպքերում դա տեղեկություն է երկրի ամենամեծ քաղաքում հողային համակարգերի թափանցիկության մասին։ Քաղաքի վերաբերյալ, այսպիսով, հասանելի է վստահելի տեղեկություն, այստեղ ներառվում են նաեւ հղումներ տվյալների առցանց բազաներին, եթե այդպիսիք կան: Ազգային ռեգիստրը նշվում է միայն այն դեպքում, երբ քաղաքն ընդգրկված է ազգային գրանցման համակարգում: Միեւնույն է, առկա է ընդհանուր տեղեկությունների մեծ պաշար եւ  կոնկրետ վստահելի տեղեկություն ստանալու հնարավորություն: Բանկի մեկ այլ նախագիծ՝ «Հողային ռեսուրսների կառավարման գնահատման համակարգ» (անգլ.՝ the Land Governance Assessment Framework), ախտորոշիչ գործիք է, որն ավելի քան 40 երկրում իրականացնում է հողային ռեսուրսների կառավարման անաչառ գնահատում: Ցուցանիշներից մեկը հետեւյալ կետն է՝ «4.4 Հողային ռեսուրսների մասին տեղեկությունների հանրամատչելիություն»:

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն. ՊԳԿ-ն (անգլ.՝ Food and Agriculture Organization, FAO) ունի ազգային օրենքների տվյալների բազա՝ FAOLEX: Հատկապես ուշադրություն դարձրեք «Հող եւ բնահող» (land and soil) բաժնին: Սրանից զատ, ՊԳԿ-ն վարում է գենդերային եւ հողային  իրավունքների տվյալների շտեմարան (անգլ.՝ Gender and Land Rights Database, GLRD), որը բացահայտում է հողային իրավունքներում գենդերային անհավասարության դրսեւորումները: Այնտեղ առկա են նաեւ երկրների մասին ակնարկներ, գենդերային եւ հողային հարցերին առնչվող վիճակագրություն եւ վերջերս մշակված իրավական գնահատման գործիք (legal assessment tool, LAT):

ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Land Links հարթակ. այս կայքում ոչ միայն նկարագրված է ԱՄՆ-ի՝ հողային հարցերով արտաքին օգնությունը, այլեւ գոյություն ունեն էջեր գրեթե 70 երկրների վերաբերյալ: Ընտրեք երկիրը, այնուհետեւ՝ «Հող» (Land) բաժինը: «Հողօգտագործում» (Land Use) բաժնում կարդացեք «Իրավական շրջանակ» (Legal Framework) հատվածը՝ սեփականության իրավունքի մասին սահմանադրական դրույթների եւ օրենքների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Դուք նաեւ որոշ պատմություններ կգտնեք հողօգտագործման վերաբերյալ, եւ թե ինչպես են մարդիկ հողի իրավունք ձեռք բերել: ԱՄՆ ՄԶԳ-ն ներկայացնում է յուրաքանչյուր ազգային համակարգի վերաբերյալ իր մեկնաբանությունները եւ հղում կատարում մյուսներին:

Land Portal. Այս ՀԿ-ի կայքն ունի «Երկիր» (Country) բաժին, որտեղ ներառված են մոտ 67 երկրների «պորտֆոլիոներ» (դրանք հիմնականում Ենթասահարյան Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ են), որոնք հանգամանորեն ներկայացնում են հողային ռեսուրսների կառավարման եւ հողօգտագործման խնդիրները: «Տվյալներ» (Data) բաժինը տրամադրում է հղումներ 37 հավաքածուների, որոնք պարունակում են հողի սեփականության տարբեր հարցերի եւ կոնկրետ հողային խնդիրների վերաբերյալ ավելի քան 650 «ցուցանիշներ»: Տե՛ս նաեւ «Հողային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրները համատեքստում» (Land Governance Issues in Context) էջը։ Կայքն ունի նաեւ հիանալի տեղեկագիր, որը մեկտեղում է հողօգտագործմանն առնչվող միջազգային նորությունները: 

Global Open Data Index (Բաց տվյալների համաշխարհային ինդեքս). Open Knowledge ցանցի այս ռեսուրսը դասակարգում է մոտ 100 երկիր՝ ըստ պետական 15 տեսակի տվյալների մատչելիության: Այդտեղ կարելի է կոնկրետ երկրի հողային հարցերի մասին որոշ օգտակար տեղեկություններ գտնել: Էջի վերեւում սեղմեք «Վայրեր» (Places), այնուհետեւ ընտրեք երկիրը: Յուրաքանչյուր երկրի հատկացված բաժնում ընտրեք «Հողատարածքի սեփականություն»  (Land ownership), ապա «Մետատվյալներ» (Meta data),  եւ/կամ «Մանրամասներ» (Details):  

Land Matrix - Ներդրումների համաշխարհային քարտեզ. այս ինտերակտիվ քարտեզը հավաքում է հողերի՝ խոշոր մասշտաբի այն գնումների տվյալները, որոնք իրականացնողներն ինչպես ներդրողներն են, այնպես էլ թիրախային երկրները: Տվյալների հավաքածուի վրա սեղմելով՝ կարելի է տեսնել ներդրողների մասին ընդհանուր տեղեկություններ (ներառյալ ընկերության անվանումը եւ ծագման երկիրը), ներդրման չափը եւ ծրագրի կարգավիճակը: Տեղեկությունը շարունակաբար թարմացվում է, բայց հեղինակներն ընդունում են, որ այն թերի է, քանի որ «հողային գործարքները հայտնի են ոչ թափանցիկությամբ»:

LandMark. Այս ՀԿ-ի պատրաստած Հիմնական եւ համայնքային հողերի համաշխարհային հարթակը (անգլ.՝ Global Platform of Indigenous and Community Lands) ներկայացնում է ողջ աշխարհում կոլեկտիվ տնօրինվող եւ օգտագործվող հողերի մասին տեղեկություններ՝ ըստ աշխարհագրական վայրերի: Այն համախմբում է տեղական, ազգային եւ տարածաշրջանային բազմաթիվ ընթացիկ ջանքերը՝ հիմնական եւ համայնքային հողերի՝ մեկ գլոբալ հարթակի շրջանակներում քարտեզագրման եւ փաստաթղթավորման համար:

Investigative Dashboard. OCCRP-ի (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանաման նախագիծ) ստեղծած այս ռեսուրսը ներկայացնում է մի քանի հողային ռեգիստրներ մի ընդարձակ բաժնում՝ առանձնացված ըստ երկրների: Որոնեք փաստաթղթեր՝ սկսելով այստեղից (սեղմեք «որոնում»՝ ընդլայնված որոնման համար):

Cadastral Template-ը նույնպես հետաքրքիր կայք է, որտեղ գնալով աճում է ներգրավված երկրների թիվը, եւ առկա է տեղեկությունների մեծ պաշար: Փորձագետները (անունները եւ կոնտակտային տվյալները նշված են) պատրաստել են զեկույցներ (որոշներն ավելի հին են, այնպես որ ստուգեք ամսաթիվը) 57 երկրների վերաբերյալ: Նրանք մանրամասն ներկայացնում են հողերի գրանցման եւ քարտեզագրման ռեժիմների պատմությունը եւ աշխատանքը, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտական կազմակերպությունների անունները եւ բարեփոխումների առաջարկները:

Էլ որտեղ փնտրել

Հողային ռեգիստրները միակ միջոցը չեն, որով կարելի է պարզել, թե ում է պատկանում հողը:

Սեփականության վերաբերյալ վեճերի, ամուսնալուծությունների, հարկերի վճարման եւ սնանկությունների վերաբերյալ դատական արձանագրությունների ուսումնասիրությունը նույնպես կարող է արդյունավետ լինել:

Միացյալ Նահանգներում LexisNexis-ի նման կոմերցիոն ծառայությունները կարելի է օգտագործել ոչ միայն ԱՄՆ-ի անշարժ գույքի ռեգիստրների, այլեւ դատական հայցերի համալիր հետազոտության համար:

Որոշ հետազոտողներ հաջողել են՝ գտնելով անհրաժեշտ տեղեկությունը պաշտոնական տեղեկագրերում եւ պետական այլ հրապարակումներում: Դրանցում կարող են երեւալ հողօգտագործման փոփոխությունների եւ շինթույլտվությունների վերաբերյալ դիմումները:

Կարող են լինել նաեւ տարբեր տեսակի հողային իրավունքների վերաբերյալ գրանցումներ: Օրինակ՝ Տանզանիայում կա մի պորտալ, որը քարտեզագրում է հանքարդյունաբերությամբ զբաղվելու արտոնագրերի բաշխումը:

Հողային ռեգիստրները միակ միջոցը չեն, որով կարելի է պարզել, թե ում է պատկանում հողը: Սեփականության վերաբերյալ վեճերի, ամուսնալուծությունների, հարկերի վճարման եւ սնանկությունների վերաբերյալ դատական արձանագրությունների ուսումնասիրությունը նույնպես կարող է արդյունավետ լինել: 

Գյուղացիական տնտեսություններին սուբսիդիաների վճարումների մասին տեղեկությունը եւս կարող է օգտակար լինել: Եվրոպական միության համար ստուգեք FarmSubsidy.org-ը, որը 2019-ի սկզբին ամբողջական որոնման գործառույթը վերադարձնելու գործընթացում էր: Տվյալների արխիվն այստեղ է, իսկ զանազան ավելի հին արխիվներ կարելի է գտնել նաեւ այստեղ:

Միացյալ Նահանգների վերաբերյալ տեղեկությունների համար տե՛ս EWG Farm Subsidy տվյալների բազան:

Պետական փաստաթղթերի վրա հիմնվելուց զատ, հետազոտողներն առաջարկում են ստուգել ընկերությունների հաշվետվությունները եւ կայքերը, լրատվամիջոցների ռեպորտաժները, գովազդները եւ սոցիալական մեդիան:

Կարող են պետք գալ նաեւ երկնքից արված պատկերները: «Պատերազմական հանցագործություններից ստացված եկամուտն արդարացում չունի» խորագրով զեկույցի համար Sentry ՀԿ-ն օգտագործել է Google Earth Pro-ի հանրամատչելի արբանյակային պատկերները՝ ուսումնասիրելու Հարավային Սուդանում պետական պաշտոնյաներին պատկանող անշարժ գույքերը:

Տե՛ս GIJN-ի արբանյակային պատկերների վերաբերյալ ուղեցույցը: (անգլ)

Մասնավոր ընկերությունների նյութերը՝ իբրեւ հնարավոր օգնություն 

Պաշտոնական աղբյուրների ուսումնասիրությունից ստացված տեղեկությունները լրացնելու համար դիտարկեք անշարժ գույքի գործարքներով զբաղվող կոմերցիոն ծառայություններին դիմելու տարբերակը:

Այսպես կոչված proptech-ի (property tech, հայ.՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը անշարժ գույքի բիզնեսում) տարածմանը զուգընթաց, անշարժ գույքի առցանց վաճառքի ցուցակները գնալով ավելի շատ երկրներում են ազատորեն հասանելի դառնում՝ տրամադրելով տարատեսակ տեղեկություններ: Նորարարական կայքերն այժմ տեղեկացնում են բնակելի եւ կոմերցիոն անշարժ գույքի գնման, վարձակալման, վաճառքի, նախագծման, կառուցման եւ կառավարման զանազան միջոցների մասին:

Անշարժ գույքի այս ընդլայնվող առցանց ծառայություններից որոշներից տեղեկություն ստանալը վճարովի է, սակայն արժե դրանք գնել։ Միացյալ Նահանգներում առնվազն մեկ տասնյակ ընկերություններ հավաքում եւ լրացնում են բոլոր պետական եւ տեղական տվյալները:

Այցելեք այնպիսի ազգային կայքեր, ինչպիսիք են Միացյալ Նահանգներում Zillow-ն կամ Loopnet.com-ը՝ ԱՄՆ-ում կոմերցիոն անշարժ գույքի համար: Ծանոթացեք Windeed-ին՝ Հարավային Աֆրիկայում, Lianjia-ին՝ Չինաստանում, Magic Bricks-ին՝ Հնդկաստանում եւ մի շարք այլ ռեսուրսների:

Գոյություն ունեն նաեւ միջազգային անշարժ գույքի վրա կենտրոնացած կայքեր, ինչպիսիք են Dow Jones-ի Mansion Global-ը: Այս կատեգորիայում ուսումնասիրեք Global Listings կայքը, որտեղ ներառված են ավելի քան 100 երկրների միլիոնավոր անշարժ գույքերի մասին տեղեկություններ:

Համաձայն 100 երկիր եւ 158 քաղաք ընդգրկող «Անշարժ գույքի թափանցիկության համաշխարհային ինդեքս» զեկույցի (հրապարակվում է երկու տարին մեկ անգամ) 2018 թվականի թողարկման՝ նշմարվում է «կայուն բարելավում, որը սակայն հետ է մնում արագ տեմպերով աճող ակնկալիքներից»: Վարկանիշը կազմել է Չիկագոյում գտնվող Jones Lang LaSalle, Inc. ընկերությունը՝ հիմնվելով տեղական փորձագետների՝ 186 տարատեսակ գործոնների կատարման գնահատականների վրա, որոնցից յոթը վերաբերում է ռեգիստրների տեղեկություններին (սակայն, յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մանրամասն բացվածքը հասանելի չէ): Ընդհանուր առմամբ, Միացյալ Թագավորությունը թափանցիկությամբ առաջին տեղում է, իսկ Վենեսուելան՝ վերջին:

Է՞լ ով

Ո՞վ մուտք ունի համակարգ եւ կարող է տիրապետել անշարժ գույքի վերաբերյալ տեղեկությունների:

Անշարժ գույքի գործակալները, բանկերը, ապահովագրական ընկերությունները եւ այլ շահագրգիռ կողմեր, որոնց հետաքրքրում է, թե ով է գնում եւ վաճառում:

Հնարավոր աղբյուրները կարող են տարբերվել՝ կախված տեղական պայմաններից: Որոշ երկրներում իրավաբաններն ու փորձագետները կատարում են հողային ռեգիստրների եւ սեփականության իրավունքի գրանցման որոնումներ: Գեոդեզիստները կարող են տեղեկություններ հրապարակել:

Հողային իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են օգտակար լինել: Օրինակ՝ Cadasta Foundation հիմնադրամը ֆինանսավորել է նախագծեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մալայզիայում եւ այլ երկրներում՝ երբեմն կիրառելով մասնակցային քարտեզագրման մեթոդը եւ արբանյակային պատկերները՝ զուգահեռ (կամ ոչ պաշտոնական) ռեգիստրներ ստեղծելու համար: Նյու Յորքում վարձակալների իրավունքներով զբաղվող մի խումբ ստեղծել է կայք, որտեղ կարելի է ոչ միայն պարզել, թե ում է պատկանում անշարժ գույքը, այլեւ, թե ուրիշ ինչ սեփականություն ունի տանտերը:

Ձեզ հետաքրքրող վայրերն անձամբ այցելությունները նույնպես կարող են անսպասելիորեն արդյունավետ լինել: Ինչե՜ր ասես, որ չես տեսնի: 

Եվ, ի վերջո, միշտ կարելի է հարցուփորձ անել հետաքրքրասեր հարեւաններին:

Կարդա՛ նաև

Այս ուղեցույցը կազմել է GIJN-ի ռեսուրս կենտրոնի նախկին տնօրեն Թոբի Մաքինթոշը: Նա 39 տարի աշխատել է Վաշինգտոնում իբրեւ Bloomberg BNA-ի լրագրող եւ խմբագիր, ինչպես նաեւ՝ FreedomInfo.org շահույթ չհետապնդող կայքի խմբագիր: Նա նաեւ վարում է eyeonglobaltransparency.net բլոգը:

Գլխավոր լուսանկարը՝ Travis Saylor / Pexels

Այս նյութը պատրաստվել եւ թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։ Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի հեղինակներ Թոբի Մաքինթոշը եւ Էմիլի Օ'Սալիվանն այս նյութը վերջին անգամ թարմացրել են 2023 թվականին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter