HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

«Վիծիկ դանա», կամ սեր 3-րդ մասում (վիդեո)

«3-րդ մասը մի շատ լավ տարածք է: Երիտասարդ տարիքում տղաներին կոմպլեքսավորում են տղամարդ լինելու համար, այնտեղ` մեզ մոտ, կանացի լինելու համար արդեն պատժում են: Շատ լավ է: Իրականում ոչ թե կոմպլեքսավորում են, այլ դաստիարակում են, կան բաներ, որ մեզ թվում է, թե լավ չէ, բայց... Տղամարդկային ագրեսիան պետքական բան է, եթե տղամարդը չլինի ագրեսիվ, ստիպված կինը պիտի լինի ագրեսիվ, ինչը չի սազում: Ուղղակի մի վտանգավոր երեւույթ կա, որ հանկարծ շատ չչարաճճիանաս: Աղջիկները, չգիտես ինչու, վախենում են գալ, ասում են` ի՞նչ տեղ եք ապրում, ո՞նց եք դուք այդտեղ ապրում, առանց մտածելու, որ ընտիր տեղ ա: Ուղղակի մարդիկ փորձում են իրար օգնել, որ լկտի չդառնան ավելի, մնան էն, ինչ որ պետք ա, թե չէ` էստեղ ով ինչ ուզում, անում է, իսկ 3-րդ մասում կան ներքին կանոններ»,- կեսկատակ- կեսլուրջ ասում է Սարգիս Շիբոյանը:

Նրա «Սեր 3-րդ մասում» երգը Ակումբում հնչող այն երգերից է, որոնք միշտ ներկաների մոտ ժպիտ են առաջացնում: Հեղինակ- կատարող Սարգիս Շիբոյանի երգը վերափոխման մասին է, նա կատակի միջոցով փորձել է ցույց տալ, որ այդպես էլ կարող է լինել, որ մարդը կարող է փոխվել, քանի որ սերը հրաշքներ է գործում: Տղան «վիծիկ դանա» երգելուց հետո խոսում է Ջոկոնդայի մասին, Բեթհովենին է արդեն ճանաչում, գնահատում է այն գեղեցիկը, որ առաջ չէր էլ նկատում:

«Կա երիտասարդության մի տեսակ, որ շատ անտաշ է, ու այդ անտաշության փոփոխությունը ես տեսնում եմ, երբ սիրո զգացողություն կա, իսկական սիրո: Ու նամանավանդ, եթե սիրո առարկան բարձրաճաշակ, կիրթ անձնավորություն է: Ուզի, չուզի` ապրում է նրա հետաքրքրություններով, ինչը նպաստում է, որ սիրո զգացմունքի հիման վրա մարդը փոխվի»,- ասում է նա:

Հեղինակ-կատարող Սարգիս Շիբոյանը մասնագիտությամբ ռադիոինժեներ է, էլեկտրասարքեր է նորոգում: Տարիներ առաջ ընկերներից մեկը, ով աշխատում էր հեռուստատեսությունում, մի օր իրենց տանն է լինում, երբ Շիբոյանը վերցնում է կիթառը ու նվագում իր երգերից: Հենց այդ տարիներին` 80-ականներին, նա գրել էր իր լիրիկական երգերը` «Սեւ մարգարիտ», «Կար մի ժամանակ», «Մեղմ երեկո»:

«Ինքն ինձ խաբեց, ասաց` հեռուստաստուդիայում մի հատ բլոկ ունեմ, չեմ կարողանում նորոգել, կկարողանա՞ս գալ, օգնել: Ես էլ, ճիշտն ասած, զարմացա, թե ոնց կարող է ստուդիայում մի ինժեներ չլինի, որ դրանք նորոգի: Ասեցի` ծանոթ չեմ, ասաց` ոչինչ, ես քեզ երկու բառով կբացատրեմ` ոնց է աշխատում: Ես էլ գործիքներս վերցրի ու գնացի նորոգելու»: Հեռուստատեսությունում արդեն նրան ուղեկցում են ռեժիսորի մոտ` ասելով, թե «սա էն տղան է, որ երգեր է գրում»: Կիթառը տալիս են ձեռքը եւ խնդրում իր երգերից կատարել: «Որտե՞ղ, ե՞րբ: Ասաց` վաղը կգաս կիթառով ու կերգես: Մյուս օրն արդեն նկարահանումներ էին»:

Նա այսօր էլ զարմանում է, թե ինչպես այն ժամանակ թույլ տվեցին երգել այդ երգերը, որոնք, կարելի է ասել, պետության դեմ էին: Այնուամենայնիվ, առաջին ելույթից հետո նրան արդեն հրավիրում են հեղինակային երգի փառատոնի, որը կազմակերպվելու էր Եղեգնաձորում Արմեն Ադամյանի ջանքերով:

1988-ին Սարգիս Շիբոյանն է բացել առաջին հեղինակային երգի համահայկական փառատոնը իր «Սեւ մարգարիտ» երգով:

«Վիճակահանությամբ ես հանեցի առաջինը, ճիշտն ասած` բոլորն այնքան ուրախացան ու եկան ինձ գրկելու ու շնորհավորելու: Զարմացա, թե էս ինչու են բոլորն ուրախանում ինձ համար: Փաստորեն, առաջինը լինելը շատ ծանր էր: Հենակետ չկար, դատարկություն էր: Հեղինակային փառատոն հասկացություն չի եղել: Մենք գիտեինք Ռուբեն Հախվերդյանին, Արթուր Մեսչյանին, մեկ էլ ռուսական բարդերին: Ու որպես այդպիսին էլ ոչ ոք չկար այդպես ակնհայտ: Շատերը կային, բայց չափողականություն չկար, սանդղակ չկար: Դրա համար էլ, երբ ինչ-որ մեկը եղավ առաջինը, բոլորն ուրախացան»,- հիշում է նա:

Սարգիս Շիբոյանին հաճախ կարելի է տեսնել իր եղբոր հետ: Եղբայրը` Գագիկ Շիբոյանը, մեներգիչ էր էստրադային «Ծիր կաթին» անսամբլում, որի երաժշտական ղեկավարը Սուրեն Ադամյանն էր: Այսօր Շիբոյան եղբայրները միասին են հանդես գալիս Ակումբում հեղինակային երգի երեկոներին: Որոշ երգերի դեպքում նրանց կարելի է համահեղինակներ համարել: Եղբայրները կարծում են, որ ճիշտ կլինի, որ իրենք միշտ իրար հետ ելույթ ունենան, միասին շատ ավելի լավ է ստացվում: Այն հարցին` արդյո՞ք մի տանը երկու հեղինակ-կատարողը շատ չէ, Սարգիս Շիբոյանն ասում է` մի շենքում որ տասը հեղինակ-կատարող լինի, ի՞նչ վատ կլինի որ:

Նրա վերջին երգը կոչվում է «Ես հոգնել եմ»: Երգը մարդկային թուլության մասին է, այն մասին, որ չի կարելի թույլ լինել ու ամեն ինչից փախչել: Միեւնույն է, եթե փախչում ես ամեն ինչից, խնդիրները չեն լուծվում, հակառակը` շատանում են: Մինչդեռ այս հեղինակ-կատարողի մոտ նույնպես, ինչպես շատերի մոտ, ամեն ինչ սկսվել էր սիրուց: «Սիրահարված էի 18-19 տարեկան հասակում: Այդ ժամանակ կիթառ նվագել սովորելու հնարավորություն եղավ: Ուզեցի ուղղակի երգ գրել նրա համար, որ ինքը լսի: Գրեցի, երգեցի: Ինչպես ցույց տվեց կյանքը, դրանից բան դուրս չեկավ, բայց երգ գրելու ցանկությունը շարունակվեց»,- ասում է նա: Պատանեկան անկեղծ զգացմունքից ծնված առաջին երգը «Մարինեն» էր: Սիրո մասին սկզբում մի քանի երգ է գրում, հետո արդեն սիրուց բացի ուրիշ զգացմունքներ էլ են առաջանում` հիմնականում զայրույթ անարդարության նկատմամբ:

87-88 թթ. Սարգիս Շիբոյանը գրում է իր «քաղաքական» երգերը` «Երբ», «Մեր ցուրտ դարում», «Դիմակահանդես», «Թռչնակը վանդակում», որոնք մինչեւ հիմա էլ կատարում է` փաստելով, որ այսօր էլ արդիական են:

Այն ժամանակ համակարգն անարդարության զգացում էր առաջացնում, շատ բաներ կային, որ զայրացնում էին, ասելիք շատ կար: Նրա խոսքերով` հիմա էլ շատ բան չի փոխվել, ուղղակի սխալ, թարս բաների երանգներն են շատացել: Ավելին, նա նշում է, որ այն ժամանակ մի վատ միտում կար, որը հիմա սրվել է ու արմատացել. «Մարդիկ սկսել էին կամաց-կամաց իրար չսիրել, իրար նախանձել, միայն վատը ցանկանալ, չարություն, լարվածություն, վատաբանելու մեծ պոտենցիալ բոլոր առումներով: Ու անցումային ժամանակաշրջանում դա ավելի բացահայտ դարձավ, ավելի խորացավ: Ավելի շատ առիթներ եղան, որ մարդիկ իրար ատեն: Այն ժամանակ գոնե մարդիկ ինչ ունեին-չունեին, պահում էին, որ շատ մարդ չիմանա, հիմա հակառակը` չունեն էլ, ցույց են տալիս` առանց մտածելու, որ դա շրջապատի մոտ դժբախտության զգացողություն, ատելություն է առաջացնում»:

Այնուամենայնիվ, հեղինակ-կատարողը չի կարծում, որ ճիշտ լուծում է խոսել մարդու վատ հատկանիշների մասին: Նա կարծում է, որ հիմա ավելի կարեւոր է ոչ թե պատժել մարդուն նրա համար, որ ինքը վատն է, այլ ցույց տալ ճանապարհն ու գովել այն, ինչ գեղեցիկ է, ավելի բարի է ու լավը: Վատաբանելն այնքան ազդեցություն չի ունենում, որքան լավ օրինակը մատնանշելը: «Ես հիմա արդեն այդքան չեմ ուզում գրել երգեր, որ այ էս մարդը սենց վատն ա, էս մեր հասարակությունը կեղտոտ ա: Ես կուզենամ գրել ուրիշ բան. այն, ինչպիսին կուզենայի լիներ մեր հասարակությունը, մարդը ընդհանրապես»,- ասում է նա:

Վերջին շրջանում հեղինակն ավելի քիչ է գրում, որովհետեւ «հիմա տեսակետները, տեսանկյունները, արժեքներն արագ են փոխվում»: «Ես նույնիսկ վախենում եմ մի բանի մասին որոշակի կարծիք հայտնել, որովհետեւ շատ արագ այդ կարծիքը կարող է սխալ դուրս գալ: Կա նաեւ ապատիկ վիճակ: Շատ բաներ այնքան փուչ են դարձել ու այնքան անիմաստ, որ երգ գրելու ցանկություն էլ չի լինում: Մի տեսակ հոգնածություն է առաջացել այս համընդհանուր ապատիայից: Մարդիկ միայն մտածում են կուշտ լինելու, փող ունենալու մասին, իսկ երգ գրել այն մասին, թե մարդիկ ինչքան դատարկ ու ագահ են դարձել, անարժեք բան է: Պետք է առիթներ լինեն, որ երգեր գրվեն, զգացմունքներ, վայրիվերումներ, առանց առիթի չի լինում, օրինակ` սիրահարվել... Դե, 50 տարեկանում սիրահարվելն էլ էն չէ»:

Մեկնաբանություններ (1)

Gohar
Ես ապրում եմ 3-րդ մասում և բոլորովին համամիտ չեմ այն կարծիքներին , որ այն ապրելու համար հարմար չէ: Հավանաբար այդ կարծիքը ձևավորվել է այն ժամանակ, երբ այդ տարածքում շատ գործարաններ էին աշխատում, որոնք թունավորում էին մթնոլորտը; Հիմա անդրադառնամ բնակչությանը: Այսօր 3-րդ մասում ավելի մեծ թվով մտավորականներ են ապրում, քան ասոենք Հյուսիսային պողոտայում: Կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter