HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ձերբակալվել են Իշխան Գևորգյանը և ևս 4 քաղաքացի

72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Այս մասին հայտնում են «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունից։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հետքին» հայտնեց, որ մայիսի 14-ին՝ երեկոյան 17.00-ի սահմաններում, նշված անձինք ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելու հիմնավոր կասկածով բերման են ենթարկվել Ոստիկանություն, հետո ներկայացվել են քննչական մարմին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ)։

«Նշված անձանց ձերբակալելու որոշում է կայացվել, նախաքննություն է իրականացվում՝ հանգամանքները պարզելու համար»,- ասաց նա։

Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։ «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության փաստաբանները բացարձակ անհիմն են որակում այս ձերբակալությունները։

«Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը, բնականաբար, հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։

Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար»,- նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ երեկ՝ մայիսի 14-ին, 63 անձ էլ վարչական ձերբակալման էր ենթարկվել և բոլորն էլ ազատ են արձակվել։ Այս մասին տեղեկացանք Ոստիկանությունից։ Նրանք Ոստիկանություն էին տարվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածի արարքի կասկածանքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը- խմբ․):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter