HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը մերժեց Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 10-ին, շարունակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ։

Նիստին քննարկվեց Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանի ներկայացրած միջնորդությունը՝ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Միջնորդության համար հիմք էր հանդիսացել Օրբելյանի այն պնդումը, որ գործերը քննվում են դատարանում՝ բացառապես մեղադրանքի շրջանակներում։ Իսկ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը, ըստ Օրբելյանի, չկա նոր Օրենսգրքում, ուստի դատարանում չի կարող քննվել գործ մի հոդվածի վերաբերյալ, որն ուժը կորցրել է։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը, անդրադառնալով պաշտպանական կողմի մջնորդությանը, հայտնեց, որ այն հիմնավորված չէ և ենթակա է մերժման։ Ըստ դատախազի՝ նախկին Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է նոր Քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին։ Հետևաբար, Ռուբեն Վարդազարյանին վերագրվող արարքը դրա կատարման պահին և ներկայում գործող Քրեական օրենսգրքերով համարվել են և համարվում են հանցավոր, այն չի ապաքրեականացվել։

Դատախազը համեմատության համար ներկայացրեց հին և նոր Քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածները։

2003թ․ ընդունված Քրեական օրենսգրքի համաձայն՝ 332-րդ հոդվածի 3-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։ Այսինքն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Այս արարքի սանկցիան նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատկի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 4 տարի ժամկետով, որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով։

2021թ․ ընդունված Քրեական օրենսգրքի համաձայն՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու համար, այսինքն՝ Արդարադատության կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը կամ գործի քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-3 տարի ժամկետով:

Դատախազի խոսքով՝ դատական պրակտիկայում առկա չէ նույնիսկ մեկ դեպք՝ 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգիրքն ուժը կորցրած լինելու հիմքով քրեակական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ 

Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով՝ դատախազն իրավասու չէ հոդվածների համապատասխանեցում իրականացնելու, դատախազն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները և դրա դեմ առարկում է։ «Դատախազը չունի որևէ իրավական գործիք՝ գնահատելու մեղադրանքում չարձանագրված Քրեական օրենսգրքի հոդվածի կիրառելիության հարցը»,- ասաց նա։

Քանի որ անցումային դրույթներ ևս առկա չեն հոդվածների համապատասխանեցման մասին, Օրբելյանի պնդմամբ՝ նախկին Քրեական օրենսգրքի նշված հոդվածը կարող է համարվել ուժը կորցրած։ Սակայն դատախազի խոսքով՝ դատական պրակտիկան ցույց է տալիս, որ նախկին և նոր Քրեական օրենսգրքերի հոդվածների համապատասխանեցման նման ընթացակարգ շատ դատական գործերով է տեղի ունենում։

Օրբելյանը հայտնեց, որ իրեն հայտնի չեն նման դատական գործեր, բացի այդ՝ եթե նման դեպք տեղի ունեցել է, իրեն հայտնի չեն պաշտպանների դիրքորոշումները՝ արդյոք վերաքննիչ բողոք բերել են, թե՝ ոչ։

Օրբելյանը նշեց, որ դատախազի առարկությունն ընդանրապես չի վերաբերում իր  ներկայացրած միջնորդությանը, և առարկությունն ընդամենը դատախազի նյութաիրավական վերլուծությունն է։ «Իսկ իմ միջնորդությունը նյութաիրավական վերլուծություն չի պարունակել, ես չեմ համադրել 332-րդ հոդվածը որևէ սպեցիֆիկ նյութական իրավունք պարունակող նորմի հետ, ես չեմ ասել՝ դրանք տարբերվում են, թե՝ չէ։ Միջնորդությունը բացառապես դատավարական է»,- ասաց նա։

Արամ Օրբելյանի համոզմամբ՝ իր պնդումը շատ պարզ է, որին անդրադարձ չի կատարել դատախազը։ «Կա մեղադրանք, մեղադրանքով նախատեսված հոդվածն ուժը կորցրել է,- ասաց Օրբելյանը և կրկին հարցրեց,-կարո՞ղ է, արդյոք, դատարանում քննվել գործ մի հոդվածի վերաբերյալ, որն ուժը կորցրել է»։ Օրբելյանը հայտնեց, որ եթե դատարանը համարի, որ գործը պետք է շարունակվի, ևս մեկ միջնորդություն կներկայացնի՝ ցույց տալու համար, որ նախկին Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասը և գործող Օրենսգրքի 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում՝ նույն մեղադրանքի լույսի ներքո։

Դատարանը խորհրդակցական սենյակ հեռացավ եւ մեկ ժամ անց հայտնեց, որ մերժում է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Գործով հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 15-ին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ երկու տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:

Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու մեջ: 

Վարդազարյանի վերաբերյալ գործում առկա է նաև ձայնագրություն. վերջինս, ըստ մեղադրանքի, «Signal» հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով նրանից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։ 

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա համոզմամբ՝ մեղադրանքի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter