HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

ՍԱՏՄ անարդյունավետ ստուգումները. ժամկետանց ապրանքները շարունակվում են վաճառվել

«Հետքն» այսօր՝ մայիսի 7-ին, այցելել է հայ-բելառուսական խանութների ցանցի Գրիգոր Լուսավորիչ 12/10 մասնաճյուղ և կրկին գտել ժամկետանց և ժամկետները փոփոխված ապրանքներ։

«Հետքը» ապրիլի 23-ին գրել էր, որ հայ֊բելառուսական «Առ-բե ռետէիլ» ընկերության խանութների ցանցում վաճառվում է ժամկետանց մթերք, այս մասին ահազանգել էր խանութի նախկին աշխատակիցը։ Մենք այցելել էինք խանութ-սրահի երկու մասնաճյուղ և գնումներ կատարել։ Գնումների նույն օրը՝ ապրիլի 19-ին, այս մասին տեղյակ էինք պահել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որը խոստացել էր ստուգումներ իրականացնել։

Գրավոր հարցմամբ դիմել ենք ՍԱՏՄ իրականացված ստուգուների արդյունքների մասին տեղեկանալու համար։ Տեսչական մարմինը հայտնել է, որ մեր այցելած երկու մասնաճյուղերում՝ Գրիգոր Լուսավորիչ 12/10, Ազատության 24/3 ստուգումներ է իրականացրել ու ժամկետանց 5 անուն ապրանք է հայտնաբերել։ Հայտաբերված ապրանքները հանվել են իրացումից և ոչնչացվել։ Այս մասին ՍԱՏՄ-ն նաև հաղորդագրություն էր տարածել։

Մինչդեռ մեր գնումների օրը խանութ-սրահում բազմաթիվ ժամկետանց ապրանքներ էին վաճառվում։ 

Կարելի է ենթադրել, որ նախքան ՍԱՏՄ տեսուչների ժամանելը խանութների աշխատակիցները տնօրենի ցուցումով ժամկետանց ապրանքները հավաքել են։

Պարզ չէր, թե ՍԱՏՄ-ն երբ է կատարել ստուգումներ, քանի որ խանութներում դեռ շարունակում է վաճառվել ժամկետանց ապրանքներ։ ՍԱՏՄ-ի՝ «Հետքին» ուղարկված պատասխանից նաև պարզ չէ, թե բացի իրացումից հանվելուց և ոչնչացվելուց որևէ այլ միջոցառում ձեռնարկվել է, թե՝ ոչ։ 

Երևի դա է պատճառը, որ խանութների ցանցը շարունակում է վաճառել ժամկետանց ապրանքներ։

«Հետքի» հրապարակումից հետո մեր ընթերցողները մեկնաբանություններ էին թողել, որ Երևանի այլ սուպերմարկետներում նույնպես ժամկետանց ապրանքներ են վաճառվում։

ՍԱՏՄ գործունեության, իրականացված ստուգումների և վերահսկողության վերաբերյալ ցանկացել էինք հարցազրույց անել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ։ 

ՍԱՏՄ ղեկավարը մերժել էր «Հետքի» հարցազրույցի առաջարկն ու նշել, որ այս փուլում նպատակահարմար չի գտնում հարցազրույց տալ։ 

Ստորև տեղադրում ենք այսօր Գրիգոր Լուսավորիչ 12/10 մասնաճյուղում գտած ժամկետանց և ժամկետները փոփոխված ապրանքներից մի քանիսի նկարները։

Այստեղ պահպանման ժամկետը 100 օրվանից դարձրել են 180 օր, իսկ պատրաստման և փաթեթավորման ամիսները հունվարից դարձրել են ապրիլ

Այս նկարում մեղրի պահպանման ժամկետում մեկ կետ ավելացնելով՝ 2023-ը դարձրել են 2028

Իսկ այդ նկարում ժամկետներն առհասարակ անընթեռնելի են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter