HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ֆլայուան Արմենիայի» բիզնես դասի նոր օդանավը գրանցվել է ոչ թե Հայաստանում, այլ Ռումինիայում

«Ֆլայուան Արմենիա» ավիաընկերության «Gulfstream G450» բիզնես դասի ինքնաթիռը մայիսի 5-ին ժամանել է Երեւան: Այն, որ օդանավը Հայաստանում է, փոխադրողը հայտարարել է այսօր:

Հիշեցնենք, որ այս օդանավի ձեռքբերման մասին «Ֆլայուան Արմենիան» հաղորդել էր 2023 թ. նոյեմբերին ու տարածել տեսանյութ (հետագայում սրա հասանելիությունը սահմանափակվել է), որտեղ երեւում էր, որ ընկերությունն ինքնաթիռը գնել է կանադական «Calypso Trading Limited»-ից:

«Սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար եւ կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին»,- անցած աշնանը նշել էր «Ֆլայուան Արմենիան»՝ հավելելով, որ նման օդանավերի թռիչքային հեռավորությունն ավելի քան 8000 կմ է: Ըստ ավիաընկերության հաղորդագրության՝ այս «G450»-ը տեղավորում է մինչեւ 16 ուղեւոր եւ նախատեսված է ճանապարհորդության լայն աշխարհագրության համար՝ Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, անդրատլանտյան ուղղություններ։

Ընկերության տարածած հաղորդագրությանը կից նկարներում երեւում էր, որ խոսքն այդ ժամանակ ավստրիական OE-IZK գրանցում ունեցող ինքնաթիռի մասին է: Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը թողարկվել է 2009 թ. ամերիկյան «Gulfstream Aerospace Corporation»-ի կողմից եւ նախապես գրանցված է եղել ԱՄՆ-ում որպես N820GA: 2010 թ. դեկտեմբերին ինքնաթիռը գրանցվել է ավստրիական «MJet» ավիաընկերության շարժակազմում որպես OE-IZK:

Համացանցում տեղեկություններ կային, որ OE-IZK-ի իրական տերը ռուսաստանցի գործարար, միլիարդատեր Զախար Սմուշկինն է (ըստ այդմ՝ ավստրիական ընկերությունը միայն շահագործողն էր): Սմուշկինը հայտնի է փայտամշակման եւ շինարարական բիզնեսով: Նախկինում փայտամշակման ոլորտում նրա բիզնես գործընկերներից է եղել Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Forbes» ամսագիրը ներկա պահին Զ. Սմուշկինի կարողությունը գնահատում է 2,1 մլրդ դոլար:

«MJet»-ի կողմից շահագործված այս «G450»-ի թռիչքների պատմությունը տեսանելի չէր չվերթերին առցանց հետեւող կայքերում: Վերջիններիս փոխանցմամբ՝ հանրային դիտման համար հասանելիությունը սահմանափակվել է սեփականատիրոջ/օպերատորի խնդրանքով: Չի բացառվում, որ դա արվել է հենց Սմուշկինի ցանկությամբ:

Ամեն դեպքում, օդանավը նախկինում պարբերաբար ֆիքսել էին Սանկտ Պետերբուրգից թռիչքներ կատարելիս կամ դեպի այնտեղ մեկնելիս: Այդ թռիչքները համարակալվել են որպես MJF 007 (MJF-ը «MJet» ավիաընկերության կոդն է, 007-ը՝ թռիչքի համարը): Նկատենք, որ Զախար Սմուշկինը պետերբուրգցի է (ինչպես եւ Դմիտրի Մեդվեդեւը):

MJF 007 համարով վերջին թռիչքը, ըստ flightaware.com-ի, տեղի էր ունեցել 2022 թ. փետրվարի 23-ի երեկոյան, երբ ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգից մեկնել էր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկի: Հիշեցնենք, որ դրա հաջորդ օրը Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, իսկ կարճ ժամանակ անց արեւմտյան երկրները պատժամիջոցներ կիրառեցին ՌԴ տնտեսության, այդ թվում՝ ավիացիայի նկատմամբ: Արգելվեցին ՌԴ ավիաընկերությունների օդանավերի, ինչպես նաեւ Ռուսաստանում չգրանցված, բայց ՌԴ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող, նրանց կողմից վարձակալված կամ այլ կերպ տիրապետվող օդանավերի թռիչքը, վայրէջքը եւ տարանցիկ թռիչքները ԵՄ երկնքում:

Էդուարդ Սուքիասյանը՝ կենտրոնում, Հելսինկիի օդանավակայան, 2023 թ.

«Ֆլայուան Արմենիայի» տարածած լուսանկարների ուսումնասիրությամբ պարզել էինք, որ դրանք արվել են Հելսինկիի օդանավակայանում՝ «Jetflite» ընկերության հանգարում (տես վերեւում): Եվ ահա «Զվարթնոց» օդանավակայանում արված նոր լուսանկարներում երեւում է, որ ինքնաթիռը փոխել է գրանցումը: Այժմ այն ոչ թե ավստրիական, այլ ռումինական բորտ է, գրանցումը՝ YR-SIL: YR-ն Ռումինիայի ազգային նիշն է, իսկ SIL-ը Սուքիասյան ընտանիքին պատկանող «ՍԻԼ Կապիտալ» ընկերության անունից է:

«Զվարթնոցում»

Հիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի 46 %-ը պատկանում է մոլդովական «Fly One» ավիաընկերությանը, իսկ մնացած 54 %-ը ՀՀ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ձեռքում է: Այդ 54-ից 20 %-ի տերը գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը, 9 %-ը պատկանում է հայկական «ՍԻԼ Կապիտալ» ՍՊԸ-ին, որի տնօրենների խորհրդի նախագահը հենց Է. Սուքիասյանն է, 20 %-ը պատկանում է երեւանցի Հակոբ Ալեքսանյանին, 5 % էլ՝ Լարիսա Սահակովային, որը «Ֆլայուան Արմենիայի» նախկին գլխավոր տնօրեն Արթուր Պողոսբեկյանի մայրն է:

Այսպիսով՝ հայկական «Ֆլայուան Արմենիան» մոլդովական «Fly One»-ի ցանցի մի մաս է, սակայն մոլդովական կողմը հիմնադիր է նաեւ ռումինական «FlyOne Romania»-ում: Հենց այս ընկերության ավիապարկում էլ գրանցվել է Սուքիասյանների ու նրանց գործընկերների բիզնես դասի օդանավը:

Հելսինկիում, 02.05.2024

ԵՄ անդամ Ռումինիայում ինքնաթիռ գրանցելը ներկա պահին լավ է նրանով, որ Հայաստանը դեռեւս գտնվում է ԵՄ «սեւ ցուցակում», եւ հայկական գրանցում ունեցող բորտերի մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է: Բացի դրանից՝ մեր արեւմտյան հարեւան Թուրքիան պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում ՀՀ գրանցում ունեցող այն օդանավերի համար, որոնք իր երկինքը տարանցում են Եվրոպա, Մերձավոր Արեւելք կամ այլ ուղղությամբ մեկնելիս (մանրամասները տես այստեղ եւ այստեղ):

Ու չնայած ինքնաթիռը գրանցված է Ռումինիայի օդանավերի ռեգիստրում, ամենայն հավանականությամբ, դրա փաստացի բազավորման վայրը լինելու է «Զվարթնոցը»:

Ինչպես ասվեց ամենավերեւում, YR-SIL-ը Երեւան է եկել մայիսի 5-ին, չնայած այդ մասին հայտարարվել է մայիսի 7-ին: Հատկանշական է, որ օդանավի թռիչքները կրկին հասանելի են այնպիսի կայքերում, ինչպիսիք են, օրինակ, flightradar24.com-ը կամ flightaware.com-ը:

Ըստ այդ աղբյուրների՝ մայիսի 5-ին «Gulfstream G450»-ը Հելսինկիից թռել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ, ապա նույն օրն ուղղություն վերցրել դեպի Երեւան (տես վերեւում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter