HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Քաղաքաշինության կոմիտեի սխալ հաշվարկները. անհայտ է, թե երբ կավարտվի Դովեղի դպրոցի շինարարությունը

Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքը դեռ կիսակառույց է։ Հունիսի կեսերին այն պետք է պատրաստ լինի շահագործման։ Շինարարության ընթացքում հողի գրունտային հատվածներում բարդություններ են առաջացել։ Շինհրապարակին կից ճանապարհ կա, հենապատ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել։ Դովեղի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքով՝ մեկ շաբաթից ավել է՝ ոչ ոք չի աշխատում: 

«Եթե հաջորդ սեպտեմբերին պատրաստ լինի, շատ ուրախ կլինեմ»․ Դովեղի միջնակարգ դպրոցի տնօրեն

Բնակիչներըպարբերաբար բողոքել են, որ շինարարությունը դանդաղ է առաջ գնում։ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթև Խաչիկյանն ասաց, որ քանի օր է՝ դպրոցի շենքի վրա աշխատանքներ չեն կատարվում, միայն ճանապարհի հատվածում է տեխնիկա աշխատում։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքները դադարեցվել են, իսկ ընդհանրապես պարբերաբար ընդհատվում են: «Դպրոցի մոտ ճանապարհի մի մասը երկու անգամ փլուզվել է, դա հենց գյուղ մտնող ճանապարհն է՝ նոր կառուցվող դպրոցի վերևի հատվածում։ Այդ հատվածը շարունակում է ավելի փլուզվել, ես այսօր անցնում էի ու տեսա, որ ասֆալտի մի մասը ճաքել էր, վաղը կամ մյուս օրը դա էլ է փլուզվելու»,- ասաց Տաթև Խաչիկյանը։

Նա նշեց նաև, որ պետական մարմինները տեղյակ են խնդրից, պարբերաբար այցելում են շինհրապարակ, հետևում են շինաշխատանքներին։ «Այնպես չէ, որ չեն հետևում։ Տեսնում եմ, որ գալիս-գնում են, զանգում են, բայց դա չի օգնում։ Այն էլ այս օրերին, որ եղանակները տաք են, պետք է աշխատանքները ավելի արագ առաջ գնային։ Հիմա, ըստ նախատեսվածի, արդեն տանիքը, կողքի պատերը պիտի ամբողջությամբ պատրաստ լինեին: Չեմ կարծում, որ  այս սեպտեմբերին պատրաստ կլինի: Եթե հաջորդ սեպտեմբերին լինի, շատ ուրախ կլինեմ»,- ասաց Տաթև Խաչիկյանը։

Պայմանագրով նախատեսված գինը 64%-ով կամ 475 մլն դրամով ավելացել է

Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները իրականացնելու համար Քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է երեք ընկերություն։ Հաղթել է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն, որը առաջարկել էր 743 մլն 233 հազար դրամ։ Մյուս երկու ընկերություններն են՝ «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ՝ 899 մլն 649 հազար դրամ, «Տ-քնսթրաքշն» ՍՊԸ՝ 1 մլրդ 114 մլն 137 հազար դրամ։

«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև Դովեղ գյուղում դպրոց կառոցելու նպատակով 2020-ի նոյեմբերի 26-ին պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գինը 743 մլն 233 հազար դրամ է։ 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով կամ պայմանագրով սահմանված գումարի 64%-ի չափով` կազմելով 1 մլրդ 218 մլն դրամ: Այսպիսով՝ «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի գինը ավելին է, քան մրցույթին մասնակցած մյուս երկու ընկերության գնառաջարկը։ Դովեղ գյուղում դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 27-ին և որպես շինարարության ավարտ պայմանագրում նշվում է՝ «պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են շինարարական աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերը ուժի մեջ մտնելուց հետո և աշխատանքների ողջ ծավալով կատարման ժամկետ է սահմանվում 450 օրացուցային օր»։ Բացի պայմանագրով սահմանված գումարի չափից՝ մեկ այլ համաձայնագրով, որը կնքվել է 2023թ․-ի դեկեմբերի 7-ին, 90 օրացուցային օրով երկարացվել է շինարարության ժամկետը։ Մինչ այս համաձայնագրի կնքումը, ըստ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտվեր 2024-ի մարտի կեսերին, իսկ համաձայնագրի կնքումից հետո նախատեսվում է, որ շինարարությունը պետք է ավարտվի 2024-ի հունիսի կեսերին։

«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության պատմությունը

Ընկերությունը հիմնադրվել է 2004թ․-ին, այն պատկանում է Արմեն Գեղամյանին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն տասից ավելի անգամ տուգանվել է։ Տուգանքների չափը մի քանի տասնյակ հազար դրամից հասնում է մինչև մի քանի միլիոն դրամի։ 2020-ի հունվարին Պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան՝ «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու համար։ Գործի ընթացքում սահմանափակումներ են կիրառվել ընկերության նկատմամբ։ Դատարանը նույն տարվա հուլիսին վճռել է, որ պետական տուրքերի հարցը լուծված է, վերացվել են ընկերության գույքի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները։ ՊԵԿ-ի դիմումը՝ «Կանժիլստրոյ»-ին  սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։ Այսպիսով՝ ընկերությունը սնանկության գործով անցնելիս կատարել է պետության նկատմամբ դրամական պարտավորությունները և սնանկ չի ճանաչվել։

Ընկերությունը պետգնումներում մի քանի գործարքի կողմ է։ Բացի այս դպրոցից նաև Վայոց ձորի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներն է կատարում։

Ի՞նչու նախատեսվածից թանկ արժեցավ դպրոց կառուցելը

«Հետք»-ը 2024թ․-ի փետրվարի 27-ին հարցում է ուղարկելլ Քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով պատասխանել, թե որն է պայմանագրով սահմանված գնի և ժամկետների փոփոխությունը, և որ փուլում է գտնվում շինարարությունը։ Մարտի 4-ին ստացված պատասխան նամակում նշվում է՝ նախապես դպրոց կառուցելու համար դիտարկվել է գործող դպրոցի տարածքը, բայց դասապրոցեսը չընդհատելու նպատակով որոշվել է նոր տարածքի վրա կառուցել դպրոցը:

«Հաշվի առնելով գյուղի ռելիեֆի առանձնահատկությունները և շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած գրունտային նոր պայմանները, ինչպես նաև շինհրապարակի տեղամասին կից ճանապարհի առկայությունը՝ առաջացել է դպրոցի կառուցման աշխատանքներին զուգահեռ զգալի ծավալի հողային նոր աշխատանքների իրականացման և հենապատի կառուցման անհրաժեշտություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի պատասխան նամակում։

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ նշված հանգամանքներով է պայմանավորված գնային և ժամանակացուցային փոփոխությունը։ Նամակում նշվում է, որ ներկա պահին (04.03.2024) ընթանում են դպրոցի և հենապատի կառուցման աշխատանքները։ Մենք նոր հարցում ենք արել Քաղաքաշինության կոմիտեին, քանի որ այս պատասխանից նոր հարցեր են առաջանում, մասնավորապես՝ ինչպես է ստացվել, որ մինչ շինաշխատանքների մեկնարկը, ուսումնասիրության արդյունքում չի պարզվել՝ տարածքի գրունտային պատկերը և անհրարժեշտ աշխատանքների ծավալը։ Ինչո՞ւ դպրոց կառուցելու համար հայտարարված մրցույթում ի սկզբանե չի ընդգրկվել հենապատի կառուցումը, քանի որ ճանապարհը կար մինչև դպրոցի շինարարության մեկնարկը: 

Այս հարցերի վերաբերյալ հարցումը ուղարկել ենք 2024թ․-ի մարտի 11-ին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխան նամակով լրացուցիչ 30 օր խնդրեցին՝ հարցմանը պատասխանելու համար։ Գրեթե երկրորդ ամիսն է լրանում, բայց մենք այդպես էլ չստացանք մեր հարցերի պատասխանը։ Քաղաքաշինության կոմիտեին խնդրել ենք նաև տեղեկացնել՝ մինչ շինաշխատանքների մեկնարկը, ո՞ր կազմակերպությունն է  իրականացրել համայնքի տրամադրած տարածքի ուսումնասիրությունը՝ պարզելու համայնքի հատկացված տարածքը հարմար է դպրոց կառուցելու համար։ 

«Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Գեղամյանը մեր հարցերին ի պատասխան ասաց, որ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, և ոչ մի խնդիր էլ չկա։

Գլխավոր լուսանկարն արվել է ապրիլի 10-ին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter