HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կոնսերվատորիա. երազանքից մինչև հասցե

Մոտ կես դար անհարմար և խիստ համեստ շենքերում տեղակայվելուց հետո 1969թ․-ին Ստալինի (ներկայիս Մաշտոցի) պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բացվեց Երևանի պետական կոնսերվատորիայի նոր շենքը։ Հանդիսավոր բացում չեղավ, չհնչեցին բարձրագոչ ելույթներ, տեղի ունեցավ գործնական բացում միայն առաջին մասնաշենքի համար։ Այդ տարի լրանում էր Կոմիտասի 100-ամյակը, ուստի նպատակ կար Կոնսերվատորիայի նոր շենքի բացումը անել հենց նույն տարում, թեկուզ՝ ոչ ամբողջությամբ պատրաստ։ 

Երաժիշտների համար Երևանում կոնսերվատորիայի առանձին շենք ունենալը մեծ իրադարձություն էր։ Մոտ երեք տասնամյակ տևած բազմաթիվ քննարկումներից, Մոսկվայի հետ բանակցություններից ու շենքի համար ֆինանսավորում գտնելուց հետո Կոնսերվատորիան վերջապես պատրաստ էր։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից մի քանի քայլ հեռավորությամբ վեր խոյացավ ազգային էլեմենտներին միախառնված խորհրդային մոդեռնիզմի թամանյանական այդ կառույցը։ Կոնսերվատորիան, որ տարիներ առաջ ձևավորվել էր կամավոր ազատված երեք նեղլիկ սենյակներում, վերջապես ուներ սեփական ընդարձակ շենքը։

Ովքեր և ինչպես հիմնադրեցին Կոնսերվատորիան

Սրանից մոտ հարյուր տարի առաջ՝ 1921թ․-ին, երբ Հայաստանը նոր էր խորհրդայնացվել, երբ տնտեսությունը դեռ կարգին չէր էլ վերականգնվել, որոշվեց Երևանում երաժշտական ուսումնական հաստատություն բացել։ Այս գործը Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը հանձնարարեց լուսավորության ժողկոմ Աշոտ Հովհաննիսյանին։ Այդ ժամանակ Երևանում պրոֆեսիոնալ երաժիշտներ գրեթե չկային, հիմնականում ժողովրդական գործիքների փոքրիկ նվագախմբեր էին, որոնք ապահովում էին թաղման, հարսանեկան և նմանատիպ այլ արարողությունների երաժշտական մասը։ Միևնույն ժամանակ, այդ շրջանում կային բազմաթիվ տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնք կրթություն էին ստացել Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Փարիզի, Մոսկվայի կոնսերվատորիաներում։ Նրանց մեծ մասը Հայաստանում չէր ապրում, անհրաժեշտ էր նրանց հրավիրել այստեղ՝ իրագործելու երաժշտական ուսումնարանի նախաձեռնությունը։

Ներկայիս Արամի և Տերյան փողոցների հատման վայրում գտնվող այս շենքում՝ Ֆադեյ Թադևոսյանի տանը հիմնադրվեց Երաժշտական ստուդիան։ Բնակելի տան կամավոր ազատված երեք սենյակ հատկացվեց ստուդիային։ 

1921թ․-ի մայիսին Աշոտ Հովհաննիսյանը Թիֆլիսից Երևան հրավիրեց երաժշտական-հասարակական գործիչ Ռոմանոս Մելիքյանին ու հանձնարարեց ստեղծել երաժշտական ստուդիա։ Նրա հետ եկավ նաև կինը՝ դաշնակահար, երգչուհի Արուս Բաբալյանը։

Չկար գրեթե ոչինչ, ինչ հարկավոր էր երաժշտական ստուդիայի համար՝ ո՛չ կարգին շենք, ո՛չ մանկավարժական կադրեր, ո՛չ գործիքներ, ապագա ուսանողներն էլ դեռ վստահ չէին՝ արդյոք ուզո՞ւմ են երաժիշտ դառնալ, թե՞ ոչ։ Այսպիսի պայմաններում 1921թ․-ի դեկտեմբերի 22-ին համերգով ազդարարվեց երաժշտական ստուդիայի պաշտոնական բացումը։ Երկու տարի անց ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի 1923 թ․-ի հունիսի 13-ի որոշմամբ այն դարձավ Երևանի կոնսերվատորիա։

«Ստուդիայի ընդունելության համար 1000 դիմում ստացվեց, բոլորին անհատաբար քննեց Ռոմանոս Մելիքյանը և նրանցից ընտրեց շուրջ 80-ին, քանի որ ավելին չէին կարող տեղավորել փոքր շենքում։ Մարդկանց ձգտումը դեպի երաժշտություն ցույց տվեց, որ Երևան քաղաքը արդեն վաղուց երազում էր տարբեր գործիքներ ունեցող կոնսերվատորիայի մասին։ Մելիքյանը հիանալի ղեկավար էր, նա միանգամից մի քանի գործառույթ էր կատարում՝ դիրեկտոր էր, ղեկավարում էր երգչախումբը և դասավանդում երաժշտագիտական առարկաներ»,- պատմում է երաժշտագետ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը։

Այդ տարիներին ստուդիայի գրադարանն աղքատիկ էր․ չկային նոտաներ, գրականություն, միայն այն, ինչ Մելիքյանն ու կինը Թիֆլիսից իրենց հետ բերել էին։ Հետագայում, երբ Ռոմանոս Մելիքյանը մասնագետների էր հրավիրում ստուդիայում դասավանդելու, նամակի վերջում գրում էր՝ բեր քեզ հետ նոտաներ՝ շատ-շատ։

Սրանից բացի, կար ևս մեկ լուրջ մտահոգություն․ դասերը կազմակերպելու համար ստուդիայում չկային բավականաչափ գործիքներ։ Ռոմանոս Մելիքյանը մի միտք հղացավ։

«Երևանը շոգ քաղաք էր, պատուհանների մոտով անցնելիս կարող էիր հեշտությամբ գուշակել, թե ով դաշնամուր ունի։ Ռոմանոս Մելիքյանը կարողացավ դաշնամուր բռնագրավելու թույլտվություն ստանալ Կառավարությունից, մտնում էր ունևոր երևանցիների տներ, ցույց էր տալիս այդ թույլտվությունը ու կանչում ներքևում սպասող տղաներին՝ այն տանելու։ Այդ խեղճ մարդիկ էլ չէին կարող ոչինչ անել, քանի որ Կառավարության որոշում կար, ու այդ պատճառով Մելիքյանը շատ թշնամիներ ձեռք բերեց»,- պատմում է Արմեն Բուդաղյանը։

Ստուդիայի առաջին տարիներին մանկավարժներ գտնելը հեշտ գործ չէր, ուստի ներգրավում էին նաև այնպիսի մարդկանց, որոնց համար երաժշտությունը հիմնական մասնագիտություն չէր։ Օրինակ՝ Երևանում չկար ջութակի դասատու, բայց կար դատավոր, որը ցերեկները մարդկանց էր դատում, իսկ երեկոյան՝ ջութակի դասեր տալիս, նրա անունը Լևոն Միրզա-Ավագյան էր։ Ստուդիայի առաջին կոնցերտմայստեր Ալեքսանդր Հակոբյանն էլ մասնագիտությամբ ֆիզիկոս էր։

Տարիների ընթացքում ավելացան գործիքները և առարկաները, եթե սկզբում կային դաշնամուր, ջութակ և երգեցողություն, հետագայում ջութակին ավելացան ալտը, թավջութակը և կոնտրաբասը, ու կոնսերվատորիան ունեցավ լարային գործիքների լիակատար հավաքածու։ Դրանից հետո Ռոմանոս Մելիքյանի ջանքերով բերվեցին փողային գործիքներ, որից հետո էլ՝ ժողովրդական գործիքներ։ Աստիճանաբար Կոնսերվատորիայում բացվեց 25 ամբիոն։ 

«1924թ․-ին Մոսկվայից Հայաստան է գալիս Ալեքսանդր Սպենդիարյանը, որը ցանկանում է նվագախումբ ձևավորել և իր ստեղծագործություններից կազմված համերգ տալ։ Նրան պատասխանում են, որ դեռ շուտ է, ուսանողները դեռ հասունացած չեն, բայց նա, ի վերջո, կարողանում է ստեղծել նվագախումբը՝ ներգրավելով ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին։ Դրանից ոգևորված՝ որոշվեց ստեղծել ընդլայնված կազմով նվագախումբը։ Այսպես Կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը դարձավ Հայաստանի առաջին ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Այդ ժամանակվանից Կոնսերվատորիայի ուսանողական հաշվետու համերգները երևանցիների համար դարձել էին ֆիլհարմոնիկ-սիմֆոնիկ համերգներ, պատահում էր, որ մի քանի անգամ կրկնում էին։ Հետագայում այդ նվագախմբի հիման վրա ստեղծվեց ներկայիս Ֆիլհարմոնիկ նվագախումբը»,-պատմում է Բուդաղյանը։

Այդ շրջանում Կոնսերվատորիայում գործում էր ուսուցման եռաստիճան համակարգ․ առաջինը տարրական-նախապատրաստականն էր, հետո՝ չորսամյա միջնակարգ տեխնիկումը և վերջում՝ երկամյա բարձրագույն ուսուցումը։ Այս համակարգը վերցված էր Մոսկվայի կոնսերվատորիայից։ Առհասարակ, Մոսկվայի ազդեցությունը մեծ էր Կոնսերվատորիայում դասավանդվող ծրագրի, առարկաների և մեթոդների վրա, այնտեղից հաճախ դասախոսներ էին գործուղվում Երևան։ Հետագայում, սակայն, այս համակարգը չարդարացրեց իրեն, և 1939թ.-ին Կոնսերվատորիայից առանձնացավ դպրոցը, որը ներկայիս Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցն է։ Դրանից շատ չանցած՝ առանձնացավ տեխնիկումը, որը ներկայում Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն է։ 

Կոնսերվատորիայի համար նոր շենք չի կառուցվի․ պատերազմ է

Շենքը, որտեղ Կոնսերվատորիան սկսեց իր գործունեությունը, ի սկզբանե երկհարկ էր, հետագայում կառուցվեց նաև երրորդ հարկը, բայց մեկ է՝ այն փոքր էր և անհարմար։ Անհրաժեշտություն կար ավելի ընդարձակ և ֆունկցիոնալ տարածք ունենալ, որը կբավարարեր ժամանակակից ուսումնական հաստատության պահանջներին։

1939 թվականն էր։ Մոսկվայում տեղի ունեցավ Հայ արվեստի տասնօրյակը։ Այդ ժամանակ ընդունված էր՝ սովետական բոլոր հանրապետությունները հերթով իրենց արվեստը ցուցադրում էին Մոսկվայում։ Բավականին հաջող ելույթ ունեցան Երևանի կոնսերվատորիայի կոլեկտիվները և անհատ երաժիշտներ, որոնք կրկին Կոնսերվատորիայի սաներն էին։ Դրանք այնքան տպավորիչ էին, որ Մոսկվան որոշեց պարգևատրել Հայաստանին։ Եվ եղավ հրաման՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Մոլոտովի ստորագրությամբ։ 

  1. Հաստատել 1940 թ. Երևան քաղաքում Հայաստանի արվեստի աշխատողների համար 2 միլիոն ռուբլի արժողությամբ բնակելի տան կառուցումը։
  2. Հաստատել 1940-41թթ. Երևանի Հայկական պետական կոնսերվատորիայի շենքի կառուցումը՝  4 միլիոն ռուբլի արժողությամբ։
  3. ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարիատին առընթեր արվեստի գործերի կոմիտեի կապիտալ աշխատանքների պլանում ներառել Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնին կից համերգասրահի ավարտը:

Տասնօրյակից շատ չանցած՝ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ու Կոնսերվատորիայի շենքի կառուցումը մնաց թղթի վրա․ առաջնահերթություններն այլ էին։ 

1936-37 թվականներին Կոնսերվատորիան ղեկավարելուց հետո՝ 1940 թվականին կրկին ռեկտոր է նշանակվում Կոնստանտին Սարաջևը, որը պաշտոնավարում է մինչև մահը՝ 1954թ.։ Սարաջևի խնդրանքով պետությունը գնացքի մի վագոն է տրամադրում, որով նա Ռուսաստանից Երևան է տեղափոխում նոտաների իր հավաքածուն։ Այսօր Հայաստանի խոշորագույն երաժշտական գրադարանը, որ գտնվում է կոնսերվատորիայում, կրում է Սարաջևի անունը։ 

Չնայած այդ ժամանակվա համատարած դժվարություններին, Կոնսերվատորիան շարունակում էր առաջ գնալ։ 1946-ին բարձրագույն երաժշտական հաստատությանը շնորհվում է Կոմիտաս վարդապետի անունը, որի երազանքն էր ազգային երաժշտանոց ունենալը։

Պատերազմից հետո կրկին առաջ է գալիս նոր շենքի հարցը։ 1949թ․-ին  Կոնսերվատորիան տեղափոխվում է համեմատաբար հարմարավետ շենք, որը գտնվում էր Մատենադարանից մի փոքր ներքև՝ Կորյունի 16 հասցեում, այդ շենքում այսօր գործում է Պոլիտեխնիկական համալսարանի 6-րդ մասնաշենքը։ 

Բակում կառուցվում է ոչ մեծ, բայց հարմարավետ դահլիճ, հարմարեցվում են սենյակները, բաց պատշգամբը ապակեպատ է դառնում։ Բայց շուտով այս շենքը նույնպես չի հերիքում, Կոնսերվատորիային հնարավորինս շուտ հարկավոր էր նոր շենք։ Այս առիթով Կոնսերվատորիայի այն ժամանակվա գիտաուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, պրոֆեսոր Գևորգ Բուդաղյանը՝ այս հոդվածում հաճախ մեջբերվող Արմեն Բուդաղյանի հայրը, նամակով դիմում է Հայաստանի Կենտկոմի քարտուղար Սուրեն Թովմասյանին՝ խնդրելով օրակարգում պահել Կոնսերվատորիայի հարցը։

«․․․Կոնսերվատորիայի ներկայում զբաղեցրած տարածքը /Կիրովի փող. թիվ 16/ ոչ մի կերպ չի բավարարում երաժշտական համալսարանի առջև դրված աճող պահանջները՝ ո՛չ լսարանային դասերի բնականոն բաշխման, ո՛չ առավել ևս հատուկ դասարանների առկայության տեսանկյունից: 

Չնայած ձայնամեկուսացման ուղղությամբ ձեռնարկված մի շարք միջոցառումներին՝ հարկերի միջև և հարևան դասարաններում լսելիությունը բացասաբար է ազդում առանձին դասարանների աշխատանքային պայմանների վրա:

Դասասենյակների գերծանրաբեռնվածության պատճառով Կոնսերվատորիան հնարավորություն չունի պատշաճ չափով ուսումնադաստիարակչական աշխատանքներ ծավալել բուհում։ Ուսումնական գործընթացը շարունակվում է առավոտյան 8:30-ից մինչև երեկոյան 11-12․․․»,- գրում է Գևորգ Բուդաղյանը 1953թ․-ին։ 

Ինչպես կառուցվեց Կոնսերվատորիայի նոր շենքը․ ինչո՞ւ հենց այդ տեղում

Կոնսերվատորիայի հիմնադրումից մոտ 40 տարի անց՝ 1961թ․-ին, Երևանի քաղաքային խորհրդի գործկոմը որոշում է Կոնսերվատորիային հատկացված 1․4 հա մակերեսով տարածքում սկսել նոր շենքի կառուցումը։

Կոնսերվատորիայի շենքը դեռ մինչև պատերազմը նախագծել էր Գևորգ Թամանյանը՝ Ալեքսանդր Թամանյանի ավագ որդին։ Ճարտարապետության տեսաբան Կարեն Բալյանի խոսքով՝ կառուցման տարիներին ճարտարապետության լեզուն աստիճանաբար սկսել էր փոխվել։

«Գևորգ Թամանյանը դասական ճարտարապետության վարպետ էր։ Նա, շարունակելով իր հոր ճարտարապետական կոնցեպտը, միացնում էր դասական ճարտարապետական սկզբունքները ազգային ձևերին։ Կոնսերվատորիայի շենքի վրա կարելի է նկատել այդ անցումային հատվածներից մեկը, որը արտահայտվում է կենտրոնական մասի շատ մեծ վիտրաժի մեջ, այնտեղ չկան դասական ձևեր։ Մի առանձնահատկություն կա, որը Գևորգ Թամանյանը բերում է իր փորձից՝ վիտրաժի մետաղական ձևերը։ Սա ուղղակիորեն մեզ տանում է հետ՝ դեպի 20-30-ական թվականների ֆրանսիական, ամերիկյան ճարտարապետական ոճ՝ արտ-դեկո, այսինքն՝ դեկորատիվ նշանակություն ունեցող ոճ։ Այս կառույցը, փաստորեն, կրում է մի քանի ոճական էլեմենտների միասնություն և որոշ չափով, կարելի է ասել, որ սրանք փոքր-ինչ հակասական են մեկը մյուսի համար, բայց, այնուամենայնիվ, իր քաղաքաշինական լուծումով սա շատ կարևոր կառույց է»,- պատմում է Կարեն Բալյանը։

Կոնսերվատորիայի շինարարությունը սկսվում է 1964թ․-ին։ Այդ հատվածում արդեն իսկ կար Սայաթ-Նովա երաժշտական դպրոցը, և կառուցվում էր Պարարվեստի ուսումնարանը։

Կարեն Բալյանը պատմում է հոր՝ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի հուշերից, որը 50-ական թվականներին Պարարվեստի ուսումնարանի տնօրենն էր. «Ուսումնարանը տեղակայված էր խոնավ նկուղներում, որտեղ վտանգավոր էր նույնիսկ գտնվելը։ Ներկայիս կոնսերվատորիայի հետևի հատվածում ուսումնարանի համար նոր շենք էր կառուցվում, ու երբ այն գրեթե ավարտուն էր, բարձրաստիճան ոմն մեկը մտածում է, որ Հայաստանի համար ուսումնարանը պարտադիր չէ, կարելի է Ղազախստանի օրինակով աշակերտներին ուղարկել Լենինգրադում սովորելու, ուսումնարանը փակել և այդ շենքը տալ Կոնսերվատորիային, իսկ արդեն Կոնսերվատորիայի կենտրոնական հատվածը օգտագործել այլ՝ այդ մարդկանց կարծիքով ավելի նպատակահարմար ձևով։ Վլադիլեն Բալյանը դիմում է երգչուհի Տաթևիկ Սազանդարյանին, որը ԽՍՀՄ դեպուտատ էր, նա հարցը հասցնում է Միկոյանին և այդ կերպ խնդիրը լուծվում է»։

Այդ տարիներին կոնսերվատորիայի ռեկտորը կոմպոզիտոր Ղազարոս Սարյանն էր՝ Մարտիրոս Սարյանի որդին։ Ռուզան Սարյանը պատմում է, որ հայրն իր կյանքի 26 տարիները՝ 1960-1986 թթ., ամբողջապես նվիրել էր Կոնսերվատորիային։ Նրա ղեկավարման տարիներին է կառուցվել Կոնսերվատորիայի այժմյան շենքը։

«Այն ժամանակ, երբ Ղազարոս Սարյանին առաջարկվեց դառնալ ռեկտոր, ամենաշատը Մարտիրոս Սարյանն էր դեմ։ Դեռ այդ նամակները տպագրված չեն, որտեղ նա հորդորում է որդուն հրաժարվել այդ առաջարկից՝ ասելով, որ Կոնսերվատորիան ցանկացած չինովնիկ կարող է ղեկավարել, բայց այն երաժշտությունը, որ դու ես գրելու, քո փոխարեն ոչ ոք չի գրի։ Ղազարոս Սարյանը, կարելի է ասել, նույնիսկ իր հայրիկի այդ հորդորին դեմ գնաց՝ երևի հասկանալով, որ անելիք շատ ունի այդ ասպարեզում՝ Կոնսերվատորիան բարձրացնելու այն մակարդակի, որի մասին նա երազում էր»,- պատմում է արվեստաբան Ռուզան Սարյանը։

Կոնսերվատորիայի համար ընտրված այս տարածքը հատկապես կարևոր էր իր տեղադիրքով։ Բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, որոնք դասավանդում և սովորում էին Կոնսերվատորիայում, զուգահեռաբար աշխատում էին (այսօր էլ է այդպես) նաև Օպերային թատրոնում, երաժշտական դպրոցում, ուստի ժամանակային առումով շենքերի այս դասավորվածությունը բավականին շահեկան էր։

«Երևանի ֆունկցիոնալ բաժանումը իրականացված էր վերին աստիճանի մտածված։ Քաղաքի հյուսիսարևելյան հատվածը հատկացված էր ուսանողական թաղամասին, որը փայլուն ձևով իրականացավ։ Կոնսերվատորիան դրա մասն էր, նրա քաղաքաշինական դիրքը չափազանց կարևոր է։ Այն հաղորդակցվում է մշակութային մյուս օջախների հետ՝ Օպերայի, համերգային դահլիճի, Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի։ Քաղաքի ամբողջ պատկերը ստեղծվում է միջավայրից, նաև՝ մարդկանցից։ Շատ կարևոր է, որ քաղաքի մեջ լինեն մշակույթ կրող մարդիկ։ Վիեննայի կոնսերվատորիան քաղաքի կենտրոնում է։ Կարծում եմ՝ Վիեննայի կենտրոնում ամեն մի հաստատություն չի կարող լինել, բայց հասկանալի է, որ ավստրիական երաժշտության համար դա շատ մեծ նշանակություն ունի»,-ասում է Կարեն Բալյանը։

Գևորգ Թամանյանի նախագծով Կոնսերվատորիայի բակային մասում նախատեսվում էր կառուցել 600 տեղանոց դահլիճ, սակայն այն ինչ-ինչ պատճառներով չի կառուցվում։ Դահլիճը երևում է նաև Կոնսերվատորիայի հատակագծում, որը «Հետքին» տրամադրել է Գևորգ Թամանյանի թոռը՝ Հայկ Թամանյանը։

Արմեն Բուդաղյանի խոսքով՝ այս պահին մեկ այլ շենք իր հարմարություններով, տարածքով և կառուցվածքային առանձնահատկություններով դժվար կլինի համապատասխանեցնել Կոնսերվատորիայի պահանջմունքներին։

«Եթե այլ բուհերում 100 ուսանողին կարող է իր դասախոսությամբ սպասարկել մեկ դասախոս, ապա Կոնսերվատորիայում 100 ուսանողին պետք է 100 դասատու, 100 դասասենյակ, 100 ռոյալ և այդքան էլ նվագակցող, որովհետև բացի դաշնամուրից՝ մնացած բոլոր գործիքները հանդես են գալիս դաշնամուրի նվագակցությամբ»,-ասում է Բուդաղյանը։

Կոնսերվատորիայի կառուցումից հետո դրա դիմաց ծառեր են տնկվում, և այն դառնում է այգի։ Սա հատուկ է արվում, որպեսզի Կոնսերվատորիայից եկող ձայները և դրսի աղմուկը միմյանց չխանգարեն։ 

«Դա ուղղակի շենք չի։ Դա մեր երաժշտարվեստի, երաժշտագետների, կոմպոզիտորների, կատարողների տունն է եղել, եղել է դարբնոց, եղել են մարդիկ, որոնք համախմբվել են շատ բարձր գաղափարների շուրջ։ Սպենդիարյանը, Մարտիրոս Սարյանը, Ռոմանոս Մելիքյանը, ո՞ր մեկին ասես, դա մի ամբողջ սերունդ էր, որ, թողնելով իրենց շատ հարմարավետ կյանքը, եկան Երևան, որը շատ հեռու էր մայրաքաղաք լինելուց, և պետք էր այդ ամենը ստեղծել զրոյից։ Նրանք անմնացորդ նվիրվեցին և արեցին այն, ինչ մենք ժառանգեցինք։ Հիմա արդյոք մենք ունե՞նք բարոյական իրավունք այդ ժառանգությունը չպահպանել, փոշիացնել, մոռանալ մեր պատմությունը և տարվել ինչ-որ ժամանակակից հովերով, սպասել, որ Եվրոպայից եկած մասնագետները մեզ պիտի սովորեցնեն՝ ինչը ճիշտ է, ինչը սխալ է, և ինչպես պիտի ընթանա մեր մշակույթի զարգացումը»,-ասում է Ռուզան Սարյանը։

Կոնսերվատորիան Երևանից հեռու՝ Ակադեմիական քաղաքի կազմում 

Հայաստանում այս պահին պետական 16, արտասահմանյան 4 բուհ և օտարերկրյա 3 բուհի մասնաճյուղ է գործում։ Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսվում է խոշորացնել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ թողնելով մինչև 8 պետական բուհ։ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան միայն խոշորացված բուհերը։ Ծրագիրը հաստատվել է Կառավարության 2023թ․ մարտի 16-ի որոշմամբ։ Սրա արդյունքում Երևանի 17-րդ թաղամասին հարող մոտ 680 հա տարածքում կառուցվելու է Ակադեմիական քաղաք, որտեղ ստեղծվելու է բուհական 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: Այսինքն՝ արվեստի բուհերը միավորվելու են։ 

Նախորդ ամիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի. «Շահարկման կամ քննարկման իմաստով ամենակարևոր թեմաներից մեկը՝ մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ, ի վերջո, Երևան քաղաքում երկարաժամկետում պետք է ոչ մի բուհ չլինի, և Ակադեմիական քաղաքից դուրս պետք է ոչ մի բուհ չլինի: Հանրապետության բոլոր բուհերը՝ հայաստանյան, թե օտարերկրյա, մասնավոր, թե պետական պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»։

Կառավարության նախաձեռնության դեմ Կոնսերվատորիայում բողոքի ակցիաներ էին,  ստորագրահավաք էր սկսվել, որին բուհի դասախոսներից, ուսանողներից բացի նաև այլ բուհերի դասախոսներ, քաղաքացիներ էին միացել։

Երաժշտական համալսարանի տեղափոխության հարցին այս տարվա մարտին անդրադարձել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները:

«ԵՊԿ ողջ անձնակազմը իր անհամաձայնությունն է հայտնել մարտի 12-ին կայացած կոնսերվատորիական ընդհանուր ժողովի ժամանակ՝ հարյուրամյա բուհը ֆակուլտետ դարձնելու, իր միջավայրից կտրելու և Ակադեմիական քաղաքում ուսումնառությունը կազմակերպելու ծրագրին։

Երբ բուհի առջև ծառացած մի շարք խնդիրներ հրատապ լուծումներ են պահանջում, ֆիզիկապես բուհի այլ տարածք տեղափոխությունն ու այլ բուհի հետ միավորումն ուղղակի շռայլություն կարելի է համարել»,- գրել է ռեկտորը։

Կոլաժը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter