HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայաստանում մշակութային սպառումը տարեցտարի նվազում է 

2018թ․-ից սկսած՝ Հայաստանում մշակութային և ստեղծարար ոլորտների սպառման նվազում է արձանագրվել, և այն ուղեկցվել է այդ բնագավառին հատկացվող պետական ֆինանսավորման կրճատմամբ։ Այսպիսի հետևություն են արել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կատապուլտ» ծրագրի հետազոտողները, որոնք ուսումնասիրում են Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների (ՄՍՈ) սպառումը։

Մշակույթի բնագավառում սպառումը ներառում է գործունեության լայն բազմազանություն, ներառյալ՝ մշակութային միջոցառումների հաճախելը, մշակութային հաստատություններ այցելելը, գրքերի ընթերցանությունը, երաժշտություն ունկնդրելը, ֆիլմեր դիտելը և մշակութային դրսևորման այլ ձևերին մասնակցելը։

Մշակույթի բնագավառում սպառումը չափելու համար կարող են կիրառվել տարբեր ցուցիչներ, ինչպիսիք են՝ մշակութային միջոցառումների մասնակիցների թիվը, մշակութային ապրանքների գնումների թիվը, մշակութային գործունեության համար ծախսված ժամանակը և առցանց գործունեությունը։ Ծրագրի հետազոտողները հետևել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդին՝ մշակույթի բնագավառում սպառումն ուսումնասիրել են տնային տնտեսության մակարդակով՝ հաշվարկելով մշակույթի բնագավառում տնային տնտեսության ծախսերի մասնաբաժինն ընդհանուր ծախսերում։

Հետազոտողները հիմք են ընդունել Վիճակագրական կոմիտեի հաշվետվությունները՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից մշակութային սպառումը 2015 և 2021 թվականներին։ «Առկա տվյալներից ելնելով՝ 2021թ-ին Հայաստանում մշակութային սպառման՝ մեր կողմից հաշվարկված ցուցիչը կազմել է 0.001%՝ 2015թ 0.0035%-ի համեմատ»,- հայտնում են հետազոտողները։

Միաժամանակ հավանական են համարում, որ մշակութային սպառման այս ակնհայտ անկումը կարող է պայմանավորված լինել տվյալների հավաքագրման հետ կապված խնդիրներով։ Այդուհանդերձ, նրանք երկու տարիների տվյալներն էլ անհանգստացնող են համարում Հայաստանում մշակութային սպառման հետ կապված իրավիճակի առումով։ Համեմատության համար՝ 2017թ-ին Եվրամիության տնային տնտեսություններն իրենց ընդհանուր սպառման 8.5%-ը ծախսել են «ժամանցի և մշակույթի» վրա։

Այդ ամենը հաշվի առնելով, Հայաստանում առաջարկվում են բազմաթիվ անվճար մշակութային միջոցառումներ, մասամբ՝ երկրում նկատվող ցածր տնտեսական աշխուժության, մասամբ էլ՝ հետխորհրդային մշակութային ժառանգության բերումով, երբ մշակույթը ներկայացվում էր որպես մարդու ազատ իրավունք, որն անվճար է։ Եթե Միացյալ Թագավորությունում թանգարանի տոմսը միջինը արժե 23 եվրո, ապա Հայաստանում միջին գինը շուրջ 2 եվրո է։ Ենթադրվում է, որ մշակույթի գծով տնային տնտեսությունների ծախսերը պետք է Հայաստանում ավելի ցածր լինեն՝ Եվրոպայի համեմատ։

«Կարևոր է նաև նշել, որ 2020 և 2021 թվականներին արձանագրված նվազումը ուղեկցվել է այդ բնագավառին հատկացվող պետական ֆինանսավորման նվազմամբ։ Մասնավորապես, մշակույթ, սպորտ և կրոն հատվածին պետական բյուջեից հատկացվող միջոցները կազմել են 2020 և 2021 թվականների ընդհանուր բյուջետային ծախսերի՝ համապատասխանաբար 1.8% և 1.5%-ը՝ 2019թ․-ին արձանագրված 2.1%-ի համեմատ»,- ասվում է ՀԲԸՄ-ի հրապարակած «ՀՀ մշակութային և ստեղծարար էկոհամակարգը» զեկույցում։

Ընդհանուր առմամբ, մշակույթին պետական ֆոնդերի հատկացումները սկսել են նվազել 2018թ-ից ի վեր (անգամ մինչև 2020թ-ի իրադարձությունները), և դրանք բավարար չեն եղել ոչ առևտրային բնույթի արվեստների բնագավառի զարգացման համար։ «Անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել մշակույթին՝ խթանելու համար բնագավառի վերականգնումը։ Ավելին, դրանք պետք է հատկացվեն հենց մշակույթին, այլ ոչ պետբյուջեի «մշակույթի, սպորտի և կրոնի» ծախսային մասին, ինչպես այժմ է արվում»,- առաջարկել են հետազոտողները։

Զեկույցում նշվում է, որ Երևանի քաղաքապետը վերջերս կրճատել է երաժշտական փառատոններին հատկացվող բյուջեն։ Համեմատության համար՝ Շվեյցարական Մոնտրյո քաղաքում անցկացվող Ջազի փառատոնի բյուջեն 30 միլիոն եվրո է, Վիեննայինը՝ 20 միլիոն եվրո, Թբիլիսիինը՝ 2 միլիոն եվրո, իսկ Երևանինը՝ 0 դրամ։

Կինոոլորտի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ոլորտում չկա մարքեթինգի համար նախատեսված բյուջե, օրինակ՝ Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման համար։ Եթե հնարավոր լիներ համապատասխան հիմնադրամներ կամ նվիրատվությունների հարթակներ ստեղծել, կինոարտադրության ճյուղը կզարգանար»։

Թվում է, թե մշակութային ոլորտին հատկացվող պետական ֆինանսավորումն աճել է, այնուամենայնիվ, որոշ բնագավառներում դեռևս զգալի բացթողումներ կան։ Ենթակառուցվածքներն արդիականացնելու, ՄՍՈ-ներում աշխատող անձանց արդար վարձատրությամբ ապահովելու, և՛ երկրի ներսում, և՛ արտերկրում մշակութային և գովազդային միջոցառումների կազմակերպման համար համապատասխան ֆինանսավորման կարիք կա։ Տնային տնտեսություններին բաժին ընկնող մշակութային սպառումը թերի է հաշվառվում, և ենթադրվում է, որ այն եվրոպական երկրներից զգալիորեն ցածր մակարդակ ունի։

ՀԲԸՄ-ի հետազոտությունն առաջին անգամն է վեր հանում ՄՍՈ-ների տնտեսական աճին խոչընդոտող խնդիրները, որոնք շատ են՝ բարենպաստ օրենսդրության, արդյունավետ մշակութային քաղաքականության և կառավարման համակարգի բացակայություն, ստեղծարար և մշակութային ոլորտներում բարձրագույն կրթության հնարավորությունների և շուկայական պահանջարկի միջև առկա խզում, էլեկտրոնային առևտրի, միջազգային առաքման, արտահանման և ՄՍՈ արտադրանքի ու ծառայությունների գովազդի հետ կապված հարցերը և այլն։

«Երկրի ազգային ռազմավարությունը մշակույթն ընկալում է որպես բացառապես պետական պատասխանատվություն՝ դրանում որևէ դերակատարությունից զրկելով մասնավոր ոլորտին, հասարակական ու քաղաքացիական կազմակերպություններին։ Չկան հարկային արտոնություններ և աջակցման ծրագրեր՝ ուղղված ՄՍՈ-ներում ներդրումների խթանմանն ու բիզնեսի զարգացմանը,- ասվում է «ՀՀ մշակութային և ստեղծարար էկոհամակարգը» զեկույցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter