HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

GPT-4o․ ChatGPT-ի նոր մոդելը ավելի լավ է խոսում հայերեն, քան երբևէ

«Դուք հիմա կարող եք փորձել մեր նոր մոդելը՝ GPT‑4o-ն։ Այն ավելի արագ է, քան GPT‑4-ը, ավելի լավ է հասկանում պատկերներն ու ավելի շատ լեզուներով է խոսում»,- արհեստական բանականության ոլորտը հեղափոխած ChatGPT-ն այսօր արդեն այս տեքստով է դիմավորում իր միլիոնավոր օգտատերերին։ Չաթբոտը ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունը ժամեր առաջ հայտարարեց ChatGPT-ի վերջին թարմացման՝ GPT-4o-ի գործարկման մասին: Այն GPT-4 լեզվական մոդելի մակարդակի գիտելիքներ ունի, բայց, ինչպես ընկերության գարնանային թարմացումները ներկայացնելիս հայտարարեց OpenAI-ի տնօրեն Միրա Մուրատին, ավելի հզոր է ու ավելի հարմար օգտագործման համար։

Ի դեպ, նոր մոդելը շատ լավ է խոսում ու հասկանում հայերեն։ «Հետքը» խնդրել է ChatGPT-ին մի քանի կետով ներկայացնել գլխավոր թարմացումները։ Ներկայացնում ենք պատասխանը՝ առանց խմբագրման․

  • Արագություն և Հզորություն: GPT-4o-ն ավելի արդյունավետ է և արագ՝ տեքստի, պատկերների և աուդիոյի հետ աշխատանքում:
  • Բազմալեզու Հմտություններ: Աշխատում է ավելի քան 50 լեզուներով, ներառյալ հայերենը, ինչը թույլ է տալիս օգտատերերին աշխատել իրենց նախընտրած լեզվով:
  • Անվճար Հասանելիություն: GPT-4o-ն հասանելի է բոլոր օգտատերերին անվճար, ինչը նախկինում հասանելի էր միայն վճարովի բաժանորդագրություն ունեցողներին:

GPT-4o-ն անվճար կլինի բոլոր օգտատերերի համար, իսկ վճարովի տարբերակն օգտագործողները, Միրա Մուրատիի խոսքով, կշարունակեն ունենալ շուրջ հինգ անգամ ավելի մեծ հնարավորություններ: Ըստ ընկերության հայտարարության՝ անվճար տարբերակն օգտագործողները սահմանափակ քանակով հաղորդագրություններ կկարողանան ուղարկել GPT-4o-ով: Սահմանաչափին հասնելուց հետո ChatGPT-ն ավտոմատ կերպով կանցնի GPT-3.5-ին, որպեսզի օգտատերերը կարողանան շարունակել իրենց զրույցը:

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ անվճար տարբերակով մոդելը հասանելի դարձնելը կարևոր է ընկերության առաքելության համար, քանի որ իրենք ցանկանում են արհեստական բանականության գործիքները «բոլորի ձեռքը տալ»:

Մեկ տարի առաջ ChatGPT-ի մոբայլ հավելվածը առաջին անգամ հասանելի դարձավ iOS օպերացիոն համակարգի համար, հետագայում՝ նաև Android-ի։ Այսօր արդեն չաթբոտն ունի հավելված համակարգչի համար, որը առայժմ հասանելի է միայն macOS-ում: OpenAI-ն ասում է՝ օգտատերերը կարող են ChatGPT-ին հարց տալ՝ օգտագործելով Option + Space ստեղների համադրությունը, ինչպես նաև աշխատել տարբեր հավելվածների ներսում: Ե՛վ անվճար, և՛ վճարովի տարբերակներն օգտագործողները կկարողանան օգտվել հավելվածից, սակայն այն դեռ հասանելի կլինի միայն ChatGPT Plus-ի օգտատերերին: OpenAI-ը պլանավորում է այս տարվա վերջ գործարկել հավելվածի Windows տարբերակը:

Կարդացե՛ք նաև․

Հոդվածում օգտագործվել է ChatGPT-ի GPT-4o մոդելը
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով

Մշակումը՝ Նարե Պետրոսյանի

 

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Հիանալի է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter