HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տոկաևը ողջունել է Ալմաթիում բանակցություններ անցկացնելու` Հայաստանի և Ադրբեջանի որոշումը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման համար Ալմաթիում բանակցություններ անցկացնելու` Բաքվի և Երևանի համաձայնությունը: Այդ մասին ասվում է Ղազախստանի ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

«Ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը՝ ղազախական կողմի առաջարկով երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարների բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Խորհրդանշական է, որ այս կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում, որտեղ 1991թվականի դեկտեմբերին ստորագրվեց Ալմաթիի պատմական հռչակագիրը, որն ամրագրեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները»,- նշել է Տոկաևը։

Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը:

Ապրիլի 30-ին Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը: Ավելի վաղ նա նշել էր, որ Ղազախստանի իշխանությունները տվյալ հանդիպումը կազմակերպելիս մտադիր չեն որպես միջնորդ հանդես գալ այդ բանակցություններում, որոնք տեղի կունենան բացառապես երկու կողմերի միջև: Ղազախ դիվանագետը հանդիպման ժամկետների մասին, սակայն, ոչինչ չէր նշել։

Ղազախստանի նախագահը վերջերս Ադրբեջան և Հայաստան կատարած իր այցերի ընթացքում կարևորել էր այդ երկրների միջև տևական խաղաղության հաստատումը: Տոկաևը նաև հայտարարել էր Ղազախստանի պատրաստակամության մասին՝ առաջարկելով Երևանի և Բաքվի միջև բանակցությունների համար հարթակ տրամադրել։

Լուսանկարը՝ Igor Kovalenko/EPA-EFE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter