HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում ԵՄ դեսպանն անդրադարձել է Հայաստանին ԵՄ աջակցության վրա Հունգարիայի վետոյին

Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան Ադրբեջանի պատճառով արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո օգնության տրամադրումը: Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, դիվանագետը հայտնել է, որ ԵՄ-ն տարբեր ոլորտներում ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ռադիոկայանը գրում էր, որ Բուդապեշտը պահանջում է Ադրբեջանին ևս ներառել ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։

Միխալկոն հիշեցրել է, որ Եվրոպական հանձնաժողովը ֆինանսական օգնություն է հատկացնում Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընկերներին: «Տարածաշրջանի երկրների համար ներկայացվել է բիզնես և ներդրումային պլան։ Մենք ունենք համագործակցության առաջնահերթություններ՝ կապված «կանաչ էներգետիկային» անցնելու, գործարարների գործունեության համակարգման և աջակցության հետ։ Մենք համագործակցում ենք ոչ միայն Ադրբեջանի, այլև մյուս երկրների հետ։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և բարգավաճում տեսնել Հարավային Կովկասում»,- ընդգծել է նա՝ ուղիղ չխոսելով հունգարական արգելափակման մասին։

Դեսպանն ընդգծել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը կրել է զուտ տնտեսական բնույթ։ «Դա ուղղված է կայունացմանը, և Ադրբեջանը տեղեկացված է եղել այդ մասին: Գոյություն ունի ԵՄ շրջանակներում կայացվող ցանկացած որոշումների ընդունման որոշակի մեխանիզմ և կարգ»,- հավելել է Միխալկոն։ 

Եվրոպացի պաշտոնյան խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի մասին։ Ըստ նրա՝ ուրախալի է, որ խաղաղության գործընթացը շարունակվում է։

«Մենք ողջունում ենք սահմանազատման վերջին քայլը և պայմանավորվածությունը։ Ինչ-որ պահի գործընթացին միացավ նաև ԵՄ-ն, գործընթացին ակտիվորեն մասնակցում էր ԵՄ խորհրդի նախագահը, և կողմերը սկսեցին կառուցվածքային աշխատել։ Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին»,- հավելել է եվրոպացի դիվանագետը։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter