HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է Civic.am-ի լրագրող Դավիթ Լեւոնյանի գործունեությանը խոչընդոտելու մեղադրանքով

Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Ստորեւ ՔԿ հաղորդագրությունը։

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնականԱրթուր Սուքոյանը, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ: Ի պատասխան՝ Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Արթուր Սուքոյանը հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով  լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։

Այնուհետև Արթուր Սուքոյանը, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լևոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝Արթուր Սուքոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, և տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։

Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter