HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի ռազմական ներկրումներից նյարդայնացող Ադրբեջանը շարունակում է բեռնատար թռիչքներն իր մատակարար Իսրայելից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա ենթակաները պարբերաբար դժգոհում են երրորդ երկրների կողմից դեպի Հայաստան իրականացվող ռազմական մատակարարումներից: Վերջերս, օրինակ, Ալիեւը հայտարարեց, թե Բաքուն չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչեւ Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Հունաստանը զինեն Հայաստանին: Նրա խոսքով՝ այս պետությունները «դա անում են բացահայտ եւ ցուցադրաբար ու նույնիսկ փորձում են Բաքվին այդ կերպ ինչ-որ բան ապացուցել»:

Բաքվի ռեժիմի ներկայացուցիչների այս հայտարարություններին Հայաստանն ու նրա ռազմական մատակարարները արձագանքում են հետեւյալ տրամաբանական մտքով՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանվելու համար բանակ ունենալ եւ զինվել:

Հիստերիա բարձրացնելու արհեստական առիթները բաց չթողնող Ադրբեջանն, իհարկե, չի խոսում իր ռազմական ներկրումների մասին: Վարչապետ Փաշինյանն, օրինակ, վերջերս բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է. «…Եթե մենք տեսնենք Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների հարաբերակցությունը, այդտեղ էական դիսբալանս կա… Բայց մեզ ի՞նչն է անհանգստացնում, որ նույնիսկ այս դիսբալանսի պայմաններում Ադրբեջանը շատ ագրեսիվ է արձագանքում Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին եւ սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, չնայած, մենք բոլորս հասկանում ենք, որ այդ ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն: Նաեւ ես մի քանի անգամ ասել եմ, որ որեւէ երկիր չի կարող վիճարկել որեւէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը: Կարծում եմ՝ մենք պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարեւոր է նաեւ խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար: Եվ նաեւ այս է պատճառը, որ երբ Ադրբեջանը բարձրացնում է այդ հարցերը, մասնավորապես՝ մեր կողմից սպառազինությունների ձեռքբերման, որն Ադրբեջանի կողմից ձեռքբերվող սպառազինության 15-20 տոկոսից ավելի չէ՝ եւ՛ ֆինանսական, եւ՛ ծավալի առումով, եւ հիմնականում կրում է պաշտպանական բնույթ ու ունի պաշտպանական նշանակություն, բայց մենք նաեւ այդ հայտարարություններն անարձագանք չենք թողնում»:

«Հետքը» նախկինում պարբերաբար անդրադարձել է Ադրբեջանի ռազմական գործարքներին եւ ներկրումներին:

Սրանցում առանձին տեղ է գրավում Ադրբեջան-Իսրայել բազմակողմանի համագործակցությունը: Վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը:

Իսրայելական «Haaretz» օրաթերթը 2023-ի մարտին հրապարակել էր մի հետաքննություն ըստ որի՝ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Ադրբեջանական ինքնաթիռների վայրէջքներն այստեղ ուշագրավ են նրանով, որ «Օվդան», «Haaretz»-ի փոխանցմամբ, Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում:

«Օվդա»-Բաքու չվերթը (ZP 4612), 04.04.2024

«Օվդան» ռազմավարական նշանակություն ունի զարգացած ռազմարդյունաբերություն ունեցող Իսրայելի եւ այս ոլորտում նրա գործընկեր երկրների համար: «Haaretz»-ը նշել էր, որ պայթուցիկների տեղափոխումը Իսրայելի գլխավոր՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Իսկ ահա «Օվդան» երկրի հարավային անապատային հատվածում է՝ Էյլաթ քաղաքից մոտ 45 կմ հյուսիս: 1980 թ. կառուցված «Օվդան» նախկինում ոչ միայն ռազմական ավիացիային էր ծառայում, այլեւ ընդունում էր քաղաքացիական չվերթեր՝ սպասարկելով Էյլաթ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Սակայն 2019 թվականից այն միայն ռազմական աերոդրոմ է՝ ավիաբազա:

«Օվդա» միջազգային օդանավակայանը՝ թռիչքի բարձրությունից. 05.09.2011 թ.

«Haaretz»-ի հետազոտությունը ցույց էր տվել, որ ադրբեջանական բեռնատարների թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այսինքն՝ կարելի է ասել, որ դեպի «Օվդա» թռիչքներն ու այնտեղից կատարվող ներկրումները եղել են Բաքվի ռեժիմի հակահայ ագրեսիվության ակտիվացման ցուցիչ: 

«Հետքն» իր հերթին ուսումնասիրել էր «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ 2023 թ. ապրիլ-հունիս ամիսներին տեղի էր ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:

Արցախի բռնի հայաթափումից առաջ էլ՝ 2023-ի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը, ադրբեջանական բեռնատար օդանավերը եւս 4 անգամ մեկնել էին «Օվդա»:

Սեպտեմբերի 2-ից մինչեւ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ պատերազմի սանձազերծումն ու հետագա հայաթափումը ադրբեջանցիները շարունակել են առաքումները պայթուցիկ սպառազինության հաբ հանդիսացող «Օվդայից»:

Եթե ներառենք վերոնշյալ 4 չվերթերը եւս, որոնց մասին գրել էինք 2023 թ. սեպտեմբերի 3-ին, ապա կստացվի հետեւյալ պատկերը (փակագծերում նշված են չվերթերի համարները, ZP-ն ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերության կոդն է, որն էլ կատարել է թռիչքները):

15.08.2023 – Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.08.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Բաքու (ZP 4632)
01.09.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4641), «Օվդա»-Գյանջա (ZP 4642)
02.09.2023 - Գյանջա-«Օվդա» (ZP 4651), «Օվդա»-Գյանջա (ZP 4652), Գյանջա-Բաքու (ZP 4652)
05.09.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
13.09.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
14.09.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4621), «Օվդա»-Բաքու (ZP 4622)
17.09.2023- Գյանջա-«Օվդա» (ZP 4642), «Օվդա»-Բաքու (ZP 4643)

Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Արցախի դեմ հարձակում պլանավորած Ադրբեջանի բեռնատար ինքնաթիռները ագրեսիայից առաջ՝ մեկ ամսում, 8 անգամ թռել են իսրայելական պայթուցիկների առաքման կետ:

Օգոստոս-սեպտեմբերին նույն օդանավերը թռել են նաեւ Թուրքիա, որն Ադրբեջանի գլխավոր ռազմական դաշնակիցն է:

Արցախի ամբողջական օկուպացիայից եւ բռնի հայաթափումից հետո դեպի «Օվդա» թռիչքների հաճախականությունը նվազել է, բայց չվերթերը շարունակվել են: Մինչ օրս կայացել են հետեւյալ թռիչքները:

21.11.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
12.12.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
21.12.2023 - Բաքու-«Օվդա» (ZP 4631), «Օվդա»-Տալլին/Էստոնիա (ZP 4632), 22.12.2023 – Տալլին-Անկարա (ZP 4633), Անկարա-Բաքու (ZP 4634)
26.12.2023- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
03.01.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4621), «Օվդա»-Բաքու (ZP 4622)
18.02.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
29.02.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
04.04.2024- Թել Ավիվ-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)
18.04.2024- Բաքու-«Օվդա» (ZP 4611), «Օվդա»-Բաքու (ZP 4612)

Առաջին լուսանկարում՝ «Silk Way Airlines»-ի «Իլ-76ՏԴ-90» ինքնաթիռը (ադրբեջանական գրանցումը՝ 4K-AZ100)՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի երկնքում, 20.11.2022 թ., Էյալ Զարադ/jetphotos.com  

Մեկնաբանություններ (1)

ED
Turkey and Israel need each other this include the criminal regime in Baku too! US and Israel know that Turkey is shedding only and only crocodile tears for Palestrina and so on! If Turkish president is going to accuse Israel of Genocide, be sure Turkey is only after making “political business/deal “ with Israeli.... Everyday we read in the news how Turkish president Erdogan and other Turkish officials are apparently crying for Gaza and Palestinian people. In the reality Turkey (as well its puppet regim in Azerbaijan) could halt for example transit of oil for Israel or close there area space for just a couple days and cause the biggest harm to Israeli economy. While Turkish president Erdogan is engaged in shedding non-stop crocodile tears for Gaza and making headlines with the term “Genocide” , in n reality both Azerbaijan and Turkey are protecting Israeli economy in different ways.. Iranian government is very smart they know that Turkish officials are only engaged making headlines (even with term Genocide) and are shedding crocodile tears for Palestinian , but in reality Israel knows that Turkish-Azerbaijani alliance is engaged in different kinds of “business with Israel” and this alliance will DO nothing against Israel ,even if Israel would destroy whole Palestinian people: Armenian Government should be aware of dangers coning from Israel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter