HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

«Արհեստական բանականության սերունդ»․ 16 ավագ դպրոցում կրթական նոր ծրագիր կփորձարկվի

Երևանի և 6 մարզերի 16 դպրոցներում սեպտեմբերի 1-ից կփորձարկվի «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական ծրագիրը։ Այս ծրագրի մեկնարկն այսօր՝ օգոստոսի 14-ին, տրվեց Մերգելյան ինստիտուտում։ Միջոցառմանը ներկա էին «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված և ծրագիրը 2023 թվականի սեպտեմբերից փորձարկող դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, պետական տարբեր գերատեսչություններից, ակադեմիական և ինդուստրիալ ոլորտներից։

«ԱԲ սերունդ» նախագիծը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (Fast): Այն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

Ծրագիրը փորձարարական ձևաչափով կներդրվի 10-12-րդ դասարաններ ունեցող 16 ուսումնական հաստատություններում՝ 2023-2024 ուստարում հնարավորություն տալով կրթություն ստանալ շուրջ 250 աշակերտի։ Այս ծրագրով սովորող աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, Python ծրագրավորման լեզու, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։ Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ ԱԲ հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։ Այն փորձարկվելու է 3 տարի՝ մինչև 2026 թվական։

Ծրագրի ընդհանուր բյուջեն 2 միլիոն ԱՄՆ դոլար է։ Գումարի հիմնական մասն ուղղվելու է ուսուցիչների հավաքագրմանը, նրանց կարողությունների զարգացմանն ու կրթակարգերի մշակմանը։

FAST հիմնադրամի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանի խոսքով՝ նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրելիս հիմնադրամը նախատեսում էր ծրագիրը սկսել Երևանի և Տավուշի 10 դպրոցներից։ Հետազոտությունների ու ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշվել է ծրագիրը փորձարկող դպրոցներին ընտրել մրցութային կարգով։

«Շատ կարևոր էր այնպիսի գործընկերների ու դպրոցների հետ աշխատել, որոնք իրոք ուզում են այս ծրագիրը փորձարկել և օգնել, որ այն հաջողի»,- նշեց Սյուզաննա Շամախյանը։

Արդյունքում նախնական 10 դպրոցի փոխարեն ընտրվեցին 16-ը, մեկնարկի համար ընտրված Տավուշի մարզում՝ ոչ մի դպրոց։ 

Ծրագիրը սեպտեմբերից փորձարկող դպրոցների տնօրեններին ու ներկայացուցիչներին միջոցառման ավարտին հավաստագրեր հանձնեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ընդգծեց՝ Հայաստանը առաջիններից մեկն է, որտեղ արհեստական բանականությունը որպես ծրագրային դասընթաց ներդրվում է դպրոցներում։ Նախարարի խոսքով՝ կարևոր քայլ է մասնավորի հետ համագործակցության ապահովումը։

«Արհեստական բանականության դասընթացը դպրոցներում դասավանդելու են հենց ոլորտի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նրանք մտնեն դպրոց և կարողանան ապահովել այդ համագործակցությունը»,- նշեց նախարարը։

Անդրեասյանի փոխանցմամբ՝ ուսուցումը կազմակերպելու համար վերապատրաստվում են նաև մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչները, ինչը, նախարարի համոզմամբ, ուսուցիչների կարողությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը արհեստական բանականությունը համեմատեց ցունամիի հետ, որի դեմ պետք է պայքարել «հիմա կամ երբեք»։

«Մենք ունենք երկու պետություն։ Մեկը մեր գլխի մեջ է, որտեղ ամեն ինչ լավ է, մյուսը իրականությունն է, որտեղ տառապում ենք։ Այս երկու Հայաստանը միացնելու համար պիտի մտածենք ապագայի մասին։ Այսօրվա աշխարհում դա հնարավոր է միայն գիտահեն տեխնոլոգիաների միջոցով։ Եթե մենք հիմա դա չգիտակցենք, հետո ուշ կլինի»,- ասաց Օրուջյանը։

FAST-ի հիմնադիր տնօրենի կարծիքով՝ ապագա սերնդի հանդեպ պատասխանատվությունը այսօր անգամ շատ փոքր քայլ անելու շարժառիթ պիտի դառնա, որ նման ծրագրերի արդյունքները ապագայում տեսանելի լինեն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter